Իրական պատմություններ

Իրական պատմություններ

 

Հայաստան - Հավասարը հավասարին կրթություն

Ցանկացած մեկը, որը կայցելի Հայաստանի մայրաքաղաքի թիվ 43 դպրոցը, Վերոնիկա Սերոբյանին կարող է հեշտությամբ ուսուցչի տեղ դնել։ Մինչդեռ տասնչորսից տասնվեց տարեկան 13 աշակերտների առջև կանգնած աղջկա դասը ինչ-որ ձևով տարբերվում է սովորական դասերից։ Լավագույն բանալին, թերևս, երեխաների վերնաշապիկին ամրացված կարմիր ժապավեններն են։

Սերոբյանը ուսուցիչ չէ, այլ <<ՁԻԱՀ-ի կանխարգելում, ուսուցում և խնամք>> ՀԿ-ի անդամ, որն ստանձնել է մինչև 2005թ. մայիս ամիսը 1400 դպրոցականների, որպես հավասարը հավասարին, վերապատրաստման գործընթացը։ Ինտերակտիվ ուսուցման մեթոդների, քննարկումների ու խաղերի միջոցով երեխաները սովորում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից վարակվելու վտանգի մասին։

<<Մենք խոսում ենք հիվանդության պատմության մասին>>, - ասում է Սերոբյանը, - <<և այն մասին, թե ինչպես է այն տարածվում, ինչ ազդեցություն է ունենում պատանիների իմունային համակարգի, ինչպես նաև կենսաբանական ու հոգեբանական զարգացման վրա։ Ավելի ուշ նրանք իրենց սովորածը կհաղորդեն ընկերներին ու համադասարանցիներին` նրանց հետ այդ մասին զրուցելով>>։

Տասնհինգամյա Օֆելյան ասում է, որ այդ մասին պատմում է նույնիսկ իր ծնողներին և ընտանիքի մյուս անդամներին։

Հայտնի է, որ տարեկիցների կողմից միմյանց սովորեցնելը արդյունավետ միջոց է իրազեկելու որոշակի թիրախային խմբի, որը հակառակ դեպքում գուցե չլսի տարիքով ավելի մեծ կամ սոցիալական այլ խմբի պատկանող մեկին։ Ամռանը ամենախոստումնալից 120 վերապատրաստողները կայցելեն ամառային ճամբար՝ իրենց իմացությունն էլ ավելի խորացնելու համար։

Պատահական չէ, որ <<ՁԻԱՀ-ի կանխարգելում, ուսուցում և խնամք>> ՀԿ-ն որպես թիրախային խումբ ընտրել է հենց այս տարիքային խմբին։ Չնայած Հայաստանը համարվում է ՍԻԱՎ/ՁԻԱՀ-ի փոքր տարածումով երկիր, այսուամենայնիվ, վարակվածների թիվը գնալով ավելանում է։ Անցյալ դեկտեմբերին Միավորված ազգերի կազմակերպությունը զգուշացրեց, որ հանրապետությունը կանգնած է <<հնարավոր աղետի>> առջև, եթե ոչինչ չարվի դրա տարածումը կասեցնելու համար:

Ավելին, երբ Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդ 304 պաշտոնապես գրանցվածների միայն 56-ն էին 24 տարեկանից ցածր, երիտասարդների ու հատկապես ուսանողների շրջանում անցկացված հետազոտությունից պարզվել է, որ թեև նրանց շրջանում բարձր է անվտանգ սեռական կյանք վարելու անհրաժեշտության գիտակցումը, վարքագիծը ճիշտ հակառակն է ապացուցում։

Հետազոտությունը խնդիրներ է վեր հանում

Այդ պատճառով ՅՈՒՆԻՍԵՖ-ը 2001թ. <<ՁԻԱՀ-ի կանխարգելում, ուսուցում և խնամք>> ՀԿ-ին աջակցեց Հայաստանի ծայր հարավում գտնվող Սյունիքի մարզում փորձնական ծրագրի իրականացման գործում, որի նպատակն էր բարձրացնել իրազեկությունը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և թմրանյութերի օգտագործման վտանգի մասին։ Կլոր սեղանի քննարկումներ անցկացվեցին դպրոցների տնօրենների և տեղական իշխանության ներկայացուցիչների հետ։ Որոշվեց նաև այդ տարածքում հետազոտություն անցկացնել երիտասարդության շրջանում։ Արդյունքները տագնապալի էին։

Թեև հարցման մասնակիցները տեղյակ էին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վտանգի մասին, շատ քչերն էին, որ գիտեին կանխարգելման միջոցառումների մասին։ Պատանիների ու աղջիկների մեծ մասը տեղեկություն են ստանում անհուսալի աղբյուրներից, օրինակ ֆիլմերից կամ ընկերներից, որոնք հիվանդության մասին ամբողջական պատկերացում չունեն։ Հետազոտությունը կրկնվեց 2003թ., և <<ՁԻԱՀ-ի կանխարգելում, ուսուցում և խնամք>> ՀԿ-ն որոշեց վերապատրաստումներ անցկացնել հասակակիցների շրջանում հավասարը հավասարի սկզբունքով։

Չնայած ՁԻԱՀ-ի մասին ուսուցման նախնական պատճառը նոր վարակումների կանխարգելումն էր, անհրաժեշտ էր նաև նվազեցնել խարանումն ու խտրականությունը, որը հաճախ դրսևորվում էր հիվանդության անունն անգամ հիշատակելիս։ Շատ երկրներում ՄԻԱՎ-ի մասին խոսելը հաճախ կարող է առաջացնել այն մարդկանց արհամարհանքն ու ատելությունը, ովքեր համարում են, որ իրենք ամենաքիչն են ենթակա դրա վտանգին։

<<Սակայն իրականում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը կարող է ազդել ամեն մարդու վրա>>, - ասում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի Տեղեկատվության և հաղորդակցության ծրագրերի ղեկավար` Էմիլ Սահակյանը։ <<Բայց քանի որ շատերը համարում են, որ այն իրենց վրա ոչ մի ազդեցություն չի ունենա, ոչ մի նախազգուշական միջոց չեն ձեռնարկում։ Միևնույն ժամանակ մարդկանց սխալ ձևով տեղեկացնելն առաջացնում է վախ, խարանման ու խտրականության տեղիք է տալիս>>։

Արդյունքում 2003թ. ՁԻԱՀ-ի համաշխարհային օրը ՅՈՒՆԻՍԵՖ-ը ֆինանսավորեց զանգվածային լրատվամիջոցների օգնությամբ իրականացվող <<ՁԻԱՀ-ի կանխարգելում, ուսուցում և խնամք>> ՀԿ-ի քարոզարշավը՝ ուղղված իրազեկության բարձրացմանն ու հանդուրժողականության խթանմանը ։ Բաժանվեցին շուրջ 80000 բուկլետներ, 25000 օրացույցներ և 4500 կարմիր ժապավեններ։ Միաժամանակ հանրապետության հեռուստատեսության 16 ալիքներով ցուցադրվեց մեկ րոպեանոց տեսաժապավեն։

2004թ.ին ՅՈՒՆԻՍԵՖ-ը ֆինանսավորեց նաև <<ՁԻԱՀ-ի կանխարգելում, ուսուցում և խնամք>> ՀԿ-ի կազմակերպած ամառային ճամբարը՝ արդեն պատրաստ տարեկից վերապատրաստողների կարողություններն ու գիտելիքներն ավելացնելու համար։ Ընդհանուր հաշվով մասնակցեց 96 աշակերտ, որոնցից 60-ը՝ մայրաքաղաքի միջնակարգ դպրոցներից։ Մասնակիցները ստացան վերջին տեղեկությունները, նրանց բաժանեցին գրքույկներ, իսկ վեց վերապատրաստման դասընթացից հետո ստացան վկայականներ։

2005թ. ՅՈՒՆԻՍԵՖ-ը կօժանդակի նաև ամբողջ երկրում երիտասարդներին բարեկամ առողջապահական ծառայությունների ստեղծմանը։

Միաժամանակ, հիմնվելով իր հաջողությունների վրա, <<ՁԻԱՀ-ի կանխարգելում, ուսուցում և խնամք>> ՀԿ-ն շարունակ ընդլայնում է իր գործունեությունը։ Այժմ ՀԿ-ն որոշել է կենտրոնանալ միմիայն երիտասարդների և թմրադեղեր օգտագործողների շրջանում անցկացվող ուսուցման և կանխարգելման աշխատանքների վրա։ Իսկ ՀԿ-ից ստեղծված՝ <<Իրական աշխարհ՝ իրական մարդիկ>> կազմակերպությունը կզբաղվի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանցով։

<<Ես չեմ կարող ասել, թե Հայաստանում հասարակությունը շատ բաց է նման հարցեր քննարկելու համար>>, - ասում է ՀԿ-ի նախագահ Արտակ Մուշեղյանը, - <<բայց դրությունը փոխվում է։ Մեզ ժամանակ է հարկավոր խնդրի մասին խոսելու կարևորությունը հասկանալու համար, և այդ է պատճառը, որ մենք նաև շեշտում ենք ծնողներին և ուսուցիչներին կրթելու կարևորության մասին>>։


Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակ:

Տեղեկատվության և հաղորդակցության ծրագրերի ղեկավար
Էմիլ Սահակյանին:

Հեռ: (374 10) 52 35 46, 56 64 97

Էլ.հասցե: esahakyan@unicef.org

 

 
Search:

 Email this article

unite for children