Իրական պատմություններ

Իրական պատմություններ

 

Ձեռքերը ծեծելու համար չեն

ԵՐԵՎԱՆ, Հայաստան – Մանե Տոնոյանը չափից ավելի երիտասարդ կարող է թվալ Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության խնդրով մտահոգվելու համար, սակայն 16-ամյա այս աղջիկը մի տեսակ <<տարբերվում>> է։ Որպես<<Մանանա>> երիտասարդական-մշակութային հասարակական կազմակերպության անդամ, նա արդեն հասցրել է նյութի վերաբերյալ 1 րոպեանոց ժապավեն նկարահանել և հուլիսի սկզբին Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում երեխաների հանդեպ բռնության ՄԱԿ-ի ուսումնասիրությանը նվիրված տարածաշրջանային խորհրդակցության 25 մասնակիցներից մեկն էր։

2005թ. հուլիսի 5-7-ը Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում անցկացված խորհրդակցությունը կազմակերպվել էր ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԿ-ի այլ կազմակերպությունների կողմից։ Դա հարցին նվիրված այն ինը խորհրդակցություններից մեկն էր, որոնք ի վերջո պիտի նպաստեին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Քոֆի Անանի կողմից հաջորդ տարում իրականացվելիք ծավալուն ուսումնասիրությանը։ Մանեի հետ միասին խորհրդակցությանը մասնակցում էին ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակԻ երեխաների պաշտպանության ծրագրերի ղեկավար` Նաիրա Ավետիսյանը և երեք ներկայացուցիչ` կառավարության տարբեր գերատեսչություններից։

<<Մեզ խնդրել էին գտնել մեկին, որը ծանոթ է երեխաների իրավունքներին, տեսաժապավեններ ստեղծելու և հոդվածներ գրելու փորձ ունի>>, - ասում է Ավետիսյանը։ <<Ահա թե ինչու ընտրեցինք Մանեին։ Նկատի ունենալով նյութեր ստեղծելու <<Մանանայի>> փորձը, որոնք կազմակերպությունը տարածում է տարեկից երեխաների շրջանում, մտածեցինք, որ ամենաճիշտը կլիներ հենց այդ կազմակերպությունից մեկին ընտրելը ։ Իսկ հուլիսի վերջին մենք մտադիր ենք կլոր սեղան կազմակերպել Հայաստանում>>։

Մանեն, անկասկած, մեծապես շահել է խորհրդակցությանը մասնակցելուց։

<<Նախքան Լյուբլյանա գնալը, ինձ մտահոգում էր երեխաների նկատմամբ բռնությունը, թեև այն ժամանակ այնքան լավ տեղեկացված չէի, որքան հիմա>>, - ասում է նա։ <<Մասնավորապես, ես ավելի շատ բան իմացա երեխայի հանդեպ կիրառվող բռնության հնարավոր հետևանքների մասին։ Օրինակ, նույնիսկ դեմքին հասցված ապտակը կարող է վնասել երեխային։ Նախքան խորհրդակցությունը ես թերևս չէի մտածի, որ դա բռնություն է>>։

Ըստ Մանեի, Հայաստանում գրեթե բոլոր երեխաները մի որևէ ձևի կամ չափի բռնության են ենթարկվում։ Մասնավորապես, ասում է նա, դա առանձնապես ակնհայտ է դպրոցներում ու հաստատություններում, մի բան, որ եզրակացրին նաև խորհրդակցության այլ մասնակիցները։ Դժբախտաբար, ասում է Մանեն, երբ բռնությունը դասարանում դառնում է <<ընդունելի>>, այն այնուհետև դրսևորվում է ավելի մեծ կամ ուժեղ երեխաների կողմից փոքրերին կամ թույլերին ճնշելու ձևով։

<<Հայաստանում այս խնդրի վերաբերյալ իրազեկվածությունը շատ ցածր է>>, - բացատրում է Մանեն, - <<այնինչ բռնություն կատարվում է ընտանիքներում, դպրոցներում ու հատկապես հաստատություններում։ Ծեծը համարվում է երեխաներին կարգի հրավիրելու ընդունված ձև։ Սակայն սարսափելի բան է, երբ ուսուցիչը բոլորի ներկայությամբ խփում է աշակերտին։ Դա նվաստացուցիչ է և կարող է լուրջ ազդեցություն ունենալ երեխայի ինքնասիրության վրա։ Ես ցանկանում եմ նպաստել երեխաների, ինչպես նաև ծնողների և ուսուցիչների իրազեկության բարձրացմանն այս հարցում։ Ամենից առաջ, սակայն, անհրաժեշտ է բարձրացնել ընդհանուր հանրության իրազեկությունը>>։

<<Իհարկե>>, - եզրափակում է Մանեն, - <<ծնողները հարկ եղած դեպքում իրենց երեխաներին կարգի հրավիրելու իրավունք ունեն, և կարևոր է, որ ոչ ոք չփորձի դեմ գնալ նրանց իրավասությանը։ Սակայն ես ուզում եմ հիշեցնել ծնողներին, որ մի ժամանակ իրենք էլ են երեխա եղել, իսկ նրանց ներկայիս գործողությունները կարող են ազդել ապագա սերնդի դաստիարակության վրա։ Բռնությունը երեխաների դաստիարակության ձև չէ>>։


Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակ:

Տեղեկատվության և հաղորդակցության ծրագրերի ղեկավար
Էմիլ Սահակյանին:

Հեռ: (374 10) 52 35 46, 56 64 97

Էլ.հասցե: esahakyan@unicef.org

 

 
Search:

 Email this article

unite for children