Իրական պատմություններ

Իրական պատմություններ

 

Վերջին եզրագիծը - երիտասարդ հայ բեմադրիչները գնալով ավելի են հզորանում

Տասնչորս տարեկանում Գոռ Բաղդասարյանը շահեց մեկ րոպեանոց տեսաժապավենի համար առաջին անգամ սահմանված պատանեկան մրցանակը, որը կազմակերպվել էր ՅՈՒՆԻՍԵՖ-ի Երիտասարդական լրատվական ցանցի, Սանդբերգի ինստիտուտի և Եվրոպական մշակութային հիմնադրամի կողմից։ Գոռը երիտասարդ հայ կինոբեմադրիչ է, որն աշխատում է Երևանում գործող <<Մանանա>> երիտասարդական-մշակութային ՀԿ-ում։

Նրա տեսաժապավենը, որը կոչվում է <<Երեխաները պետք է ապրեն առանց պատերազմի>>, Օսկարի մրցանակի ներկայացված կինոբեմադրիչ Քարիմ Թրայդայի կողմից ընտրվեց որպես պատանեկան մակարդակի լավագույն մեկրոպեանոց ֆիլմը։ <<Գոռի ժապավենն ուներ շատ շիտակ ուղերձ, հիանալի սցենար և նկարահանման հետաքրքիր ոճ, որը դիտողին գրավում է սկզբից մինչև վերջ>>, - ասաց Թրայդան 2002 թվականի նոյեմբերի 10-ին Ամստերդամում կայացած մրցանակաբաշխության ժամանակ։

Երկու տարի անց, և հիմա արդեն մի քանի տեսաժապավենների հեղինակ երիտասարդ բեմադրիչը հանդես է գալիս որպես իսկական լուրջ արվեստագետ։

<<Ես պատերազմի թեմային շատ եմ անդրադառնում, քանի որ Հայաստանը բախման հետ կապված շատ խնդիրներ է ունեցել>>, - ասում է Բաղդասարյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչու է ընտրել ֆիլմ հակապատերազմական ուղերձով։ <<Երբ մեծացա>>, - պարզաբանում է նա, - <<պատերազմը Ադրբեջանի հետ շարունակվում էր, և ես իմ այդ ժամանակվա սեփական փորձից գիտեմ, թե երեխաների համար ինչքան դժվար է ապրել պատերազմական պայմաններում։ ես վստահ չեմ, բայց հույս ունեմ որ իմ ֆիլմերը որևէ բան կփոխեն։ Շատ կարևոր է, որ ֆիլմերը ազդեցություն ունենան>>։

Սակայն գործերը կարող էին բոլորովին այլ կերպ դասավորվել, եթե չլիներ 1995թ. Հայաստանի մայրաքաղաքում հիմնադրված <<Մանանա>> երիտասարդական կրթական-մշակութային կենտրոնը։ Կազմակերպությունն իր գործունեությունն սկսել էր երեխաներին քաջալերելով, որ հոդվածներ ու բանաստեղծություններ գրեն իրենց կյանքի ու շրջապատի մասին, իսկ հետագայում ընդլայնել էր այդ շրջանակը` ներառելով ֆոտոժուռնալիստիկա, կինոարտադրություն, ինտերնետային կայքերի ձևավորում, հրատարակություն և նկարչություն։ Կազմակերպության աշխատանքներին մասնակից երեխաների թիվը տարեց տարի տարբեր է, սակայն տարեկան միջին հաշվով կազմում է մոտավորապես հիսուն՝ 6-18 տարեկան երեխա։

<<Սկզբում միայն մեկ ժուռնալիստիկայի ակումբ կար, բայց երբ մյուս ակումբները բացվեցին, ֆիլմի բեմադրումը դարձավ իմ ամենասիրած զբաղմունքը>>, - հիշում է Բաղդասարյանը։ <<Ահա թե ինչու որոշեցի դառնալ բեմադրիչ։ Չնայած ինձ դուր էր գալիս պատմությունը գրավոր պատմելու գաղափարը, շուտով հասկացա, որ ինձ համար ավելի հեշտ ու արդյունավետ է նույն պատմությունը ներկայացնել պատկերների միջոցով։ Ես սիրում եմ իմ մտքում ունեցած գաղափարներն ու պատկերները իրականացնել ֆիլմի միջոցով>>։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի Տեղեկատվության և հաղորդակցության ծրագրերի ղեկավար Էմիլ Սահակյանն ասում է, որ իրենց կազմակերպությունը սկզբում սկսել է աշխատել <<Մանանայի>> հետ` լրատվամիջոցների գործունեության մեջ երեխաների ու երիտասարդների ներգրավումը խթանելու համար։ <<2003թ. Երեխաների հեռարձակման միջազգային օրվա առթիվ <<Մանանայի>> սաները մշակեցին սցենարներ և ստեղծեցին մեկ րոպեանոց ժապավեններ, որոնք կրում էին <<Իմ հերոսը>> անունը>>, - ասում է նա։

Սակայն հայկական հեռուստատեսության համար ստեղծված ժապավենները ներկայացվեցին էլ ավելի լայն՝ միջազգային հանդիսատեսի ուշադրությանը։ 2004թ. մարտին Ֆինլանդիայում կայացած Վիդեոտիվոլի կինոփառատոնում ցուցադրության համար ներկայացված 400 ժապավեններից ընտրված 80-ից 10-ը <<Իմ հերոսը>> շարքից էին։ Նույն ամսում <<Եզրագծի վերջը>> ժապավենը, որ ստեղծվել էր ՅՈՒՆԻՍԵՖ-ի <<Դուրս չմնա՛ ո՛ չ մի երեխա>> քարոզարշավի շրջանակներում, ցուցադրվեց մասնագետների համար կազմակերպված Պալմա դե Մայորկայի կինոփառատոնում, որտեղ հյուրի կարգավիճակով ներկա էր նաև Բաղդասարյանը։

Նարինե Դանեղյանի ժապավենը երրորդ մրցանակը շահեց Ավստրալիայում սեպտեմբերին կայացած Օբերնի միջազգային կինոփառատոնում։ Իսկ դրանից մեկ ամիս առաջ <<Մանանան>> մրցանակ նվաճեց նաև Սերբիայում կայացած Երեխաների միջազգային ֆիլմերի փառատոնում։ Չիկագոյում հոկտեմբերին կայացած երեխաների 21-րդ ամենամյա միջազգային կինոփառատոնում հայ երեխայի հակապատերազմական մեկ այլ ժապավեն շահեց <<Քենեթ Ֆ. և Հարլ Գ.Մոնթգոմերի մրցանակը>>` երեխայի կողմից ստեղծած լավագույն կինոնկարի կամ ժապավենի համար։

<<Այս ծրագրի նպատակն է երեխաների ձայնը դարձնել լսելի և հնարավորության տալ նրանց արտահայտել իրենց մտքերն ու զգացմունքները>>, - ասում է Սահակյանը։ Եվ դա, անշուշտ, այդպես է։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ինչպես նաև ՄԱԿ-ի այլ գործակալությունների աջակցության շնորհիվ, ինչպիսին ՅՈՒՆԻՖԵՄ-ն է, Հայաստանի երեխաների ձայնն ու տեսակետները կարողացել են կտրել-անցնել աշխարհագրական սահմանները։ Միջազգային կինոհամայնքի ճանաչումն ստանալուց բացի, <<Մանանան>> ավելի մեծ ճանաչում ձեռք բերեց անձնական մակարդակում։

<<Ես այստեղ շատ բան եմ սովորել>>, - ասում է Բաղդասարյանը, - <<և վստահ չեմ, թե ապագայում ինձ ինչ էր սպասվելու, եթե չլիներ <<Մանանան>> >>։


Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակ:

Տեղեկատվության և հաղորդակցության ծրագրերի ղեկավար
Էմիլ Սահակյանին:

Հեռ: (374 10) 52 35 46, 56 64 97

Էլ.հասցե: esahakyan@unicef.org

 

 
Search:

 Email this article

For every child
Health, Education, Equality, Protection 
ADVANCE HUMANITY