Երեխայի իրավունքների գործիքակազմ
Ինտեգրել երեխայի իրավունքները զարգացման համագործակցության գործընթացում. ԵՄ-ՅՈՒՆԻՍԵՖ

Կարևոր ակնարկներ
Որպես իրենց ռազմավարական համագործակցության մաս, այս «Երեխայի իրավունքների գործիքակազմ. ինտեգրել երեխայի իրավունքները զարգացման համագործակցության մեջ» փաստաթուղթը մշակվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵՄ կողմից ամրապնդելու համար զարգացման գործընկերների, Եվրոպական հանձնաժողովի անձնակազմի և այլ զարգացման դերակատարների կարողությունները՝
ինտեգրելու երեխայի իրավունքների վրա հիմնված մոտեցումը զարգացման ծրագրերի մշակման, բյուջետավորման, քաղաքականությունների մշակման և օրենքների ընդունման գործընթացներում: Գործիքակազմը մեկ քայլ առաջ է անցնում ավանդական երեխայակենտրոն ոլորտներից և ծրագրերից անդին (ինչպիսիք են կրթությունը և մայրական առողջությունը) ցույց տալու համար, թե ինչպես զարգացման համագործակցությունը կարող է արդյունավետորեն նպաստել երեխայի իրավունքների իրացմանը: Ոլորտային բարեփոխումները և զարգացման նախաձեռնությունները այնպիսի ոլորտներում ինչպիսիք են ենթակառուցվածքները, կառավարումը և բյուջետավորումը, մեծ ազդեցություն են թողնում երեխայի բարեկեցության և իրավունքների վրա: Սակայն, այս ոլորտները ձգտում են դիտարկել երեխայի իրավունքները որպես երկրորդական, իսկ հաճախ ընդհանրապես դրանք չեն դիտարկում: Նույնիսկ երեխայակենտրոն ծրագրերում, երեխաների շահերը, տեսանկյունները, խոցելիությունները, կարողությունները և իրավունքները հաճախ անտեսված են: Տրամադրելով գործնական ուղղորդում, թե ինչպես որդեգրել երեխայի իրավունքների վրա հիմնված, երեխայակենտրոն մոտեցում՝ այս գործիքակազմը նպատակ ունի ապահովել, որ երեխաների իրավունքները, ինչպես նաև նախաձեռնությունները` ուղղված բոլոր երեխաների բարեկեցության ապահովմանը, արդյունավետ կերպով ինտեգրված լինեն և կիրառվեն զարգացման աջակցության երկկողմ և բազմակողմ ծրագրերի մեջ:
Այս գործիքակազմը մշակվել է նախ և առաջ զարգացման մասնագետների համար, ովքեր աշխատում են երկկողմ և բազմակողմ դոնոր կազմակերպություններում (ինչպիսիք են Եվրոպական Միության պատվիրակությունները, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և այլ ՄԱԿ գործակալությունները, Համաշխարհային Բանկը, տարածաշրջանային զարգացման բանկերը և այլոք): Նախատեսվում է նաև, որ այն օգտակար կլինի
կառավարության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մասնագետների համար այն երկրներում, որոնք զարգացման մարտահրավերների առաջ են կանգնած, ինչպես նաև այն փորձագետների համար, ովքեր զբաղվում են զարգացման ծրագրերի նախագծմանը և իրականացմանը փորձագիտական աջակցության տրամադրմամբ:
Գործիքակազմի տարբեր մոդուլները նախագծված են մեկը մյուսից անկախ կիրառվելու համար: Սակայն, խորհուրդ է տրվում նախ ծանոթանալ մոդուլներ 1 և 2 հետ, քանի որ դրանք սահմանում են հիմնական հասկացությունները և ծրագրերի մշակման կարևոր չափանիշները՝ հաջորդող մոդուլների գործիքների կիրառման և միջամտությունների իրականացման համար:
Հավելյալ գործառնական նշանակության համար գործիքակազմը ներառում է օգտակար ռեսուրսների և այլ գործիքների հղումներ և ուղիղ վեբ հղումներ: Հարկավոր է նշել, որ գործիքակազմը նպատակ չունի լինել կարգադրողական կամ հրահանգիչ: Ընդհակառակը, այն տրամադրում է առաջարկություններ, որոնք կարող են հարմարեցվել և տեղայնացվել ըստ տարբեր համատեքստերի, տարածաշրջաններիև գերակայությունների:
