Իրական պատմություններ

Իրական պատմություններ

 

Հայաստան - Շահագործման և անտեսման մասին լռության պատի փլուզումը

Լքված ամուսնու կողմից, միայնակ մայրը հերթական անգամ նյարդային համակարգի խանգարման եզրին է։ Դեռևս ապրելով մետաղե բազմաթիվ տնակներից մեկում, որ այսօր էլ շարունակում են Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Գյումրիի ընդհանուր տեսարանի մի մասը լինել, ժամանակ առ ժամանակ ծեծում է իր մանկահաս դուստրերին։ Ընտանիքը պահելու այլընտրանք չունենալուվ, անցնում է աղջիկներին ծեծելու, երբ վերջիններս խնդրում են մորը հրաժարվել <<մարմնավաճառությունից>>։

Իսկ մայրաքաղաքում մեկ այլ մայր հազիվ է զսպում արցունքները, ձեռքում սեղմելով իր ամենակրտսեր դստեր լուսանկարը։ Իզաբելլան, որ նկարում տասնութ ամսական է, այլևս չի ունենա երկրորդ տարեդարձը։ Մի քանի ամիս առաջ Երևանի խարխուլ հանրակացարաններից մեկում քարուքանդ աստիճանավանդակի վրա առանց հսկողության խաղալիս մեկ ուրիշ երեխա հրել էր նրան, և աղջնակը իր մահն էր գտել` յոթ հարկ ներքև գլորվելով։

Չնայած երեխաների շահագործումը և անտեսումը ամեն տեղ առկա է, շատերը չեն ցանկանում ընդունել, որ Հայաստանում այդ խնդիրը կա, նույնիսկ այն դեպքում, երբ հայտնի է, որ սոցիալ-տնտեսական անբարենպաստ պայմանները սրում են իրավիճակը։ Տուժող երեխաները գնալով ավելի շատ են դպրոցից բացակայում կամ փողոցներում ողորմություն խնդրում, իսկ ծայրահեղ դեպքերում հայտնվում են անչափահասների գաղութներում կամ մանկատներում։ Որոշ երեխաներ էլ դյուրին որս են դառնում մարդկանց թրաֆիքինգով զբաղվողների համար։

2003թ.ին ՅՈՒՆԻՍԵՖ-ի պատվերով հրապարակված մի հետազոտությամբ փլուզվեց լռության պատը, որ ուշադրությունից երբեմն հեռացնում է երեխաների շահագործման և անտեսման փաստերը։ Ավելի քան 2000 հարցման մասնակիցների շրջանում անցկացված հետազոտությունը հիմք հանդիսացավ կառավարության պաշտոնյաների և միջգերատեսչական հանձնաժողովների շրջանում իրազեկության բարձրացման համար։

Հետազոտությունը մասնավորապես եզրակացնում է, որ կյանքի վատ պայմանները, գործազրկությունը և ազգային աղքատության գծից ցածր ապրողների հոգեբանական սթրեսը հանգեցրել են երեխաների շահագործման և անտեսման դեպքերի թվի աճին ոչ միայն ընտանիքում, այլև դպրոցներում ու մանկական հաստատություններում։ Հետազոտության համաձայն ալկոհոլը և թմրամիջոցների օգտագործումը որոշ ծնողների կողմից իրենց երեխաների նկատմամբ դրսևորած վարքի հիմնական պատճառն է հանդիսանում։

Այսօրվա ծնողները, երեկվա երեխաները

Երեխաների շահագործումն ու անտեսումը կանխելու ազգային աշխատանքային խմբի կոորդինատոր Կարեն Հարությունյանը, այսուամենայնիվ, շեշտում է նման զգայուն հարց քննարկելիս գզուշություն դրսևորելու անհրաժեշտությունը և ասում, որ այդ պրոբլեմից տուժում են նաև սոցիալական այլ խավերի երեխաները։ <<Պետք է հիշել, որ այսօրվա ծնողները երեկվա երեխաներն են>>, - ասում է նա, ավելացնելով, որ շահագործումն ու անտեսումը, գուցե այլ դրսևորումներով, առկա են նույնիսկ ֆինանսապես ապահով ընտանիքներում։

<<Բազմաթիվ երկրներում անցկացված ուսումնասիրությունները նորից ու նորից ցույց են տվել, որ մանկության տարիներին ֆիզիկական շահագործման ենթարկված երեխաները մեծ չափով հակված են հենց իրենք դառնալ ֆիզիկական բռնություն գործադրող>>, - պարզաբանում է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Շելդոն Յեթը։ <<Որոշ փաստեր վկայում են, որ անընդհատ կրկնվող հոգեբանական ու զգացմունքային չարաշահումը կարող է նույնիսկ ավելի մեծ ազդեցություն ունենալ երեխայի վրա, քան ֆիզիկական բռնությունը>>։

Երեխաների շահագործումն ու անտեսումը կանխելու ազգային աշխատանքային խումբը, որի կազմում հիմնական նախարարությունների, ՀԿ-ների և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներն են, մտածում է խնդրին լուծում տալ օրենսդրություն մշակելու միջոցով, որն ուղղված լինի երեխաների շահագործման դեպքերի վաղ հայտնաբերմանը, գրանցմանը, ուղորդմանն ու բուժմանը, ինչպես նաև տրամադրելով ուսուցողական նյութեր։

<<Իհարկե, ծնողներն ամեն դեպքում հիմնական պատասխանատվություն են կրում իրենց երեխաներին բռնությունից և անտեսումից զերծ պահելու համար>>, - ասում է Յեթը։ <<Սակայն հարցին լուծում տալու համար առավել ամբողջական մոտեցում է հարկավոր։ Համայնքներում պետք է գործեն համապատասխան ծրագրեր, իսկ հայտնաբերված մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Համայնքահեն համակարգերը շատ կարևոր են և պետք է ընդլայնվեն>>։

Այսպիսի մոտեցումների մշակման միջոցով տեղական իշխանություններին կտրամադրվի փորձագիտական օժանդակություն, իսկ ծրագիրը կներկայացվի առավել լայն ՀԿ-ի համայնքին։ Երեխաների շահագործման և անտեսման կանոնագրությունների նախագիծը կներկայացվի Ազգային Ժողով, իսկ ոստիկանության և առողջապահության աշխատակիցների համար կներդրվեն էթիկական ու մասնագիտական նոր ուղեցույցներ։ Առաջարկվող օրենսդրությամբ կպահանջվի նաև երեխաների վկաների և հանցագործությունից տուժածների իրավունքների պաշտպանության ապահովում։

Մինչև օրենսդրության ընդունումը ՅՈՒՆԻՍԵՖ-ն արդեն օժանդակել է զանազան նախաձեռնությունների մշակման ու զարգացման հարցում, որոնք վճռորոշ նշանակություն կունենան տվյալ խնդրին վերաբերող ցանկացած ծրագրի համար։ 2002թ. ՅՈՒՆԻՍԵՖ-ը ֆինանսավորեց ռիսկի ենթակա երեխաների համար համայնքահեն խնամքի կենտրոնի հիմնումը Գյումրիում, իսկ անցյալ տարի՝ արտագնա ծառայությունների մշակումը Հայ Օգնության Ֆոնդի Երևանում գործող Երեխաների ընդունման և կողմնորոշման կենտրոնի համար։

Միաժամանակ ՅՈՒՆԻՍԵՖ-ն օգնել է <<Դուլոր սան ֆրոնթիեր>> միջազգային ՀԿ-ին` Երևանի և Գյումրիի առաջնային առողջության պահպանման մասնագետների համար վերապատրաստում անցկացնելու գործում, որպեսզի նրանք կարողանան հայտնաբերել երեխաների շահագործման և անտեսման դեպքերը։

Սակայն Հարությունյանի խոսքերով, հարցի զգայուն լինելը շարունակում է խոչընդոտ լինել։ Նախկինում Հայ օգնության հիմնադրամում ունեցած հոգեբանի աշխատանքային փորձից ելնելով` նա ասում է, որ կենտրոնում տեղավորված փողոցում աշխատող կամ ապրող և ռիսկի ենթակա շուրջ 800 երեխաների առնվազն 6-7 տոկոսը սեռական շահագործման էին ենթարկվել։ <<Կան երեխաներ, որոնք խիստ պրոբլեմային փորձառություն են անցել գիշերօթիկ դպրոցներում, իրենց շրջակայքում և իրենց ընտանիքներում>>, - ասում է նա։


Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակ:

Տեղեկատվության և հաղորդակցության ծրագրերի ղեկավար
Էմիլ Սահակյանին:

Հեռ: (374 10) 52 35 46, 56 64 97

Էլ.հասցե: esahakyan@unicef.org

 

 
Search:

 Email this article

For every child
Health, Education, Equality, Protection 
ADVANCE HUMANITY