Նախադպրոցական կրթություն

Յուրաքանչյուր երեխայի կյանքի ճիշտ մեկնարկն ապահովելու համար կարևորագույն դեր ունեն նախադպրոցական կրթությունը և խնամքը

Շամուտի նախադպրոցական կենտրոն հաճախող երեխաները գորգին նստած նկարում են:
UNICEF Armenia/2018/Malkhasyan

Իրավիճակը Հայաստանում

Վաղ մանկությունը աճի և զարգացման առանցքային փուլ է, քանի որ այդ շրջանի փորձառությունները կարող են ազդել անհատի կյանքի ողջ ընթացքի վրա։ Բոլոր երեխաների համար վաղ մանկությունը հնարավորության մի կարևոր պատուհան է ՝ պատրաստվելու և մասնակացելու ցկյանս ուսումնառությանը, միևնույն ժամանակ կանխարգելելով զարգացման հնարավոր հապաղումներն ու հաշմանդամությունը։ Դա նաև կարևորագույն ժամանակաշրջան է հաշմանդամություն կամ զարգացման հապաղումներ ունեցող երեխաների համար՝ ապահովելու այն միջամտությունների հասանելիությունը, որոնք նպաստում են իրենց ողջ ներուժի իրացմանը։ Առաջնորդվելով հիմնավորումներով ու հետազոտություններով՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն առաջարկում է այնպիսի միջամտություններ, որոնք կարող են օգնել երկրներին ապահովել վաղ տարիքի բոլոր երեխաների մասնակցությունը զարգացման և կրթական ծրագրերին։

2000 թվականից ի վեր՝ նախադպրոցական կրթական  համակարգում ընդգրկվածությունն ավելացել է գրեթե 1/3-ով: Նախատեսվում էր, որ հինգ տարեկան երեխաների համախառն ընդգրկվածության հարաբերակցությունն 2000 թվականի 35%-ի համեմատ ավելանալու է՝  2017 թվականին հասնելով  90%։ Չնայած այս ձեռքբերմանը՝ վերջին տարիներին առաջընթացը դանդաղել է և անհավասարությունները շարունակում են մնալ խնդիր։ Բազմաթիվ շրջաններում փոքր տարիքի երեխաները չեն ստանում խնամք և կրթություն, ինչը նրանց թույլ կտար իրենց ներուժը լիարժեք իրացնել և ստանալ առողջ ու բեղմնավոր կյանքով ապրելու հնարավորություն։ Նախադպրոցական հաստատությունների սակավությունը, գործող կանոնակարգերը և կրթական ռեսուրսների սղությունն ազդում են կրթության հավասարության, արդարության ու որակի վրա։

3-ամյա աղջնակը, որ հաճախում է Շամուտում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հիմնած նախադպրոցական կենտրոնը, գրկել է իր ամենասիրած փափուկ տիկնիկ Արամին:

Հայաստանի գյուղերում ապրող 10 երեխայից 8-ը չի ստանում նախադպրոցական կրթություն:

Ներառական մանկապարտեզ հաճախող հաշմանդամություն ունեցող տղային խնամողն օգնում է ֆիզիկական վարժություններ կատարել:

Հայաստանում գրանցված հաշմանդամություն ունեցող երեխաների 1/3-ից պակասն է հաճախում նախադպրոցական կրթության որևէ հաստատություն:

Հայաստանի 0-6 տարեկան երեխաների 70 տոկոսը մնակապարտեզ չի հաճախում նաև որովհետև բազմաթիվ փոքր ու հեռավոր համայքներում նախադպրոցական հաստատություններ չկան:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատանքը

ՅՈՒՆԻՍԵՖ-ը հաստատում է՝ յուրաքանչյուր երեխայի կյանքի արդար մեկնարկն ապահովելու համար կարևորագույն դեր ունեն նախադպրոցական կրթությունը և խնամքը։ Հետևաբար, մենք կոչ ենք անում վաղ ուսումնառության փորձնական նախագծերից անցում կատարել դեպի նախադպրոցական ներառական կրթության համընդհանուր հասանելիության: Նախադպրոցական ներառական կրթության լավագույն մեկնարկը 3 տարեկանն է՝ հատկապես ամենակարիքավոր երեխաների դեպքում։ Մեր առաջին թիրախը Հայաստանում հինգ տարեկան բոլոր երեխաների համար մեկ տարի տևողությամբ նախադպրոցական կրթության հասանելիությունն է։

Մեր օրակարգը իրականցնում ենք հետևյալ գործողությունների միջոցով.

  • Փոքր գյուղական համայնքների երեխաների համար նախադպրոցական ծառայությունների հասանելիության ընդլայնում՝ ծախսարդյունավետ ծառայությունների ներդրման միջոցով:
  • Համայնքային մակարդակում վերականգնողական ծառայությունների ստեղծում՝ գոյություն ունեցող նախադպրոցական հաստատությունների հիմքի վրա: Աջակցություն նախադպրոցական հաստատությունների ֆիզիկական միջավայրի ձևավորմանը (թեքահարթակների կառուցում, զուգարանների վերակառուցում, վերականգնողական սենյակների ստեղծում և այլն):
  • Նախադպրոցական հաստատություններում մասնագիտացած աշխատակազմի ձևավորում (տնօրեններ, ուսուցիչներ, ծնողներ, առողջապահական ու սոցիալական աշխատողներ, տեղական ինքնակառավարման մարմիններ և այլն):
  • Նախադպրոցական նորաստեղծ ծառայությունների շարունակականության ապահովում (օրենսդրություն, քաղաքականություն, բյուջե) և հաշմանդամություն ունեցող երեխաների ներառում պետական նախադպրոցական հաստատություններում։

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի նպատակն է

Շամուտի նախադպրոցական կենտրոնում հինգամյա աղջնակը պաստառի վրա ցույց է տալիս իր ձեռքի հետքը:

Բարելավել նախադպրոցական կրթական ծառայությունների որակը և մատչելիությունը՝ ուշադրությունը կենտրոնացնելով խոցելի երեխաների ընդգրկվածության ընդլայնմանը:

Ներառական մանկապարտեզում երկու տղա խնամողի աջակցությամբ կատարում են ֆիզիկական վարժություններ:

Ամրապնդել կրթական համակարգի կարողությունը՝ հասնել և ներգրավել վաղ տարիքի բոլոր երեխաներին, ներառյալ հաշմանդամություն ունեցող ու փոքր գյուղական համայնքներում բնակվող երեխաներին:

Շամուտի նախադպրոցական կենտրոն հաճախող երեքամյա տղան խախում է զարգացումը խթանող քարտերով:

Վերլուծել նախադպրոցական որևէ հաստատություն չունեցող համայնքների ֆինանսական կարողությունը և կատարելագործել նորմատիվային կարգավորման համակարգը՝ մասնավոր, համայնքային ու պետական ծառայություն մատուցողների համար:

Շամուտի նախադպրոցական կենտրոն հաճախող երկու աղջիկ նստած են սեղանի շուրջ և խաղում են քարտերով:

Նախաձեռնել շահերի պաշտպանություն բոլոր մակարդակներում բոլոր՝ հատկապես հաշմանդամություն ունեցող երեխաներին նախադպրոցական կրթության մեջ ընդգրկելու համար:

Անավարտ օրակարգ

Համաշխարհային հստակ միտումներն են՝ վաղ մանկական զարգացման և կրթության ոլորտում  երեք տարեկանների համար նախադպրոցական հաստատություններում ներդրումներ կատարելը և ընդհանուր պայմաններ ստեղծելը բոլոր երեխաների, այլ ոչ միայն ամենակարիքավորների համար։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի Հայաստանի գրասենյակը շարունակում է կոչ անել՝ տրամադրել առնվազն մեկ տարվա անվճար ու պարտադիր նախադպրոցական կրթություն, որպեսզի հինգ տարեկան բոլոր երեխաներն ունենան վաղ մանկության շրջանում որակյալ զարգացում, խնամք և կրթություն։ Մենք դա կանենք՝ ներդնելով համակարգային և ներառական քաղաքականություն և օրենսդրություն, մշակելով ու իրականացնելով ներառական, մատչելի և ինտեգրված ծրագրեր, ծառայություններ, ենթակառուցվածքներ նախադպրոցական կրթության համար, որպեսզի բավարարվեն բոլորի՝ հատկապես հաշմանդամություն ունեցող երեխաների ու նրանց ընտանիքների առողջապահական, պաշտպանության, սնուցման ու կրթական կարիքները։

ՅՈՒՆԻՍԵՖ-ը, համագործակցելով գլոբալ, տարածաշրջանային ու պետական գործընկերների հետ, կապահովի վաղ մանկության զարգացման և կրթության օրակարգի համակարգումն ու մշտադիտարկումը՝ ԿԶՆ շրջանակում երկրի մակարդակով տվյալների հավաքագրման, վերլուծության ու հաշվետվությունների ներկայացման միջոցով: