Իրական պատմություններ

Իրական պատմություններ

 

Երեխային հասկանալը

Էմիլ Սահակյան/ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակ

Երևան - Երևանի համայնքներից մեկում գործող թիվ188 մանկապարտեզում անցկացվող վերապատրաստումները մայրերի ու տատիկների համար արդեն սովորական են դարձել։

Փոքր սենյակում շրջանով նստած մայրերն ու տատիկները մրցում են միմյանց հետ, երեխաների դաստիարակության վերաբերյալ հարցեր տալով և իրենց փորձի մասին պատմելով։

<<Չգիտեմ ինչ անել, որ կարողանամ երեխայիս ստիպել մաքրել իր սենյակը>>, - գանգատվում է մի երիտասարդ մայր, որը պարբերաբար հաճախում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի օժանդակությամբ ծնողների համար <<Քայլ առ քայլ>> ՀԿ-ի կողմից իրականացվող վերապատրաստման դասընթացները, - <<իսկ երբ հանդիմանում եմ սենյակը կարգի չբերելու համար, պարզապես ժպտում է և ասում, որ ես դա ավելի լավ եմ անում>>։

Շատ ծնողների համար այս դասընթացները մեծ նշանակություն ունեն, քանի որ օգնում են իրենց փոքրիկներին ավելի լավ հասկանալ, հատկապես այն դեպքերում, երբ շատ ընտանիքներ չեն կարող կամ չեն ցանկանում իրենց երեխաներին նախադպրոցական հաստատություն ուղարկել։

Նույնիսկ խորհրդային ժամանակներում Հայաստանում նախադպրոցական տարիքի երեխաների միայն 47 տոկոսն էր մանկապարտեզ հաճախում։ Սակայն այն բանից հետո, երբ 1996թ. կառավարության որոշումով նախադպրոցական հաստատությունները հանձնվեցին տեղական կառավարման մարմինների ու համայնքների սեփականությանը, այդ թիվն ավելի է նվազել, դառնալով 25 տոկոս։ Բազմաթիվ հաստատություններ պարզապես փակվեցին, քանի որ շատ համայնքներ չունեին դրանք պահելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ, գիտելիքներ և կարողություն։

2002-2003թթ. ՅՈՒՆԻՍԵՖ-ը ՀՀ կրթության ու գիտության նախարարության հետ համատեղ իրականացրեց մի հետազոտություն վաղ մանկության զարգացման վերաբերյալ։ Այն ի հայտ բերեց ծնողների ուսուցման համայնքահեն կառույցների հիմնման ու զարգացման խիստ անհրաժեշտությունը վկայող փաստեր։

<<Մեր դիտարկումները ցույց տվեցին, որ որոշ ծնողների կարծիքով մանկապարտեզները պարզապես երեխաների խնամքն ապահովող ցերեկային հաստատություններ են, հետևաբար չեն ցանկանում, որ իրենց երեխաները մանկապարտեզ հաճախեն, համարելով, որ տանը իրենք ավելի լավ կխնամեն նրանց>>, - ասում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթական ծրագրերի ղեկավար` Ալվարդ Պողոսյանը և ավելացնում, - <<երեխաների վաղ զարգացումն ու ուսուցումը ապահովելու նախադպրոցական հաստատությունների հիմնական գործառնությունը պարզապես անտեսվում է>>։

Հիմնվելով հետազոտության արդյունքների վրա, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՀՀ կրթության ու գիտության նախարարությունը 2003թ.ին Հայաստանի բոլոր մարզերում հիմնեցին 16 համայնքահեն ծնողական ռեսուրս կենտրոններ։

Ծնողական ռեսուրս կենտրոնների մեծ մասը գործում է մանկապարտեզների շենքերում, բացառությամբ մեկի, որը գտնվում է պոլիկլինիկայում։ 2004թ. կրթության ու գիտության նախարարության հետ միասին մշակվեցին ուսուցողական մի շարք նյութեր, անցկացվեցին ծնողների հետ աշխատող ֆացիլիտատորների վերապատրաստումներ։

<<Ծնողների համար վերապատրաստումները ներկայումս անց են կացվում բոլոր 16 ռեսուրս կենտրոններում, ուր ֆացիլիտատորներն օգնում են մայրերին ու տատիկներին բարելավել իրենց գիտելիքներն ու հմտությունները երեխայի խնամքի, վաղ զարգացման և դաստիարակության վերաբերյալ՝ վարժությունների և խմբային քննարկումների միջոցով>>, - նշում է Պողոսյանը։

<<Ես սկսել եմ հաճախել այս դասընթացներին սկսած 2006թ. սեպտեմբերից և շատ օգտակար եմ համարում>>, - ասում է երկու երեխայի մայր 24-ամյա Քրիստինա Գրիգորյանը, որը հաճախում է թիվ188 մանկապարտեզում անցկացվող դասընթացներին։ <<Հաճախ ծեծում էի երեխաներիս, երբ մի սխալ բան էին անում և չէի կարողանում կառավարել զգացմունքներս։ Իսկ հիմա կարծես թե նոր եմ հասկանում երեխաներիս>>, - ասում է Քրիստինան։

56-ամյա Օվսաննա Ազատյանի համար նույնպես, որը երկու տղա է մեծացրել, իսկ հիմա էլ խնամում է 6 տարեկան թոռանը, ծնողների վերապատրաստումը հաճելի անակնկալներ է մատուցում։ <<Ես երկու երիտասարդ տղաների մայր եմ և կարծում էի, թե ինձ համար այդ վերապատրաստումներում ոչ մի նոր բան չի լինի>>, - ասում է Օվսաննան և ժպտալով ավելացնում, - <<Ամեն դասից հետո տուն եմ գնում և սովորածս անմիջապես պատմում եմ հարսիս և պատկերացրեք՝ օգուտ է տալիս>>։

Ծնողների վերապատրաստումների ժամանակ լսարանի մեծ մասը մայրերն ու տատիկներն են։ <<Դժբախտաբար, հայ տղամարդկանց մեծ մասը կարծում է, որ երեխա դաստիարակելը կնոջ գործն է>>, - ասում է ֆացիլիտատոր Սյուզաննա Չիբուխչյանը։ Այդուհանդարձ, նրա կարծիքով, հստակ նշաններ կան, որ դրությունը փոխվում է։ <<Որոշ տեղերում մենք ականատես ենք եղել վերապատրաստումների նկատմամբ պապերի ու երիտասարդ հայրերի մեծ հետաքրքրությանը, որն իսկապես խրախուսող է>>։

Շատ ծնողների համար, ովքեր չեն կարողանում երեխաներին մանկապարտեզ ուղարկել, ծնողական ռեսուրս կենտրոնները դարձել են լավ այլընտրանք, որը նրանց հնարավորություն է տալիս սովորել և տանը կիրառել երեխայի պատշաճ զարգացման և ուսուցման հմտությունները։

<<Մեր մանկապարտեզում դասընթացները հաճախող ծնողների մասը հնարավորություն չունի երեխային մանկապարտեզ ուղարկել ֆինանսական սուղ պայմանների պատճառով։ Սակայն մենք մտածեցինք, որ դասընթացներին նրանց ընդգրկելն չափազանց կարևոր է, որպեսզի հասկանան, որ փոքր երեխաների կարիքները չեն սահմանափակվում միայն կանոնավոր սնուցմամբ և ցուրտ եղանակին տաք հագցնելով>>, - ասում է թիվ 188 մանկապարտեզի տնօրեն Աննա Հարությունյանը։

Ծնողների կրթությունը փոխադարձաբար օգտակար գործընթաց է, որի շնորհիվ փոքրիկները մեծանում են առողջ և պատշաճ կերպով զարգացած, իսկ ծնողները սովորում են ավելի լավ հասկանալ իրենց երեխաների կարիքները և նրանց համար ապահովում են պատշաճ խնամք և ուսուցում։


Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակ:

Տեղեկատվության և հաղորդակցության ծրագրերի ղեկավար
Էմիլ Սահակյանին:

Հեռ: (374 10) 52 35 46, 56 64 97

Էլ.հասցե: esahakyan@unicef.org

 

 
Search:

 Email this article

For every child
Health, Education, Equality, Protection 
ADVANCE HUMANITY