Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը տարածքային մակարդակում
Մեթոդական ուղեցույց տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության խմբերի համար
Կարևոր ակնարկներ
1999 թվականի ապրիլի 14-ին «Կրթության մասին» ՀՀ օրենքով սկիզբ դրվեց հատուկ կրթության համակարգի բարեփոխումներին ու ներառական կրթության հիմնադրմանը, որի հիմքում յուրաքանչյուր երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումն է, կրթության կազմակերպումն իր համայնքում՝ առանց ընտանիքից մեկուսացնելու, և կրթության գործընթացին երեխայի ակտիվ մասնակցության խրախուսման սկզբունքների ապահովումը: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների՝ հասարակության մեջ ներառման գործընթացը կախված է այդ երեխաների նկատմամբ հասարակության վերաբերմունքից, նրանց կյանքի և առանձնահատկությունների մասին շրջապատողների տեղեկացվածությունից: Որոշիչ է այն հարցը, թե ինչպես է յուրաքանչյուր աշակերտի համար ապահովվում, որ նա ստանա իր կարողություններին ու կարիքներին համապատասխան որակյալ կրթություն: Իսկ որակյալ կրթության ապահովման համար անհրաժեշտ է ուսումնական գործընթացում երեխային դիտել և գնահատել որեպես անհատ՝ իր ընդունակություններով, կարողություններով, հետաքրքրություններով ու դժվարություններով:
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը երեխայի զարգացման տարբեր փուլերում նրա մասին բազմաբնույթ տեղեկությունների հավաքագրման ու տվյալների համակարգման գործընթաց է, որն իրականացվում է երեխայի բնականոն միջավայրում՝ ապահովելու երեխայի ուսումնական ծրագրերի ճիշտ պլանավորումը, անհրաժեշտ մասնագիտական ծառայությունների և միջավայրային հարմարեցումների տրամադրումը:
Այս ձեռնարկով մենք ձգտում ենք օգնել տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության խմբերին գնահատել և աջակցել երեխաներին, որոնք ունեն ուսումնական ծրագրերի ճիշտ պլանավորման, միջավայրային հարմարեցումների և անհրաժեշտ մասնագիտական ծառայությունների տրամադրման կարիք: