Իրական պատմություններ

Իրական պատմություններ

 

Կյանքը կողպած դռների հետևում

ՅՈՒՆԻՍԵՖ-ը աջակցում է Հայաստանին բարեփոխելու անչափահասների արդարադատությունը



Աբովյան, Հայաստան - Երևանից դուրս 20 րոպեի ճանապարհ է դեպի շինությունների այն փռված համալիրը, ուր նույնիկս լամաներ, խոզեր, սիրամարգեր և արևադարձային ձկներ են պահվում տեղում գործող կենդանաբանական այգում և ակվարիումում։ Նրանց կյանքն այստեղ նույնքան բնականոն է անցնում, որքան կալանավորներինը պետության ներքո գտնվող այս բանտում։ Դեռևս 1958թ.ին կառուցված շենքերը նախկին Խորհրդային Միության անկումից հետո իհարկե աննորոգ վիճակում են, սակայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ Աբովյանի կանանց ու երեխաների գաղութում պայմանները բարելավվում են այլ ձևերով։

Վերջին չորս տարիներին այդ բարելավումների ամենաակնառու դրսևորումներից մեկը անչափահաս բանտարկյալների թվաքանակի զգալի նվազեցումն է։ Գաղութի աշխատակազմի ղեկավար և փոխտնօրեն Ռոստոմ Մարտիրոսյանն այստեղ աշխատում է արդեն 27 տարի և ասում է, որ տեսել է ինչպես դրական, այնպես էլ բացասական փոփոխություններ։ Օրինակ է բերում, որ 1980-1985թթ. կալանավորված է եղել ավելի քան 300 երեխա։

<<Խորհրդային ժամանակներում որոշ հարցեր գաղութում լավ դրվածք ունեին>>, - ասում է նա, - <<հատկապես օրինազանց երեխաների կրթությունը։ Սակայն 1990թ. պայմաններն սկսեցին վատանալ, թեև հիմա նորից դանդաղորեն սկսում են բարելավվել։ Եվ որ շատ կարևոր է՝ երեխաների թիվը կիսով չափ պակասել է>>։

Այժմ կալանավորված երեխաները 40-ն են, որոցից 20-ը՝ նախնական կալանքում։ Գաղութի առանձին թևում բանտարկված 57 կանանց կեսը պատիժ է կրում սպանության համար։ Կանանցից երկուսը ծննդաբերել են բանտում և իրենց երեխաների հետ ապրում են բանտում նրանց հատկացված սենյակներում, որոնք ավելի շատ հանրակացարան են հիշեցնում, քան բանտախուց։ Անչափահաս օրինազանցները 14-18 տարեկան են՝ բոլորը տղաներ։ Նրանց միջին տարիքը 17 է, իսկ առավելագույն պատժի տևողությունը՝ 10 տարի։

Վերջին օրենսդրական փոփոխությունները անչափահաս տարիքում ազատազրկվածներին հնարավորություն կտան պատժի ամբողջ ընթացքն անցկացնել Աբովյանի կալանավայրում և չտեղափոխվել չափահաս և տարեց անձանց համար նախատեսված կալանավայր, ուր պայմանները շատ ավելի վատն են։ Այս բոլոր փոփոխությունները արդյունքն են այն բանի, որ գաղութը հանձնվել է արդարադատության նախարարության իրավասությանը։ Ներքին գործերի նախարարությունից գաղութի հանձնումը տեղի ունեցավ 2001թ., և ՅՈՒՆԻՍԵՖ-ը, արդարադատության նախարարությանը և ոստիկանությանը ներկայացրեց անչափահասների նկատմամբ կիրառվող արդարադատության մասին որոշակի առաջարկություններ, որոնք ընդունվեցին և ներառվեցին գործողությունների նոր պլանում։

Երկու տարի անց՝ 2003թ.-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերապատրաստում իրականացրեց բանտապահների համար, որը նվիրված էր անչափահաս բանտարկյալների հետ վերաբերվելու հոգեբանական, իրավաբանական և կրթական հարցերին։ <<Վերապատրաստման նպատակն էր զարգացնել բանտում երեխաների և կանանց հետ աշխատողների կարողությունները և նրանց վերաբերմունքը ազատազրկվածների նկատմամբ դարձնել ավելի մարդկային>>, - ասում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի երեխաների պաշտպանության ծրագրերի ղեկավար` Նաիրա Ավետիսյանը։

<<2004թ. վերապատրաստումը նվիրված էր կանանց ու երեխաների վերաբերյալ քրեական օրենսգրքին և այլ օրենքների նոր դրույթներին>>, ասում է նա։ <<Բանտի աշխատակիցների համար կարևոր էր ծանոթանալ տեղ գտած փոփոխություններին և նոր դրույթներին, քանի որ հենց նրանք են իրականացնելու դրանք>>։

<<Վերապատրաստումը շատ արդյունավետ էր մեր գիտելիքներն ավելացնելու առումով>>, - համաձայնում է գաղութի ավագ լեյտենանտ Ստեփան Հակոբյանը, - <<մենք իսկապես կիրառում ենք մեր սովորածը երեխաների հետ աշխատելիս։ Քանի որ Քրեական օրենսդրությունը փոփոխվել է, մեզ անհրաժեշտ էր իմանալ, թե այդ փոփոխություններն ինչ նշանակություն ունեն մեր առօրյա աշխատանքում։ Երեխաները նույնպես օգտվում են դրանից, քանի որ օրենքը հիմա ավելի ազատական է>>։

Անցյալ ամառ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից կազմակերպված չորսօրյա վերապատրաստումների նոր ցիկլից օգտվեց բանտի 74 աշխատակից։

Արդարադատության նախարարության Դատաիրավական բարեփոխումների վարչության իրավական բարեփոխումների բաժնի պետ, ավագ մասնագետ Արթուր Հովհաննիսյանն ասում է, որ բնական էր, որ նախարարությունը օգնության համար դիմեց ՅՈՒՆԻՍԵՖ-ին և որ այդ վերապատրաստումը դարձավ երկրում ընթացող դատաիրավական բարեփոխումների մի մասը։

<<Որպես այդ բարեփոխումների մի մաս, հատկապես Երեխաներին ուղղված գործողությունների ազգային պլանը և նոր Քրեակատարողական օրենսգիրքը, որը ուժի մեջ մտավ 2005թ.ին, այս բարեփոխումները և դրանց համապատասխան մոտեցումների փոփոխությունները և բանտային աշխատողների գիտելիքների բարելավումը հանդիսանում են Հայաստանում Եվրոմիության կողմից ստանձնած պարտավորությունների մի մասը>>, - ասում է նա։

Քրեական օրենսգրքի բարեփոխման արդյունքում, որտեղ ներմուծվել են տուգանքներ, պրոբացիոն, ինչպես նաև համայնքային ծառայություններ համայնքներում, անչափահաս կալանավորների թիվը շարունակում է պակասել։ Մասնավորապես, նախնական կալանքն այժմ մտածում են կիրառել միայն ծանր հանցագործություն կատարած անչափահասների նկատմամբ։ <<Ամենակարևոր մասը Հայաստանում բանտային համակարգի ապաքրեականացումն է>>, - ասում է Հովհաննիսյանը։ <<Այս գաղութն այդ ուղղությամբ լավ առաջընթաց է կատարել>>։


Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակ:

Տեղեկատվության և հաղորդակցության ծրագրերի ղեկավար
Էմիլ Սահակյանին:

Հեռ: (374 10) 52 35 46, 56 64 97

Էլ.հասցե: esahakyan@unicef.org

 

 
Search:

 Email this article

unite for children