Իրական պատմություններ

Իրական պատմություններ

 

Ուշադրությու՜ն, ականնե՛ր են - ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագիրը երեխաներին զվարճություն պատճառելով կենսափրկարար դաս է տալիս

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան/հեղինակ՝ Մարիաննա Գրիգորյան



Երբ Գայանեն ու Հայկը սովորականի պես գնում էին իրենց անտառի մարգագետնում խաղալու, չէին էլ պատկերացնում, թե իրենց ինչ վտանգ է սպասում։
<<Դուք գիտե՞ք, որ մեր անտառը լի է ականներով>>, - հարցնում է բոցավառ փետուրներով Թռչունը, գույնզգույն ծառի հետևից արագորեն երեխաների մոտ թռչելով։
2005թ. մայիսից ի վեր ՅՈՒՆԻՍԵՖ-ի <<Ականների և/կամ Չպայթած Զինամթերքի Վտանգի Իրազեկման>> ծրագրի շրջանակներում՝ Գայանեն և Հայկը, Թռչունը և ուրիշ զվարճալի ու ուսուցանող կերպարներ հանդես են գալիս որպես Հայաստանի <<ռիսկային գոտիներում>> ապրող երեխաների համար ստեղծված <<Ձեռք մի՛ տվեք, ականնե՛ր են>> տիկնիկային ներկայացման հերոսներ։ Այցելելով Ադրբեջանի սահմանակից գյուղերը, ուր ղարաբաղյան պատերազմից հետո չքարտեզագրված և չնշված ականները վտանգ են ներկայացնում, տիկնիկային թատրոնի դերասանները կենսափրկարար դասեր են անցկացնում։


Ինչի՞ց են պատրաստված ականները։ Ի՞նչի նման են։ Որտե՞ղ են ավելի հաճախ տեղադրվում։ Ինչպե՞ս կարելի է ճանաչել այն տարածքները, որոնցից հարկավոր է խուսափել։

Այս և բազմաթիվ այլ հարցերի պատասխանները երեխաներն ստանում են ուշադիր դիտելով ներկայացումը, լսելով տիկնիկային հերոսների պատմություններն ու նրանց տված խորհուրդները։

<<Ուշադիր լսեք, երեխաներ։ Ականները պատրաստվում են վիրավորելու, ոչնչացնելու և սպանելու համար>>, - բացատրում է Գիտնականը՝ ծիծաղաշարժ, բայց խելացի մի կերպար։ <<Ականները գայլից վտանգավոր են ու աղվեսից խելացի։ Ականները կարող են լավ թաքնված լինել բնության մեջ։ Ուստի խուսափեք անծանոթ առարկաներ ձեռք տալուց, խաղացեք միայն ձեր խաղալիքների հետ>>։ Մի քանի մասից կազմված այս ներկայացման ընդմիջումներին թատերախմբի ղեկավար Արմեն Սաֆարյանը դուրս է գալիս բեմ և երեխաներին մի շարք հարցեր է տալիս սովորածն ամրապնդելու համար։ Ակտիվ երեխաներն սկսում են պատասխանել` օգտագործելով քիչ առաջ ստացած տեղեկությունը։

<<Ինտերակտիվ ուսուցումն այստեղ էական բաղադրիչ է>>, - ասում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ` պրն. Շելդոն Յեթը։ <<Փոխանակ տեղեկատվությունը պասիվորեն ստանալու, երեխաները հանդես են գալիս որպես ակտիվ մասնակիցներ, որը շատ կարևոր է, որպեսզի մտապահեն այն հիմնական ինֆորմացիան, որ կարող է փրկել նրանց կյանքը>>։

Երկրի սահմանային շրջանների ականապատումից առավել տուժած քսանյոթ համայնքներում պարբերաբար կազմակերպվել են ներկայացումներ։ Բացի տիկնիկային ներկայացումներից, տարբեր մարզերում կազմակերպվել են լուսանկարչական ցուցահանդեսներ։ Հայտնի լուսանկարիչ Գերման Ավագյանի աշխատանքները պատմում են ականներից տուժած երեխաների մասին։

Ականների վտանգի մասին ուղերձները երեխաներին փոխանցելու շարունակականությունն ապահովելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը ՀՀ կրթության ու գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի հետ համատեղ մշակել է ուսուցիչների համար նախատեսված երկու ձեռնարկ` կարևոր ուղերձները դպրոցականներին հասցնելու համար։

<<Անվտանգությունը մեր շրջապատում>> վերնագրով այդ ձեռնարկներն ընդհանուր տեղեկություններ են տալիս Հայաստանի ականապատ տարածքների, ինչպես նաև դրանց առնչվող վտանգի մասին։ Ձեռնարկները տեղեկություններ են տալիս այդպիսի շրջաններում ապահով վարքի մասին և այլ կարևոր գիտելիքներ են հաղորդում, որոնք, ըստ մասնագետների, կենսական նշանակություն ունեն։

Սահմանի երկայնքով շուրջ 321 քառակուսի կիլոմետր երկարությամբ տարածքը, հատկապես Արարատի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Սյունիքի և Տավուշի մարզերում, համարվում է վտանգավոր, որի պատճառը ականներ են։ Վերջին երկուսը Հայաստանի ամենից տուժած մարզերն են։

Միավորված Ազգերի Կազմակերպության Զարգացման ծրագրի և Ամերիկայի Վիետնամի վետերանների հիմնադրամի կողմից անցյալ տարի իրականացված հետազոտության համաձայն, Հայաստանում ականներից տուժածների հաշվարկային թիվը կազմում է 69000 մարդ։

<<Վտանգը չափազանց մեծ է>>, - ասում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի կրթական ծրագրերի ղեկավար` Ալվարդ Պողոսյանը, որն այս ծրագրի պատասխանատուն է։ <<Պատերազմի ընթացքում տարածքներն ականապատվել են, իսկ դրանց քարտեզները չկան, որն ավելի է բարդացնում դրությունը։ Եղել են դեպքեր, երբ ականապատողն ինքը սպանվել է իր իսկ տեղադրած ականի պայթյունից։ Անկախ այն բանից, խաղաղություն է, թե պատերազմ, պետք է ամեն ինչի պատրաստ լինենք>>։

Պողոսյանն ասում է, որ այս իրավիճակում ամենալավ բանը սահմանային տարածքներում ապրող երեխաների իրզեկության բարձրացումն է և նրանց շրջանում ապահով վարքի խթանումը։ <<խաղալով ձեռքներն ընկած պատահական բաների հետ, երեխաները երբեմն հասնում են ռիսկային գոտիներ`վտանգի ենթարկելով իրենց կյանքը։ Երեխաները հիմնականում տուժում են իրենց հետաքրքրասիրության պատճառով>>, - ասում է Պողոսյանը։

<<Այս ծրագրում ներառված միջոցառումները հատկապես ուղղված են Հայաստանի սահմանամերձ շրջաններում ապրող երեխաներին տեղեկացնելու, թե որոնք են հանդիսանում բարձր ռիսկային գոտիները>>։

Ուշադիր դիտելով ներկայացումը` Երասխ գյուղում ապրող տասներեքամյա Աստղիկն ասում է, որ այդ ամենը նորություն է իր համար։

<<Մենք նույնիսկ պատկերացնել չէինք կարող, թե վտանգը որտեղից կարող է սպառնալ և թե ամեն օր ինչ վտանգի ենք ենթակա եղել։ Իմ ընկերները, բարեկամներն ու ես ավելի զգույշ կլինենք>>, - ասում է աղջնակը։

Երևանից 65 կիլոմետր հեռու գտնվող այս գյուղում, որ 1000 բնակիչ ունի, լավ գիտեն, թե ինչ է պատերազմը, մարտական գործողությունները, ռմբակոծությունն ու սոցիալական դժվարությունները։

<<Նայեցե՛ք։ Սահմանն այնտե՛ղ է□, - ասում են բնակիչները`մատնացույց անելով դեպի լեռները։ Գյուղի դպրոցը սահմանիվ ընդամենը 800 մետր է հեռու>>։

Ռմբակոծությունները մի քանի տարի առաջ ավարտվել են, բայց այս գյուղում դեռևս երևում են դրանց կործանարար հետքերը։ Դպրոցը ռմբակոծություններից կիսափուլ վիճակում է։

Դպրոցի տնօրեն Մարիամ Լևոնյանն ասում է, որ դպրոցը ռմբակոծվել է 1989թ.ին։ Առաջին ռմբակոծությանը հետևել են մի շարք ուրիշները։

<<Երկու տարի առաջ մեր համագյուղացիներից մեկը մահացավ ականի պայթյունից։ Գնացել էր իր ոչխարներին արածացնելու և հենց այնտեղ՝ արոտավայրում ականը պայթել էր։ Այս տեսակ միջոցառումը (տիկնիկային ներկայացումը) շատ կարևոր է հատկապես երեխաների համար, որովհետև հիմնականում նրանք են արոտներում լինում>>, - ասում է Լևոնյանը։

Տիկնիկային ներկայացման արդյունավետությունն ու դրա նշանակությունը բարձր են գնահատում նաև դերասաններն ու գեղարվեստական տնօրենը։

<<Եթե հեռուստատեսային ալիքը կարելի է փոխել,իսկ ականների մասին պատմող գրքույկն անտեսել, ապա տիկնիկային ներկայացումը լիովին այլ բան է։ Այն յուրահատուկ դեր ունի երեխաների կյանքում>>, - ասում է <<Տիկնիկների Միջազգային Միության>> նախագահ` Արմեն Սաֆարյանը։ <<Վտանգը սահմանամերձ տարածքներում շատ մեծ է։ Հետևաբար երեխաները պետք է տեղեկացված լինեն, որպեսզի պաշտպանվեն։ Եվ սա (ներկայացումը) ամենապայծառ ու ամենաարդյունավետ միջոցներից է>>։

Երկու երեխայի մայր 23-ամյա Իրինա Սարգսյանը համաձայն է, որ ծրագրի ազդեցությունը իրոք որ մեծ է, իսկ տիկնիկային ներկայացման միջոցով երեխաներին հաղորդված գիտելիքները՝ շատ արժեքավոր ու օգտակար։

<<Դիտում ենք այս ներկայացումը և զգում, թե ինչքան քիչ գիտենք այս ամենի մասին>>, - ասում է Իրինան։ <<Երեխաները շատ են սիրում հողից ինչ-որ բաներ փորել-հանել, վառել, պայթեցնել։ Իսկ հիմա տեսա, թե ինչ հետաքրքրությամբ ու կենտրոնացած նայում էին։ Վստահ եմ, որ ներկայացումից հետո ավելի զգույշ կլինեն>>։


Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակ:

Տեղեկատվության և հաղորդակցության ծրագրերի ղեկավար
Էմիլ Սահակյանին:

Հեռ: (374 10) 52 35 46, 56 64 97

Էլ.հասցե: esahakyan@unicef.org

 

 
Search:

 Email this article

For every child
Health, Education, Equality, Protection 
ADVANCE HUMANITY