Իրական պատմություններ

Իրական պատմություններ

 

Փոքրամասնությունների երեխաների կրթությունը

ՖԻՈԼԵՏՈՎՈ, Լոռու մարզ - Հազվադեպ է լինում, երբ Հայաստանում մտնում ես մի գյուղ, ուր քեզ լրիվ <<օտար>> ես զգում, սակայն այս գյուղն այդ քչերից մեկն է բառիս ամենայն իմաստով։ Խնդիրը այն չէ, որ ռուս մոլոկաններից բաղկացած այս էթնիկապես համասեռ գյուղի բնակիչները այցելուներ չեն սիրում։ Պարզապես, նրանց ներկայությունը Ֆիոլետովոյի գոյատևման ու բարգավաճման համար էական չի համարվում։

Մոլոկանները ռուսներ են, որոնք ռուսական օրթոդոքս եկեղեցուց անջատվել են 17-րդ դարում։ Ֆիոլետովոն, որի բնակչությունը 1500-ի չի հասնում, Երևանից դուրս գտնվող ամենամեծ համայնքն է։ Մոլոկանների ընդհանուր բնակչությունը Հայաստանում կազմում է 5000 մարդ, թեև 14 տարի առաջ՝ երկրի անկախացման ժամանակ հանրապետությունում ապրում էր մոտավորապես 12000 մոլոկան։ Այդ ժամանակից ի վեր շատերը հեռացել են երկրից։

Այդ համայնքը <<փակված>> անվանելը չափազանցություն չէ։ Ըստ էության, ասվածը շատ հեռու չէ ճշմարտությունից։ Իրենց նշանավոր թթու դրած վարունգը Ֆիոլետովոյից ու մոտակա Լերմոնտովոյից շուկա հանելու համար դուրս գալը չհաշված` գյուղը նման է Հայաստանի մնացած մասից անջատված ավանդական ռուսական տարածքի։ Ձեզ կարող է նույնիսկ թվալ, թե մտել եք Ռուսաստանի խորքում ընկած բնակավայր։

Շատերը մոլոկաններին համարում են Միացյալ Նահանգների ամիշներին նման մի հանրություն։

Ճիշտ է, մոլոկաններն օգտվում են մոտորացված մեքենաներից, բայց դրա հետ մեկտեղ ալկոհոլ օգտագործելն արգելված է ճիշտ այնպես, ինչպես համայնքից դուրս ամուսնությունը։ Իսկ նրանց հավատքի խիստ հետևորդների շրջանում արգելված է նաև հեռուստացույցը։ Փողոցներում տիրում է անբասիր մաքրություն, և ամեն մի տուն պատված է ներկի թարմ շերտով։ Տղամարդիկ տարիներ շարունակ չսափրած երկար մորուք ունեն, իսկ կանանց մեծ մասը գլխաշոր է կրում։

Մոլոկանների խիսկ շեկ ու կապուտաչյա երեխաների հաղորդակցության միակ լեզուն ռուսերենն է։

Եվ ահա այստեղ է պրոբլեմը։ Որքան էլ որ այս պատկերը հովվերգական ու ստանդարտից դուրս թվա, կրթության դեպքում այն ճիշտ հակառակն է։ Ըստ <<Հազարաշեն>> ազգագրական հետազոտությունների հայկական կենտրոնի կողմից վերջերս անցկացրած հետազոտության, որը վերաբերում էր ազգային փոքրամասնությունների համայնքներում կրթությանը, <<Մոլոկանները շարունակում են իրենց արժեքները կրթությունից բարձր դասել, որի հետևանքով կրթությունը երկրորդական համարելու իներցիան այդպես էլ շարունակվում է>>։

Կրթության ու գիտության նախարարության և Ազգային վիճակագրական ծառայության համար այդ զեկույցի պատրաստումը հնարավոր եղավ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ֆինանսական ու փորձագիտական աջակցության շնորհիվ։ Այդ ուսումնասիրությունը հաջորդեց կրթության վերաբերյալ Հայաստանում 2001թ. անցկացված ուսումնասիրությունից հետո։ Դրանից հետո ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտնաբերեց, որ ի լրումն փախստականների համայնքների, ազգային փոքրամասնությունների համայնքներում նույնպես դպրոցից դուրս մնացող երեխաների թիվը կազմում է ազգային միջին ցուցանիշի կրկնակին։

Այդ նկատառումով 2001թ.ի զեկույցում տրված առաջարկություններից մեկը նոր գնահատում անցկացնել էր՝ կենտրոնանալով հիմնականում ազգային փոքրամասնություններ ներկայացնող համայնքների վրա։ Չնայած Հայաստանը համարվում է հիմնականում մեկ էթնիկական տարր ներկայացնող երկիր, բնակչության 2.2 տոկոսը կազմում են ազգային փոքրամաս խմբեր՝ եզդիներ, ասորիներ, ռուսներ և հրեաներ։ Որոշվեց այդ զեկույցը պատրաստել`կենտրոնանալով հանրապետութան երեք ամենախոշոր ազգային փոքրամասնությունների՝ եզդիների և քրդերի, ասորիների և ռուս մոլոկանների վրա։

<<Մենք իմացանք, որ ասորական համայնքում ոչ մի խնդիր չկա>>, - ասում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթական ծրագրերի ղեկավար` Մարինե Սուխուդյանը։ <<Պատմականորեն, ինչպես նաև մշակութային առումով ասորական համայնքում բարձր են գնահատում կրթության արժեքը և ամեն ինչ անում են ապահովելու, որ իրենց երեխաները պատշաճ կրթություն ստանան։ Իհարկե, նրանք դեռևս դասագրքերի հետ կապված խնդիրներ ունեն, որը լուրջ հարց է Հայաստանում գոյություն ունեցող ցանկացած ազգային փոքրամասնության համար>>։

Մոլոկանների նման, ասորիներն էլ իրենց կրթությունը հիմնականում ստանում են ռուսերեն լեզվով, սակայն նրանց օգտագործած դասագրքերի մեծ մասը խորհրդային շրջանից մնացած դասագրքերն են և չեն համապատասխանում նոր ուսումնական ծրագրերի պահանջներին։ Չեն բավականացնում նաև ազգային փոքրամասնությունների լեզուներով ուսուցողական նյութերը, սակայն Սուխուդյանի ասելով, Հայաստանի կրթության ազգային ինստիտուտն այժմ ամեն ազգային փոքրամասնություն ներկայացնող համայնքում փնտրում է կրթված մարդկանց այս խնդրին լուծում տալու համար։

Սակայն, նրա ասելով ավելի լուրջ ու մտահոգիչ հարցեր էլ կան։ <<Օրինակ, անցած 15 տարիների ընթացքում փոքրամասնությունների համայնքներից շատ քիչ թվով երեխաներ էին ընդունվում բարձրագույն ուսումնական հաստատություններ>>, - բացատրում է նա։ <<Մենք հայտնաբերեցինք նաև, որ եզդիական համայնքներում երեխաները դպրոց են հաճախում տարվա ընթացքում միջին հաշվով երկուսից հինգ ամիս։ Սկզբում կարծում էինք, թե խնդիրը կապված է աղքատության հետ, բայց ավելի ուշ պարզեցինք, որ դա կրթության նկատմամբ համայնքի վերաբերմունքի արտահայտությունն է>>։

<<Բացի ասորիներից, մոլոկան և եզդի համայնքների համար առաջնայինը աշխատանքն է>>, - շարունակում է Սուխուդյանը։ <<Վերաբերմունքը աղջիկների ու տղաների կրթության նկատմամբ նույնպես խիստ տարբեր է։ Շատ համայնքներում 8-ր դասարանը համարվում է կրթության շրջանի ավարտը։ Հայաստանի օրենսդրությամբ, ութամյա կրթությունը պարտադիր է, սակայն բազմաթիվ գործոնների ազդեցությամբ իրական պատկերն այլ է>>։

Ազգային փոքրամասնությունների համայնքների երեխաները դպրոց գնալու փոխարեն մշակում են դաշտերը և հետևում անասուններին։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից ֆինանսավորված զեկույցում նշված է նաև, որ որոշ մոլոկան ընտանիքներ իրենց երեխաներին դպրոցից հանել են երկրորդ կամ երրորդ դասարանից։

<<Ծնողները համարում են, որ 3 տարվա կրթությունը բավական է, որպեսզի երեխան իմանա, թե ինչպես կաթ ու կաղամբ վաճառի ու 10 ձու հաշվի, որը նշանակում է, որ կկարողանա փող վաստակել>>, - նշված է զեկույցում, ամփոփելով Լերմոնտովոյի մոլոկանների վերաբերմունքը կրթության հանդեպ։ <<Լիքը ստամոքս ունենալը կրթություն ունենալուց լավ է>>։

Հետևաբար փոքրամասնությունների համայնքներում կրթությունը սեզոնային է և իրականացվում է գյուղատնտեսական օրացույցին համապատասխան։ Միաժամանակ, քանի որ գյուղական համայնքներում գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվում են նաև ուսուցիչները, նրանք շահագրգռված չեն գրանցել փոքրաթիվ հաճախումները, որովհետև իրենք նույնպես բացակայում են։ Սուխուդյանի խոսքերով, <<իրավիճակը փոխադարձաբար շահավետ է ուսուցիչների և աշակերտների ընտանիքների համար>>։

Իսկապես, երբ զեկույցը հեղինակած հետազոտող խումբը օգոստոսին՝ բերքահավաքի ժամանակ այցելեց Լերմոնտովո, գյուղում ոչ մի երեխա չկար։ Նույնիսկ նախադպրոցական տարիքի երեխաներին ուղարկել էին դաշտ՝ ծնողներին օգնելու։ Ամեն տարի նրանք դաշտում աշխատում են մինչև հոկտեմբերի կեսը, իսկ երբեմն էլ նաև մինչև նոյեմբերի սկիզբը։

Նույնիսկ այս վիճակում դպրոցի աշխատանքը գնահատվում է <<բավարար>>, թեև երեխաները շատ քիչ կամ գրեթե ոչինչ չեն սովորում։ Որոշ դեպքերում, հատկապես եզդիական համայնքներում աշակերտներն ու ուսուցիչները չեն կարողանում հաղորդակցվել միմյանց հետ։ Այս համայնքներում ուսուցիչները հայ են, և եզդի ընտանիքից եկած ամեն նոր երեխա բացի մայրենի եզդիերենից հազիվ է այլ բան հասկանում։

<<Դասագրքերը նույնպես հայերեն լեզվով են, իսկ եզդի երեխաները հայերեն սկսում են հասկանալ միայն երկու-երեք տարի դպրոց հաճախելուց հետո>>, - ասում է Սուխուդյանը։ <<Մինչ այդ երեխայի զարգացումը հետ է մնում և, փաստորեն, արգելակվում է։ Իհարկե, կան նաև ոչ մեծ թվով եզդի ուսուցիչներ, բայց քանի որ բնակվում են հարևան գյուղերում, փոխադրամիջոցի խնդիր է առաջանում, որն առանձնապես զգացվում է ձմռան ամիսներին>>։

Ազգությամբ հայ ուսուցիչները բառերի փոխարեն երբեմն ձեռք ու ոտքով են խոսում, որպեսզի <<բացատրեն ու գիտելիք հաղորդեն աշակերտներին>>։

Եվ մինչ գյուղի անբարենպաստ սոցիալ-տնտեսական պայմանները, ինչպես նաև գյուղական դպրոցների անմխիթար վիճակը խանգարում են կրթությանը, հիմնական խնդիրը մշակութային է։ Դա հատկապես վերաբերում է աղջիկներին։ <<Կան ընտանիքներ, որոնք աղջկա կրթությունը վտանգավոր են համարում>>, նշված է զեկույցի մեջ։ <<Նրանք կարծում են, որ կրթված կինը կարող է գաղափարներ ունենալ և ոչ այնքան հնազանդ լինել տղամարդուն>>։

Սակայն չնայած այս խոչընդոտներին, փոքրամասնությունների համայնքներում կան երեխաներ, որոնք կուզենային սովորել բարձրագույն ուսումնական հաստատությունում։ Զովունի եզդիական գյուղում, օրինակ, մի աղջիկ լաց եղավ, որ դպրոցն ավարտելուց հետո չի կարողանա շարունակել ֆրանսերեն սովորելը։ Մեկ այլ եզդի աղջիկ ասում է, որ եթե հնարավորություն լիներ, կուզենար սովորել, իսկ հետո ինքը ուսուցաներ հայոց լեզու և գրականություն։

Այս հարցի լավագույն լուծում կարող էր լինել հանրային իրազեկության բարձրացմանն ուղղված քարոզարշավի կազմակերպումը, որը կխրախուսեր կրթության կարևորությունը ազգային փոքրամասնությունների համայնքներում։ Հայաստանի Արագածոտնի մարզպետն արդեն հանձն է առել ՅՈՒՆԻՍԵՖ-ին աջակցել այս գործում։ Մասնավորապես, հատուկ ուշադրություն կդարձվի եզդի և մոլոկան երեխաներին վաղ հասակում, հատկապես նախադպրոցական հաստատություններում, հայերեն սովորեցնելուն։

ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանի 5 մարզերի 100 դպրոցներում սովորող 8000 աշակերտի կհատկացնի ուսումնական պարագաներ պարունակող <<դպրոցական արկղեր>>։ Դրանցից կստանան նաև կարիքավոր հայ համայնքները, հատկապես նրանք, որ ապրում են սահմանային հետամնաց տարածքներում։

<<Ես երազում եմ բժիշկ դառնալ>>, - ասում է լերմոնտովցի մի աղջիկ, - <<բայց մոլոկանը ո՞նց համալսարան կընդունվի։ Մենք չենք կարող բարձրագույն կրթություն ստանալ, որովհետև հայերեն չգիտենք։ Այստեղ ոչ մեկը հայերեն չգիտի>>։


Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակ:

Տեղեկատվության և հաղորդակցության ծրագրերի ղեկավար
Էմիլ Սահակյանին:

Հեռ: (374 10) 52 35 46, 56 64 97

Էլ.հասցե: esahakyan@unicef.org

 

 
Search:

 Email this article

For every child
Health, Education, Equality, Protection 
ADVANCE HUMANITY