Իրական պատմություններ

Իրական պատմություններ

 

Հայաստանի աշխատող երեխաները վաճառում են բախտն ու մանկությունը

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան/հեղինակ՝ Մարիաննա Գրիգորյան



Տասներեքամյա Յուրայի աչքերն այտուցված են ու կարմրած, իսկ դեմքի ու մարմնի վրա կապտուկներ կան: Սակայն դրանք մանկական խաղերի կամ խաղահրապարակում արած կռիվների հետևանքը չեն:

Ութ տարեկանից սկսած, մի կողմ թողնելով խաղերը, մոռանալով անհոգ օրերն ու դպրոցի դասագրքերը, Յուրան այսօր փորձում է հաղթահարել կյանքի դժվարությունները, փողոցում կռիվ է տալիս մի կտոր հաց վաստակելու և իր ու հաշմանդամ հոր` Էդիկի ամենաանհրաժեշտ կարիքները բավարարելու համար:

Հայրը և որդին հաշմանդամ են: Յուրան տառապում է քրոնիկ նեֆրիտից, իսկ Էդիկը՝ թոքերի ծանր հիվանդությունից։ Հայրը ժամանակի մեծ մասն անկողնում պառկած է: Նրանց ստացած հաշմանդամության նպաստը հազիվ է բավականացնում օրվա կարիքները հոգալու համար:

Լինում են օրեր, երբ նրանք բացի բանջարեղենից ուտելու ուրիշ ոչինչ չեն ունենում, ուրիշ օրերի <<ճաշն>> էլ կազմված է լինում արգանակի խորանարդիկով եռացրած ջրում լուծված ապուրից:

Դժվարությունները հաղթահարելու համար, Յուրան բախտ է վաճառում։

<<Ձեր հաջողության համա՜ր>>, - ասում է նա, համոզելով անցորդներին, որ գնեն Օրհնյալ Կույսի պատկերով իր առաջարկած էժանագին մեդալիոնները։

<<Մեդալիոնները խանութից առնում ենք 800-900 դրամով (մոտ 2 ԱՄՆ դոլար), հետո տանը հորս հետ անցկացնում ենք թելերի վրա ու ծախում 1000-1500 դրամով (մոտ 3.50 ԱՄՆ դոլար)>>, - պատմում է տղան, որ արդեն մի քանի տարի է, ինչ դրանով է զբաղվում։ <<Մեկ-մեկ բախտս բերում է, մեկ-մեկ էլ` ոչ>>:

<<Գիտեմ, որ երկար չեմ ապրի, բայց Յուրային ապագա է պետք>>, -ասում է Էդիկը: - <<Չեմ ուզում, որ էդ առևտուրն անի, բայց ամբողջ օրը պառկած եմ, ոսկորներս նույնիսկ խոսելուց ցավից տնքում են։ Ուրիշ ելք չունենք>>:

Մեկ տարի առաջ Յուրան մեդալիոնները վաճառում էր Վերնիսաժում՝ Երևանի հայտնի բաց շուկայում, բայց հիմա տեղափոխվել է Էջմիածնի Մայր տաճարին կից տարածքը:

ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, <<Տանչորս տարին չլրացրած քաղաքացիների հետ աշխատանքային պայմանագիր կնքելը կամ նրանց աշխատանքի ընդունելն արգելվում է>>:

Միջխորհրդարանական միության հետ համատեղ ՅՈՒՆԻՍԵՖ-ը խորհրդարանականների համար հրատարակել է <<Երեխաների պաշտպանության>> ձեռնարկը, որն ի թիվս այլ բաների, ակներև է դարձնում, որ ծախսերի հսկայական տարբերություն կա, երբ երեխային ուղղակի աշխատանքի են ուղարկում, փոխանակ թույլ տալու, որ դպրոցում ուսումն ավարտի։

<<Աշխատող երեխաները, որոնցից շատերը դպրոց չեն գնում, բնակչության առանձնապես խոցելի հատվածն են։ Նրանք ոչ միայն չեն կարողանում օգտվել սովորելու իրենց իրավունքից, այլև քիչ հավանական է, որ կարողանան օգտվել առողջապահական և իրենց անհրաժեշտ սոցիալական այլ ծառայություններից>>, - ասում է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ պրն. Շելդոն Յեթը։ <<Դպրոց գնալը երեխաներին ոչ միայն զինում է գրել-կարդալու և քննադատորեն մտածելու հմտություններով, այլև տալիս է ինքնավստահության զգացում և զորացնում է նրանց>>։

<<Հնարավոր է, որ երեխան և՛ աշխատի և՛ դպրոց գնա, բայց դա քչերին է հաջողվում>>, - նշված է ձեռնարկում, - <<ամբողջ աշխարհում 5-9 տարեկան երեխաների միայն 7%-ը, 10-14 տարեկանների 10%-ը և 15-17 տարեկանների 11%-ն է, որ համատեղում են դպրոց գնալն ու աշխատելը>>:

Շատ երեխաներ, չկարողանալով բավարարել դպրոցական համակարգի պահանջները, լքում են դպրոցը, քանի որ ստիպված են աշխատել։

<<Հազվադեպ եմ դպրոց գնում>>, - ասում է Յուրան, - <<Իմ դպրոցը փողոցն է: Փողոցում եմ թե անձրևին, թե՛ ցրտին ու թե՛ շոգին: Ստիպված եմ ամեն ինչ անել, որ ես ու հայրս կարողանանք մեր գոյությունը պահել: Իսկ դա էդքան էլ հեշտ չի: Մարդիկ հաճախ վիրավորում են ինձ, գոռում վրես ու մի կողմ բրդում, բայց էդ դեռ ոչինչ: Տեսեք, թե միլիցեքն ինչ են արել>>, - ասում է նա, ցույց տալով կապտուկներով ծածկված մարմինը։

Սակայն Յուրայի մարմնին կապտուկներ առաջացնելով` ոստիկանները օրենքը չեն պաշտպանել, ոչ էլ փորձել են նրան դպրոց վերադարձնել:

<<Չեն թողնում ծախեմ, ասում են գնա ուրիշ տեղ։ Բայց ես չգիտեմ էլ ուր գնամ, բա մյուսներին ո՞նց են թողում: Նույնիսկ պատահել է, որ ծախած ապրանքիս ամբողջ գումարը ձեռքիցս առել են, վիրավորելով ու ծեծելով սպառնացել ու ստիպել են, որ հեռանամ>>, - պատմում է Յուրան, ասելով, որ դրանից հետո վախեցել է այդ նույն տեղը գնալ, որի պատճառով ընտանիքը հայտնվել է դժվարին կացության մեջ: <<Մենք ապրուստի կամ փող վաստակելու ուրիշ միջոց չունենք։ Եթե ես չաշխատեմ և ուրիշների նման դպրոց գնամ, պապաս ու ես չենք ապրի>>։

Դժվար կացությամբ է պատճառաբանվում նաև Գյումրիում բնակվող Ծառուկյանների բազմազավակ ընտանիքի երեխաների դպրոց չգնալն ու անգրագետ լինելը:

Տասը երեխա ունեցող այս ընտանիքում ընդամենը երեք կիսաքանդ մահճակալ կա, ինչքան ասես դեն գցելու խառը հնոտիք և անվերջանալի պարտքեր, մինչդեռ եկամուտը միայն նպաստներն են:

<<Օրական 10-13 հաց ենք առնում, որ կարողանանք երեխեքի փորը մի բան լցնենք>>,-ասում է ընտանիքի մայրը` 43-ամյա Ալվարդ Ծառուկյանը։ -<<Երեխեքն էլ օգնում են, որ մի երկու բան առնենք, որ սովից չմեռնենք>>:

Տասնհինգամյա Անի Ծառուկյանը երազում է երգչուհի դառնալ, բայց իր քույրերի ու եղբայրների նման դպրոց չի գնում, այլ քույրերի` Էվելինայի ու Վարդանուշի հետ Գյումրիի շուկայում փող է ողորմում, որով մայրը երբեմն կարողանում է տան փոքրի` 10 ամսական Թինայի համար կաթ գնել:

Ծառուկյանների ընտանիքում դպրոց գնացող միակ երեխան Դիանան է, որը նույնպես հաճախ է բացակայում դասերից, որպեսզի շուկայում օգնի երեք քույրերին:

<<Երեխաների կրթության իրավունքի պաշտպանությունը չափազանց կարևոր է նախ և առաջ աղքատության կրճատման համար>>, - ասում է <<Համայնքային զարգացման և սոցիալական աջակցության>> կենտրոնի նախագահ Գեղանուշ Գյունաշյանը։ <<Աղքատությունը չի վերածվում ժառանգական հիվանդության, երբ երեխան կրթություն է ստանում, որը նրան հնարավորություն է տալիս ապագայում կայուն աշխատանք ունենալ և իր տեղը գտնել հասարակության մեջ>>:

Հայաստանում Խորհրդային տարիներին աշխատող երեխա հասկացությունը չկար: Չկային նաև սոցիալական խնդիրներ, որի պատճառով երեխաները ստիպված լինեին աշխատել: Ամեն ինչ փոխվեց ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, որի հետևանքով կենսամակարդակը կտրուկ անկում ապրեց: Արդյունքում <<ռիսկի ենթակա>> երեխաները կրթություն ստանալու փոխարեն աշխատել սկսեցին։

Միջազգային կազմակերպությունների վիճակագրության համաձայն, երկրի բնակչության համարյա կեսն ապրում է աղքատության մեջ:

Երեխաները հմտացել են <<հմտություններ չպահանջող>> աշխատանքներում, ինչպիսիք են մետաղի ջարդոն հավաքելը, շշեր վաճառելը, շինարարական հրապարակներում օրավարձու բանվորությունը և այլն։

<<Ընդունելի է, որ երեխան պիտի պատասխանատվության զգացում ունենա և իր ընտանիքին օգնի ցանկացած ժամանակ, որը սակայն չպետք է լինի նրա զարգացման ու աճի հաշվին>>, - ասում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Երեխաների պաշտպանության ծրագրերի ղեկավար` Նաիրա Ավետիսյանը, - <<Բայց երբ այդ աշխատանքը վնաս է հասցնում երեխայի առողջությանն ու կրթությանը, դա արդեն անընդունելի է>>:

Հակոբն իր մաշկի վրա է զգացել, թե ինչ է նշանակում աշխատել ի վնաս առողջության եւ կրթության:

Տասներկուամյա վտիտ ու նիհար երեխայի աշխատանքային օրն սկսվում է այն ժամանակ, երբ սովորաբար ոչ միայն երեխաները, այլև ծնողները վաղուց արդեն քնած են լինում:

Կոշտացած ձեռքերով, ոտքերը հազիվ քարշ տալով և վախվորած շուրջը նայելով, տղան մեծ ջանք է գործադրում մետաղյա մեծ սայլը հրելու համար։ Կեսգիշերից մինչև լուսաբաց Հակոբը քաղաքի սննդի շուկաներից մեկում իր ծառայությունն է առաջարկում մեծաքանակ ապրանք գնած մարդկանց, շուկայից սայլով մթերքը տեղափոխելով պատվիրված վայրը:

<<Առավոտները քնում եմ>>, - ասում է նա, փորձելով արդարանալ, որ դպրոց չի գնում։ <<Չգիտեմ, թե ապագայում ինչ եմ անելու, ինչ ճակատագիր եմ ունենալու: Դրա մասին մտածելու ժամանակ չկա>>:

Ըստ ՀՀ կրթության ու գիտության նախարարության Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի, երկրում ներկայումս հաշվառված է մոտավորապես 500 հազար դպրոցահասակ երեխա:

Սոցիալական ծանր պայմանների պատճառով աշխատող երեխաների մեծ մասը գրանցված է գիշերօթիկ դպրոցներում, որոնք ամեն երեխայի հաշվով պետությունից որոշակի գումար են ստանում: Շատ դեպքերում գրանցված տվյալները ցույց են տալիս կանոնավոր հաճախումներ, այնինչ իրական պատկերը բոլորվին այլ է:

<<Մենք որևէ տվյալ չունենք այն մասին, թե քանի երեխա դպրոց չի հաճախում>>, - ասում է ՀՀ կրթության ու գիտության նախարարության Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը։ <<Կարծում եմ դպրոց չգնացող երեխաների թիվը շատ փոքր է, իսկ այն երեխաները, որոնք աշխատում են, հավանաբար մի քանի հարգելի բացակայություններ ունեն, ոչ ավելին>>:

Սակայն Գեղանուշ Գյունաշյանը համոզված է, որ աշխատող երեխաները զգալի թիվ են կազմում։

<<Եթե հետազոտություն իրականացվի աշխատող երեխաների թիվը ճշտելու համար, այդ թիվը շատ մեծ կլինի>>,-ասում է Գեղանուշ Գյունաշյանը։ <<Սակայն նրանք դպրոց չեն գնում և չեն կարող չաշխատել, քանի որ այլ ելք չունեն և պետք է օգնեն իրենց ընտանիքներին>>: <<Աշխատող երեխաների հարցը սոցիալական բնույթ ունի, և հարցի լուծումը առաջին հերթին սոցիալական պայմանների բարելավումն է>>, - ասում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ` Լալա Ղազարյանը։ <<Իրավիճակի ամբողջական պատկերը վեր հանելու համար անհրաժեշտ վիճակագրական տվյալներ կամ գրանցված փաստեր չկան: Իրավիճակն ուսումնասիրելու համար ՀՀ Կրթության ու գիտության նախարարությունը հաջորդ տարի նախատեսում է հետազոտություն իրականացնել>>:


Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակ:

Տեղեկատվության և հաղորդակցության ծրագրերի ղեկավար
Էմիլ Սահակյանին:

Հեռ: (374 10) 52 35 46, 56 64 97

Էլ.հասցե: esahakyan@unicef.org

 

 
Search:

 Email this article

For every child
Health, Education, Equality, Protection 
ADVANCE HUMANITY