Իրական պատմություններ

Իրական պատմություններ

 

Հայաստան - ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խարանումը դասարանում

Մի դեռահաս վարակվում է ՄԻԱՎ-ով, որովհետև նրան վարակված արյուն են փոխներարկում։ Նրանից լրիվ երես են թեքում ընկերները, դասարանցիները և ուսուցիչները։ Ի՞նչ կանեիր դու, եթե նա լիներ քո ընկերը։ Կառաջարկեի՞ր արդյոք քո բարոյական օգնությունը։ Իսկ եթե այդ դեռահասը քո ընկերը չլիներ, այլ՝ դու՞։ Ինչպե՞ս կուզենայիր, որ քեզ վերաբերվեին։

Ահա այն բազմաթիվ սցենարներից մեկը, որը երեխաներին ներկայացվում է կյանքի հմտություններ առարկայի դասերին։ Այն այժմ ուսուցանվում է դպրոցներում և ընդգրկվել է Հայաստանի Հանրապետության ազգային ուսումնական ծրագրում։ Դասերը իրավունքների վրա հիմնված, ինտերակտիվ և մասնակցային կրթական համակարգի հիմնման ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից մշակված ծրագրի մի մասն են կազմում։

Բնութագրվելով որպես <<ներառական, առողջ ու պաշտպանական բոլոր երեխաների համար>>, <<իրական աշխարհին>> վերաբերող հմտությունների զարգացման դասերը երեխաներին հնարավորություն են տալիս նաև իրենց սեփական կարծիքը ձևակերպել ու արտահայտել այնպիսի հարցերի վերաբերյալ, որոնք այլ դեպքերում կարող են անտեսվել կամ ինչպես հարկն է չներկայացվել ուրիշ, ավելի ընդհանուր դասերի ժամանակ։

<<Այս դասին մեզ տալիս են մտածելու իրավունք>>, - ասում է տասնչորսամյա Սամվելը։

Երևանում Էրեբունի թաղամասի թիվ 120 դպրոցում, օրինակ, հմտությունների վրա հիմնված կրթությունն առավել արդյունավետ է եղել ավելի առողջ կենսակերպ խթանելու գործում։ Այդ դասերը միակն են, որ երեխաներին տեղեկացնում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից վարակվելու վտանգի մասին։

Ինտերակտիվ դասավանման մեթոդները նպաստում են նաև սեփական տեսակետն առաջ տանելու և հաղորդակցության հմտությունների զարգացմանը, որոնք կարող են օգտակար լինել նաև հետագա կյանքում։

2001թ. ՅՈՒՆԻՍԵՖ-ի պատվիրած անկախ զեկույցն իսկապես դրական գնահատական տվեց ծրագրին, համաձայնելով ՅՈՒՆԻՍԵՖ-ի այն կարծիքի հետ, որ <<կյանքի հմտություններ ունենալը շատ կարևոր է երիտասարդների համար, որպեսզի կարողանան դրական ձևով համակերպվել և գործ ունենալ կյանքի պահանջների ու դժվարությունների հետ>>։

Եվ այդպիսի մոտեցումը կենսական նշանակություն ունի մի երկրում, որը ունենալով ամբողջատիրական ոչ հեռավոր անցյալ, դեռևս կանգնած է երկար ու դժվարին վերափոխումների առջև։

<<Այս դասերին մեզ տալիս են մտածելու ազատություն>>, - ասում է տասնչորս տարեկան Սամվելը։ <<Որովհետև մեզ գնահատական չեն դնում, մենք չենք անհանգստանում, որ մեր սեփական մտքերն ու կարծիքները լսելով, մեզ հետո կասեն, թե սխալ ենք>>։

<<Շատ վիրավորական է, երբ որևէ մեկն արհամարհում է քո կարծիքը>>, - ավելացնում է Անուշը՝ նույն դասարանում սովորող մեկ այլ տասնչորս տարեկան աշակերտ։ <<Ոչ ոք իրավունք չունի արհամարհել իմ կարծիքը>>։

Արդյունքում 2005թ.ին կյանքի հմտություններն ուսուցանվելու է հանրապետության բոլոր դպրոցներում։

Դժվարին սկիզբ

Սակայն չնայած օգուտներին, բոլորը չէ, որ ուրախությամբ ընդունեցին կյանքի հմտություններ առարկայի ներմուծումը Հայաստան։ Վեց տարի առաջ, օրինակ թիվ 120 դպրոցում շատ ծնողներ ուղղակի ցնցվեցին` իմանալով, թե իրենց երեխաներն ինչ են քննարկում։

Ուսուցչուհի Կարինե Հարությունյանն ասում է, որ դիմադրություն նկատվում էր նույնիսկ ուսուցիչների, այդ թվում նաև դպրոցի տնօրենի կողմից։ Չնայած իր վերապատրաստմանը, երբ խոսում էր այնպիսի զգայուն հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են թրաֆիքինգը, ալկոհոլը, թմրանյութերի օգտագործումը, ինչպես նաև շրջակա միջավայրը, Հարությունյանի խոսքերով նրան, փոխարենը, մեղադրում էին որպես <<հրահրողի>>։

<<Սկզբում դիմադրությունը շատ մեծ էր, բայց հիմա բոլորովին չկա>>, - ասում է նա։ Երբ ծնողներն առաջին անգամ լսեցին այս դասերի մասին, շատ էին գանգատվում, բայց հիմա ոմանք նույնիսկ ասում են, թե կցանկանային մասնակցել դասերին։

Անցնելով իր դասին, Կարինե Հարությունյանը երեխաներին բաժանում է չորս հոգուց կազմված խմբերի՝ քննարկելու այն սցենարը, որ արդեն բարձրաձայն կարդացել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից մշակված ու տրամադրված ուսուցիչների ձեռնարկից։

Սցենարը քննարկելուց հետո երեխաները մեկը մյուսին նուռ են փոխանցում, յուրաքանչյուրը հերթով արտահայտելով իր անձնական կարծիքը։ <<Սխալ կամ ճիշտ պատասխաններ չկան>>՝ հետո բացատրում են երեխաները։ Փոխարենը, նրանց պարզապես հնարավորություն է տրվում ձևակերպել իրենց մտքերն ու արտահայտվել։

Եվ սա է, որ Հարությունյանը ցանկանում է առանձապես շեշտել։


Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակ:

Տեղեկատվության և հաղորդակցության ծրագրերի ղեկավար
Էմիլ Սահակյանին:

Հեռ: (374 10) 52 35 46, 56 64 97

Էլ.հասցե: esahakyan@unicef.org

 

 
Search:

 Email this article

For every child
Health, Education, Equality, Protection 
ADVANCE HUMANITY