Մանկական հիվանդությունների ինտեգրացված կառավարում (ՄՀԻԿ) , Հայ երեխաներին՝ կյանքի առողջ սկիզբ
 |
Իր ծննդյան 18-րդ օրը Հովիկն այնքան արագ էր շնչում, որ տագնապած մայրն շտապեց բժշկական օգնության դիմել։ 38.5 աստիճան ջերմություն ուներ, և բժիշկը ախտորոշեց թոքաբորբ։ Հովիկը, որ այժմ արդեն երկու տարեկան է, փրկվեց մոր անհապաղ գործողության, արագ ախտորոշման և շտապ բուժում ստանալու շնորհիվ։
Մի քանի տարի առաջ, սակայն, այս պատմությունը կարող էր բոլորովին այլ ելք ունենալ։ Հնարավոր է, որ Հովիկը պարտված դուրս գար կյանքի համար պայքարում։
Երբ Հայաստանը 1991թ.-ին անկախություն հայտարարեց, քչերն էին գիտակցում, որ սոցիալական ծառայությունների, հատկապես առողջապահության ոլորտի համար ծախսումները կտրուկ նվազելու են։ Հետխորհրդային այս հանրապետությունում, ուր դեռ թարմ էին երկրաշարժի ու պատերազմի հետևանքները, մեծապես ավելացավ մանկական մահացությունը։
Տագնապի զանգերն առաջին անգամ լսվեցին 1988թ.ին, երբ պաշտոնական վիճակագրությամբ հայտնի դարձավ, որ երկրում թոքաբորբից մահացած երեխաների մեկ երրորդը մահվանը նախորդող 24 ժամվա ընթացքում ոչ մի տեսակի բուժում չէր ստացել։ Իսկ 2001թ., ըստ Հայաստանի առողջապահության նախարարության տվյալների, մանկական մահացության դեպքերի ավելի քան 20 տոկոսի դեպքում մահը տեղի էր ունեցել տանը կամ վրա էր հասել հիվանդանոց գնալու ճանապարհին։
ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՄԱԿ-ի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն անմիջապես գործի անցան, ստիպելով ու օգնելով, որպեսզի անցնեն մանկական հիվանդությունների ինտեգրացված կառավարման։ ՄՀԻԿ-ի նպատակն է ծնողներին տալ կենսափրկրարար նշանակության տեղեկատվություն, որը նրանց կօգնի հասկանալ մանկական հիվանդության վաղ նշանները և անհապաղ գործողության անցնել։ Դրա նպատակն է նաև առողջապահության աշխատողներին սովորեցնել հմտություններ, որպեսզի կարողանան ճիշտ ախտորոշել և արդյունավետ բուժում կատարել։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Առողջապահության համաշխարհային կազմակերպության և կառավարության միջև նախնական հանդիպումները կայացան 1999թ. հոկտեմբերին, իսկ ՄՀԻԿ-ի վերապատրաստումներն սկսվեցին 2001թ. մայիսին Իջևանի տարածքում։ Հաջորդ տարին վերապատրաստումներ անցկացվեցին Հայաստանի Գեղարքունիքի մարզի Մարտունու շրջանում, որը մինչև վերջերս մանկական մահացության ամենաբարձր ցուցանիշներն ուներ հանրապետությունում։
<<Սա բարձր լեռնային շրջան է>>, - ասում է Մարտունիի պոլիկլինիկայի գլխավոր մանկաբույժ և փոխտնօրեն Լենա Հովհաննիսյանը։ <<Ձմեռներն այստեղ խիստ դաժան են և տևում են յոթից ութ ամիս։ Արդյունաբերական ձեռնարկությունները չեն աշխատում, իսկ մարդկանց կենսապայմանները շատ ծանր վիճակում են>>։
Նայելով միջազգային չափորոշիչներով և Հայաստանի պայմաններին համապատասխանեցված աղյուսակին, բուժքույրերն այժմ կարող են տեսնել մինչև հինգ տարեկան երեխաներին հատուկ հիվանդությունների ամենաբնորոշ ախտանշանները և անհրաժեշտ գործողություններ ձեռնարկել նրանց անհետաձգելի կարիքներին արձագանքելու համար։
<<Քույրը նախ և առաջ ստուգում է, թե արդյոք կան ախտանշաններ, որ ներկայացված են աղյուսակի կարմիր հատվածում, որտեղ լուրջ պրոբլեմներն են>>, - պարզաբանում է Հովհաննիսյանը։ <<Այնուհետև ստուգում է դեղին հատվածը, որոնցում ցույց են տրված այն պայմանները, երբ անհրաժեշտ դեղորայք նշանակելու դեպքում կարելի է բուժել առանց հիվանդանոց տեղափոխելու։ Վերջապես, կանաչ հատվածում նշված են այն ախտանշանները, որոնց դեպքում բուժումը կարելի է անցկացնել տանը՝ առանց դեղորայքի>>։
.jpg) |
Ծրագրի նպատակն է երեխայի խնամքի և ընդհանուր մանկական հիվանդությունների մասին իրազեկությունը բարձրացնել հենց ծնողների շրջանում, հատկապես մի շրջանում, որտեղ պահպանողական ավանդույթները դեռևս կարևոր դեր են խաղում ընտանեկան կյանքում։ Անցյալում մայրերի մի մասը բժշկական օգնության էր դիմում միայն ընտանիքի այլ անդամներից մեկի խորհրդով, այլ ոչ թե մասնագիտական կրթություն ունեցող բուժաշխատողների առաջարկությամբ։
Այժմ մայրերը բավական բան են սովորել և կարող են որոշումներ ընդունել ՄՀԻԿ-ից ստացած գիտելիքների հիման վրա։
<<Նախքան ծրագիրը, մայրերը սովորաբար խլում էին մեր ժամանակը` հարցեր տալով ու իրենց մտահոգություններն արտահայտելով, բայց հիմա գիտեն, թե ինչպես վարվեն իրենց երեխաների հետ, եթե նրանց մոտ ի հայտ են գալիս աննշան կամ ոչ այնքան լուրջ ախտանշաններ>>, - ասում է շրջանի մանկաբույժ և ՄՀԻԿ-ի վերապատրաստող Կարինե Գրիգորյանը։
<<Բուժական անձնակազմն այժմ շատ ինքնավստահ ու գիտակ է>>, - ավելացնում է բժիշկ Հովհաննիսյանը։ <<Նույնիսկ նվազել է ոչ անհրաժեշտ հոսպիտալացումների թիվը, որովհետև քույրերն այժմ կարողանում են հասկանալ, թե որ դեպքերում է հնարավոր երեխային բուժել տնային պայմաններում>>։
Առկա են նաև այլ բարելավումներ։ Օրինակ, մեծ չափով նվազել է սուր ջրազրկումից տառապող երեխաների թիվը։ Ըստ Հովհաննիսյանի` դա լիովին բերանով ընդունվող աղի ներմուծման շնորհիվ է։
<<Եթե մի քանի տարի առաջ այցելեիք հիվանդանոց, անպայման կտեսնեիք ջրազրկումից տառապող մի տասը երեխա։ Այժմ ՄՀԻԿ-ի և բերանով ընդունվող աղի շնորհիվ, հազիվ թե այդպիսի դեպք տեսնեք։ Բերանով ընդունվող աղի ներմուծումը իսկական հեղափոխություն առաջացրեց>>։
<<Նախքան ծրագիրը այստեղ ծանր դեպքերը շատ էին>>, - համաձայնում է Կարինե Մանուկյանը, որը Մարտունու մոտ գտնվող Զորաքար գյուղի բուժքույրն է։
<<Այսպիսի մի ծանր դեպք երեք տարեկան մի աղջկա ջրազրկման դեպքն էր, որ ծնողները կարծում էին, թե երեխան կմահանա։ Մենք պատահաբար հանդիպեցինք նրա ծնողներին և ՄՀԻԿ-ի շնորհիվ ժամանակին ճիշտ բուժում նշանակեցինք>>։
Սակայն ՄՀԻԿ-ը ուրիշ՝ ավելի քիչ տեսանելի արդյունքներ էլ է տվել։
<<Մեկ այլ փոփոխություն էլ այն է, որ տարիներ շարունակ չէինք կարողանում ընդլայնել մեր գիտելիքները կամ նոր հմտություններ ձեռք բերել>>, - ասում է Մանուկյանը, - <<ՄՀԻԿ-ը մեզ օգնել է բարձրացնել մեր գիտելիքների և հմտությունների մակարդակը, ինչպես նաև խթանել է մեր մասնագիտական աճին։ Մենք մեզ այժմ իսկական մանկաբույժ ենք զգում>>։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի
հայաստանյան գրասենյակ:
Տեղեկատվության և հաղորդակցության ծրագրերի ղեկավար
Էմիլ Սահակյանին:
Հեռ: (374 10) 52 35 46, 56 64 97
Էլ.հասցե: esahakyan@unicef.org