Իրական պատմություններ

Իրական պատմություններ

 

Հայաստան - Փոքր խնդիր չէ

ՎԱՆԱՁՈՐ, Հայաստան – Հեղինե Սուվարյանի համար թերևս մի փոքր վաղ է տեղի մանկապարտեզի շենքում գործող ծնողական ռեսուրս կենտրոն հաճախելը, բայց այդ հղի կինն օգտվում է կենտրոնի ծառայություններից։ Չնայած ծննդաբերությունը սպասվում է միայն նոյեմբերին, նա արդեն մտածում է ապագայի մասին՝ ծանոթանալով ՅՈՒՆԻՍԵՖ-ի տրամադրած տեղեկատվական նյութերին, որոնք զետեղված են ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջոցներով կահավորված ու անհրաժեշտ պարագաներով լի սենյակում։

Դիմացը նստած է երկու երեխայի մայր Գեղեցիկ Քոչարյանը։ Նրա մեծ երեխան մանկապարտեզ չի հաճախել, բայց վեց տարեկան Սոնան այժմ մանկապարտեզի ավարտական խմբում է։ <<Ես տեսնում եմ տարբերությունը>>, - ասում է նա։ <<Տղաս մանկապարտեզ չգնաց և դպրոցին պատրաստ չէր։ Նունիսկ ձեռքը պատրաստ չէր գրելուն։ Սկզբում նրա համար դժվար էր>>։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթության ծրագրերի ղեկավար Մարինե Սուխուդյանին այս փաստը քաջ հայտնի է։

<<Երբ երեխաները դպրոց են ընդունվում առանց հիմնական գիտելիքների պաշարի, նրանց համար ավելի դժվար է լինում հարմարվել նոր միջավայրին, այդպիսի երեխաները հակված են ավելի քիչ շփվել ուսուցիչների և տարեկիցների հետ>>, - ասում է նա։ <<Նրանք արդեն բաց են թողել իրենց ուղեղն աշխատեցնելու հնարավորությունը, որպեսզի ուսումնասիրեն, համեմատեն ու սովորեն։ Դա է պատճառը, որ Հայաստանի դպրոցներում ամեն դասարանում միջին հաշվով ընդամենը երկուսից հինգ լավ աշակերտ կա, իսկ շատ երեխաներ չեն կարողանում լիարժեք յուրացնել պահանջվող ուսումնական ծրագիրը>>։

Այս խնդիրը լուծելու համար Հայաստանի կառավարությունն այժմ մտադիր է նախադպրոցական կրթությունը հինգ տարեկանից սկսած դարձնել պարտադիր։ Քանի որ մանկապարտեզների մեծ մասը քարացած ու ոչ ճկուն են, նախատեսվում է դրանք դարձնել երեխաների ու ծնողների կարիքներին առավել հարմար, վերանայելով ժամերն ու տրամադրվող ծառայությունները։ Դրա շնորհիվ մանկապարտեզ ընդունվողների և հաճախողների թիվը կավելանա։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև կաջակցի մասնավորապես ծնողներին ուղղված միջոցառումներում և կօգնի բարձրացնել տան պայմաններում իրականացվող կրթության մակարդակը այն համայնքներում, ուր մանկապարտեզ կամ նախադպրոցական որևէ հաստատություն չկա։

Վանաձորում երկու մայրերը հանգիստ ու միանգամայն անկաշկանդ են երևում այս միջավայրում։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե սովորական մանկապարտեզ է, որ կարող է լինել Արևմուտքի որևէ երկրում, սակայն արտաքին տեսքը կարող է խաբուսիկ լինել։ Չնայած Հայաստանում մեծությամբ երրորդ քաղաքի այս մանկապարտեզի հարմարությունները 120 երեխայի համար են, ընդունված 107 երեխայից այժմ միայն 75-ն է կանոնավոր հաճախում։ Ձմեռն ամենադժվար ամիսն է, երբ արդեն հազիվ բավականացնող բյուջեի վրա ծանրանում է նաև ջեռուցման ծախսը։

Այսուհանդերձ չնայած սոցիալ-տնտեսական անբարենպաստ պայմաններին, այս մանկապարտեզը կարելի է հաջողված համարել մի երկրում, որտեղ տասը երեխայից միայն երկուսն է որևէ տեսակի նախադպրոցական հաստատություն հաճախում։ Այդ տարբերությունը ստեղծում են իրենք՝ մանկապարտեզի աշխատակիցները։ Փոխանակ միջոցների սղությունից գանգատվելու, սովորելու և հարմարվելու պատրաստ աշխատակազմն արագորեն յուրացնում ու ներդնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից առաջարկված նոր մեթոդները։

<<Մեր մոտեցումն է չսպասել փող լինելուն>>, - բացատրում է մանկապարտեզի տնօրեն Արմաիդա Աբովյանը։ <<Փոխանակ սպասելու, որ մեզ համար խաղալիքներ գնեն կամ նվեր տան, մենք գործի ենք դնում սեփական երևակայությունն ու ստեղծագործ հմտությունները խաղեր ու զվարճություններ հորինելու համար>>։

Պատերը Աբովյանի աշխատասենյակից դուրս զարդարված են մանկապարտեզի աշխատողների պատրաստած ավանդական հայկական տիկնիկներով, որոնց պատրաստման համար օգտագործել են ծնողների տրամադրած նյութերը։ Ներքևում 6 տարեկան տղաների խմբում երեխաները իրենց իսկ հավաքած տասնյակ շշերի կափարիչներով շաշկի են խաղում, որը թերևս տխուր է հնչում, բայց շշերի կափարիչները բավական գունեղ ու գրավիչ տեսք ունեն։ Սենյակի մի անկյունում էլ ստվարաթղթից պատրաստած լուսաֆորներ են, որոնցով երեխաներին հետագայում սովորեցնելու են փողոցային անվտանգության կանոնները։

Աբովյանը սիրով է ցույց տալիս նաև ծառերն ու թփերը, որ տնկել ու խնամում են երեխաները։ Չնայած հրահանգ չի եղել ու մանավանդ միջոցներ չեն հատկացվել շրջակա միջավայրի պահպանման իրազեկությունը այս նախադպրոցական երեխաների շրջանում բարձրացնելու վերաբերյալ, շատ կարևոր է, որ նրանք դրա մասին պատկերացում ունենան։ Վանաձորը տուժել է 1988թ. երկրաշարժից, իսկ անտառահատումը հասնում է զանգվածային չափերի։

Սակայն ՀՀ Կրթության ու գիտության նախարարության Տեղեկատվության վերլուծության ու մշակման վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը նշում է, որ այս մանկապարտեզը մտնում է հանրապետությունում գործող մանկապարտեզների ընդամենը 20 տոկոսի մեջ։ Նույնիսկ խորհրդային շրջանում մանկապարտեզ ընդունված երեխաների թիվը կազմում էր 45 տոկոս, քանի որ ծնողների մեծ մասը մանկապարտեզը համարում էր երեխաներին պահելու վայր, այլ ոչ թե նրանց զարգացման համար անհրաժեշտ հաստատություն։

<<Ներկայիս վիճակը պայմանավորված է նաև մի շարք այլ հանգամանքներով>>, - ավելացնում է Ստեփանյանը։ <<Հիմնական պատճառն իհարկե այն է, որ համայնքները ֆինանսական միջոցներ չունեն տեղական մանկապարտեզները պահելու համար։ Բացի դրանից, ծնողների մի մասը չի կարող վճարել այն փոքրիկ ամսական վարձը, որ պետք է վճարեն իրենց երեխաների հաճախման համար, մի մասին էլ չի գոհացնում առաջարկվող ծառայությունների մակարդակն ու որակը>>։

Այդուհանդերձ, Ստեփանյանը համոզված է, որ դրությունը կփոխվի։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Համաշխարհային Բանկն արդեն աշխատանքային խումբ են ստեղծել Հայաստանի մանկապարտեզների և նախադպրոցական այլ հաստատությունների բազմաթիվ խնդիրներին լուծումներն առաջարկելու համար։ Ստեփանյանի կարծիքով, վերափոխված ուսումնական ծրագրի և մի խումբ նոր չափանիշների ներդրումով այնպիսի մանկապարտեզները, ինչպիսիք Վանաձորի մանկապարտեզն է, այսուհետ ոչ թե բացառություն, այլ օրինաչափություն կլինեն, նույնիսկ ֆինանսական միջոցների սղության դեպքում։


Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակ:

Տեղեկատվության և հաղորդակցության ծրագրերի ղեկավար
Էմիլ Սահակյանին:

Հեռ: (374 10) 52 35 46, 56 64 97

Էլ.հասցե: esahakyan@unicef.org

 

 
Search:

 Email this article

unite for children