Իրական պատմություններ

Իրական պատմություններ

 

Ներառված լինելու կարևորությունը

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան/հեղինակ՝ Մարիաննա Գրիգորյան



Երբ տասներկուամյա Գևորգը դեռ փոքր երեխա էր, մայրը նկատեց, որ տղայի շարժումները տարբերվում են մյուս երեխաների շարժումներից, ուստի որոշեց բժշկի դիմել։

Բժիշկն ասաց, որ տղան ուղեղի կաթված է ստացել, որն առաջացնելու է մտավոր հետամնացություն և կմախքամկանային համակարգի խանգարում։

Խանգարումը, ասում է մայրը, իրենց կրած սոցիալական դժվարությունների հետևանքն է։

<<Հիմա, երբ հիշում եմ, թե մեր ընտանիքն ինչ դժվարություններ տարավ Գևորգին մեծացնելու ու նրա քիչ թե շատ բնականոն կյանքն ապահովելու համար, մեր ջանքերն ինձ անիրական են թվում>>, - ասում է Գևորգի մայրը՝ Մարո Սինանյանը։ <<Մեր ամենօրյա պայքարը դեռ շարունակվում է։ Բայց այն, ինչ տեղի ունեցավ երեք տարի առաջ մեզ համար իսկական հրաշք էր, հրաշք, որի մասին նույնիսկ երազել չէինք կարող>>։

Երեք տարի առաջ, սեպտեմբերի 2-ին, երբ նրա տարիքի մյուս երեխաները երկրորդ դասարանում էին, Գևորգը նորից տեղափոխվեց առաջին դասարան և նստեց մի դասարանում, որը նրա կյանքն ու զգացմունքները բաժանեց երկու փուլի՝ այդ օրվանից առաջ և հետո։

Տղայի համար <<այդ օրվանից առաջ>> փուլը այնքան էլ հաճելի հիշողություն չի։

Նախքան ներառական կրթության համակարգ ունեցող հանրակրթական դպրոց հաճախելը և մյուս երեխաների հետ սովորելը, Գևորգը մի տարի սովորել էր հատուկ դպրոցում։

Մեկ տարվա ընթացքում սովորածն ընդամենը մի ծուռումուռ □1□ ու հայերենի այբուբենի առաջին տառը նույնքան ծուռմռտիկ խզմզելն էր։

<<Ինձ միշտ թվացել է, որ չնայած մտավոր ու ֆիզիկական խնդիրներին, իմ երեխան ավելի շատ ունակություններ ունի, քան հատուկ դպրոցի մյուս երեխաները>>, - պատմում է Մարոն։ <<Բայց ես չգիտեի, որ Գևորգի նման երեխաների համար պայմաններ են ստեղծվել ուրիշ երեխաների հետ սովորական դպրոց հաճախելու և հավասար կրթություն ստանալու համար>>։

Ամեն ինչ փոխվեց, երբ Գևորգն ու իր մայրն այցելեցին <<Հույսի Կամուրջ>> հասարակական կազմակերպությունը։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ ՀԿ-ն օգնում է հատուկ կարիքներով երեխաների ու նրանց ընտանիքների ինտեգրմանը հասարակության մեջ ու նրանց համար նոր կյանք սկսելուն։

<<Հույսի Կամուրջ>> այցելելուց հետո, Գևորգն ու մայրը վերջապես ընտրեցին Մխիթար Սեբաստացու անվան դպրոցը՝ այն վեց դպրոցներից մեկը, որը ներառական կրթության ծրագիր ունի։

Դպրոցը, որն այժմ 1500 աշակերտ ունի, հաջողությամբ կրթել է հատուկ կարիքներ ունեցող 55 երեխաների և երիտասարդների։

Եվ այստեղ էր, որ սկսվեց Գևորգի <<հետոյի>> կյանքը։

Գևորգը երջանիկ ժպիտով ասում է, որ սիրում է իր դպրոցը և շատ ուրախ է, որ սովորում է այստեղ։ Նա ասում է, որ շատ ընկերներ ունի և ձեռքի շարժումով իր մոտ է կանչում Հայկին, Ծովինարին և ուրիշ երեխաների։

Նոր դպրոց ընդունվելուց մեկ տարի անց Գևորգը սովորեց այբուբենն ու թվերը։ Որոշ ժամանակ հետո ընկերների օգնությամբ սկսեց ձևակերպել իր մտքերը։

<<Նախկին Խորհրդային Միության երկրներից Հայաստանն առաջինն էր, որ ներմուծեց ներառական կրթությունը>>, - ասում է <<Հույսի Կամուրջ>> ՀԿ-ի նախագահ Սուսաննա Թադևոսյանը։ Վաղուց ժամանակն էր այդ անել, բայց շատ դպրոցներ դեռ լիովին չէին հաղթահարել քարացած վերաբերմունքն այն իրողության նկատմամբ, որ հատուկ կարիքներով երեխաները կարող են մյուս երեխաների հետ կողք կողքի սովորել։ Սակայն վերջին տարիներին նույնիսկ այս բնագավառում առաջընթացը ակնառու է։

Համաձայն ՀՀ Կրթության և Գիտության նախարարության տվյալների Հայաստանում կան շուրջ 8,900 հաշմանդամ երեխաներ: Ներառական կրթության համակարգը պաշտոնապես ընդունվել է Հայաստանում 2005թ. և կառավարությունը կրթության բյուջեի մի մասը հատկացրել է ներառական կրթության զարգացման համար:

<<Ներառական կրթությանն ուղղված ներդրումների և հանձնառության աճը շատ կարևոր են երեխաների՝ դպրոցական կրթություն ստանալու իրավունքն ապահովելու համար>>, ասում է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ` պրն. Շելդոն Յեթը։ Հայաստանում արդեն մեծ առաջընթաց է արվել, սակայն հետագա առաջընթացի համար դեռ շատ ջանքեր կպահանջվեն սոցիալական օժանդակության, ուսուցիչների վերապատրաստման և հաշմանդամ որոշ երեխաներին անհրաժեշտ դպրոցների ֆիզիկական ենթակառուցվածքն ապահովելու համար։

<<Այսօրվա դրությամբ, հատուկ կարիքներ ունեցող 200-ից ավել երեխաներ սովորում են ներառական կրթության համակարգ ունեցող Երևանի վեց դպրոցներում>>, - ասում է ՀՀ կրթության ու գիտության նախարարության Հանրակրթության վարչության ավագ մասնագետ Անահիտ Մուրադյանը։ <<ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ մենք ծրագրում ենք նաև ավելացնել ներառական կրթություն առաջարկող դպրոցների թիվը։ Այս տեսակետից առանձնահատուկ ուշադրություն է հատկացվելու Հայաստանի մարզերում ապրող երեխաներին>>։

Ինչպես նշում են ներառական դպրոցների մասնագետները, սկսած 2005թ. ներառական դպրոցներ իրենց երեխաներին ուղարկել ցանկացող ընտանիքների թիվը կայուն կերպով աճել է։

<<Ծնողները վճռական դեր ունեն։ Ներառական կրթությունը նաև միավորում է ծնողներին։ Ստեղծվում են աջակցության խմբեր։ Միատեսակ խնդիրներ ունեցող ծնողները խորհրդակցում են միմյանց հետ և ծանոթանում մեկը մյուսի խնդիրներին։ Իսկ երբ նրանց երեխաները հաջողություն են ունենում, անչափ ուրախանում են>>, - ասում է <<Հույսի Կամուրջ>> ՀԿ-ի սոցիալական աշխատող Հայկուշ Գևորգյանը։

Ինչպես հավաստիացնում են ՀՀ կրթության ու գիտության նախարարության և ՀԿ-ների մասնագետները, ներառական կրթությունը կարևոր ու անհրաժեշտ է շատ տեսանկյուններից։

<<Իմ դասարանում 23 աշակերտ կա, որոնցից 3-ը՝ հատուկ կարիքներով։ Նկատել եմ, որ նրանց ներկայությունը փոխել է երեխաներին։ Միմյանց նկատմամբ դարձել են ավելի հոգատար և ուշադիր>>, - ասում է Մխիթար Սեբաստացու անվան դպրոցի ուսուցչուհի Նելլի Թովմասյանը։ <<Ներառական կրթության համակարգի հիմնումը շատ օգտակար է այդ երեխաների հետագա զարգացման, ինչպես նաև նրանց հետ կողքի-կողքի սովորող ուրիշ երեխաների իրազեկության մակարդակը բարձրացնելու համար>>։

Տասնամյա Մանվելի սայլակը կանգնած է դասասենյակի մի անկյունում։ Հենաշարժային համակարգի լուրջ խնդիրներ ունեցող տղայի համար սայլակից նստարան տեղափոխվելու համար մայրը բարձրացնում է նրան դասղեկի և դասարանցիների օգնությամբ։

Մխիթար Սեբաստացու անվան դպրոցի տնօրեն Աշոտ Բլեյանը համաձայն է այն բանին, որ ներառական կրթության համակարգը նպաստում է երեխաների շրջանում բազմաթիվ դրական հատկանիշների զարգացմանը։ Սակայն ներկայումս Հայաստանի դպրոցներում չկան պատշաճ հարմարություններ և սարքավորումներ հատուկ կարիքներով երեխաների համար։ <<Մեր ունեցած դպրոցները նույնիսկ առողջ երեխաների համար անհրաժեշտ պայմաններ չունեն, չխոսելով հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների մասին>>։

<<Ստիպված եմ օրական չորս անգամ դպրոց գնալ>>, - ասում է Արևը՝ Մանվելի մայրը։ <<Երբ երեխաս զուգարան գնալու կարիք է ունենում, տնից գալիս եմ դպրոց և ուսուցչի օգնությամբ տանում եմ զուգարան։ Իհարկե, ամեն ինչ ավելի լավ կլիներ, եթե այդ խնդիրները լուծվեին։ Բայց այս համակարգով ուսում ստանալը Մանվելի ու ինձ համար հիանալի հնարավորություն է>>։

<<Հույսի Կամուրջ>> ՀԿ- ի նախագահ Սուսաննա Թադևոսյանն ասում է, որ հատուկ կարիքներ ունեցող երեխաները բազմաթիվ խնդիրներ ունեն, որոնցից ամենակարևորը խտրականությունն է։

<<Հասարակությունը հաշմանդամներին մեծ մասամբ բացասաբար է վերաբերվում, և ներառական կրթության հիմնումը, հուսով եմ, այդ իմաստով դրական փոփոխություններ կառաջացնի>>, - ասում է Թադևոսյանը։ <<Ծնողները մտահոգվում են, որ իրենց երեխաների վրա նայում են ու մատով ցույց տալիս, բայց դրությունը փոխվում է։ Վստահ եմ, որ Հայաստանում ներառական կրթության հետագա ընդլայնումով ժամանակ կգա, երբ քարացած դոգմաները պատմություն կդառնան>>։


Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակ:

Տեղեկատվության և հաղորդակցության ծրագրերի ղեկավար
Էմիլ Սահակյանին:

Հեռ: (374 10) 52 35 46, 56 64 97

Էլ.հասցե: esahakyan@unicef.org

 

 
Search:

 Email this article

unite for children