Իրական պատմություններ

Իրական պատմություններ

 

Համակողմանի օգնություն միայնակ ծնողներին և ռիսկի ենթակա երեխաներին

1988թ.ի երկրաշարժից տասնվեց տարի անց, որն ավիրեց Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքը, Վարդուհի Պետրոսյանն ապրում է այն մի քանի հարյուր տնակներից մեկում (ժամանակավոր մետաղե կոնտեյներներ), որ ներկայացնում են այսօրվա Գյումրիի քաղաքային տեսարանը։ Չնայած Լինսի հիմնադրամով վերջերս իրականացված շինարարական աշխատանքներին, աղքատությունը Հայաստանի հյուսիսում գտնվող Շիրակի մարզում շարունակում է գերխնդիր լինել։

Գործազրկությունը երկուսից երեք անգամ ավելի է ազգային միջինից, և բնակչության 60 տոկսի կենսամակարդակը աղքատության գծից ցածր է։ Գյումրիում ապրող շատերի նման, Վարդուհու ընտանիքը չի օգտվում էլեկտրականությունից կամ հոսող ջրից և սնվում է միայն կարտոֆիլով, մակարոնեղենով ու հացով։

Ամուսնանալուց հետո Վարդուհին ու նրա ամուսինը տեղափոխվեցին Ռուսաստան, սակայն յոթ տարի անց նրանց հարաբերությունների խզումից հետո, Վարդուհին վերադարձավ Գյումրի՝ առանց աշխատանքի և միջոցների։ Նրա հետ էին երկու երեխաները՝ այժմ 13 տարեկան Սվետլանան և 11 տարեկան Էմման։

<<Երբ վերադարձանք, իմ դուստրերը խոսում էին կիսառուսերեն և կիսահայերեն լեզուներով>>, - ասում է նա։ <<Դպրոց չէին կարող հաճախել, որովհետև գիրք ու նույնիսկ հագուստ գնելու փող չունեինք։ Մի օր, երբ երեխաներս քաղցած էին և ուտելիք չկար, ես հուսահատությունից ծեծեցի նրանց։ Ուզում էի ինքնասպան լինել։ Չէինք կարողանում անգամ տունը տաքացնել>>։

Սակայն, երբ պարզվեց, որ Սվետլանան ու Էմման դպրոց չեն գնում, Շիրակի միջազգային ասոցիացիայի ռիսկի ենթակա երեխաների խնամքի համայնքային կենտրոնի տնօրեն Գեղանուշ Գյունաշյանն անմիջապես գործի անցավ նրանց ընտանիքին օգնության ձեռք մեկնելու համար։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի օգնությամբ կենտրոնն աջակցում է այն ընտանիքների երեխաներին, ովքեր մենակ են, աշխատում են փողոցում կամ չեն կարողանում դպրոց հաճախել, որովհետև աղքատ են։ Այժմ կենտրոնում գրանցված է 6-15 տարեկան հիսուն երեխա, իսկ շատերն էլ հաճախում են ոչ կանոնավոր կերպով։ Սվետլանայի ու Էմմայի նման, երեխաներից քսանը մեկ ծնող ունեցող ընտանիքներից են։

<<Կենտրոնը միակ ապավենն է, որի շնորհիվ գոյատևում ենք>>, - ասում է Վարդուհին։ <<Սնունդ ստանալու համար երեխաներս հիմա գիշերօթիկ դպրոց են գնում, բայց դպրոցը նրանց դուր չի գալիս։ Ժամը 2-ին դասերն ավարտելուց հետո գնում են կենտրոն և մնում այնտեղ մինչև երեկոյան ժամը 6-ը։ Նրանք սիրում են ժամանակը կենտրոնում անցկացնել։ Գեղանուշը նրանց համար երկրորդ մոր նման է>>։

2002թ. հիմնված այս կենտրոնը երեխաների կարիքները հոգում է երկու սոցիալական աշխատողից, երկու ուսուցչից, մի բուժքրոջից, մի բժշկից, մի հոգեբանից և տասը կամավորներից բաղկացած աշխատակազմով։ Երեխաներին այստեղ սովորեցնում են արհեստներ, օգնում են կատարել դպրոցական հանձնարարությունները։ Երբ Սվետլանան ու Էմման առաջին անգամ կենտրոն եկան, նույնիսկ կարդալ չգիտեին։ Հիմա կենտրոնի աշխատողների շնորհիվ, Սվետլանան կարող է գրել-կարդալ և նույնիսկ երազում է մի օր ծրագրավորող դառնալ։

Թեև Սվետլանան ու Էմման այժմ կրթություն են ստանում, նրանց ընտանիքի ընդհանուր իրավիճակը դրանից չի բարելավվել։

Ապրիլին Վարդուհին տեղափոխվեց հիվանդանոց։ Երկար ժամանակ աղքատության մեջ ապրելը հոգեբանական ծանր ազդեցություն էր ունեցել կնոջ վրա։ Նրա հոգեկան ճնշվածությունն ու սթրեսը ազդել էին նաև երեխաների հետ ունեցած հարաբերությունների վրա։ Նա անտարբեր էր դարձել աղջիկների նկատմամբ և երբեմն նույնիսկ անտեսում էր նրանց։

Մեկ ամիս անց, երբ ավարտվեց կենտրոնի կողմից Վարդուհու համար կազմակերպված բուժումը, Սվետլանան ու Էմման վերամիավորվեցին մոր հետ։ Առանց Շիրակ միջազգային ասոցիացիայի աջակցության` ստեղծված իրավիճակում ընտանիքը կարող էր քայքայվել։ Նմանատիպ իրավիճակում գտնվող ուրիշ շատ երեխաների պես 13-ամյա Սվետլանան իր տարիքից շատ ավելի հասուն է։

<<Ես պատրաստ եմ աշխատել, որ խնամեմ մայրիկիս>>, - ասում է նա։ <<Ես երազում եմ ունենալ ամուր ընտանիք։ Ես չեմ ուզում մայրիկիս համար բեռ լինել, որովհետև գիտեմ, թե սնունդ հայթայթելը որքան դժվար է>>։

Գյունաշյանն ասում է, որ իր խնամած երեխաներից ոչ մեկն իր ընտանիքից առանձին չի ապրում։ Որպես աղքատության վառ հետևանք, գրանցվել է կարիքավոր ընտանիքների երեխաների թվի զգալի աճ, որոնք հաճախում են մասնագիտացված գիշերօթիկ դպրոցներ, հաշմանդամ կամ ծնողազուրկ երեխաների մանկատներ։

2001թ.ից սկսած ՅՈՒՆԻՍԵՖ-ը խթանել է ռիսկի ենթակա և հաշմանդամ երեխաների այլընտրանքային խնամքի կենտրոնների հիմնումը։ Մինչ օրս Ավստրիական և Դանիական ազգային հանձնաժողովների ֆինանսական աջակցության շնորհիվ այդպիսի կենտրոններ հիմնվել են Հայաստանի հինգ կարիքավոր համայնքներում։

<<Այս նախաձեռնությունը էապես կարևոր է այլընտրանքային խնամքի պետական ռազմավարության մշակման համար, որը հնարավորություն կտա կանխել ռիսկի ենթակա երեխաներին հաստատություններում տեղավորելը>>, - նշում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի երեխաների պաշտպանության ծրագրերի ղեկավար` Նաիրա Ավետիսյանը։ <<Այսպիսի նախաձեռնությունների կայունությունն ապահովելու համար հարկավոր է խրախուսել տեղական իշխանությունների և համայնքի դերը`որպես վտանգի ենթակա երեխաների և ընտանիքների նկատմամբ պետական քաղաքականության մի մաս>>։


Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակ:

Տեղեկատվության և հաղորդակցության ծրագրերի ղեկավար
Էմիլ Սահակյանին:

Հեռ: (374 10) 52 35 46, 56 64 97

Էլ.հասցե: esahakyan@unicef.org

 

 
Search:

 Email this article

unite for children