Երեխաների պաշտպանություն

Երեխաների պաշտպանությունը

 

Երեխաների պաշտպանությունը

© ՅՈՒՆԻՍԵՖ/Հայաստան 2007/Իգոր Դաշեվսկիյ

Խնդիրը

900 երեխա տեղավորված է 8 պետական մանկատներում, չնայած նրանց մեծամասնությունն ունի առնվազն մեկ ծնող:

Հիսուներկու հատուկ դպրոցներում, որոնք տալիս են անվճար կրթություն, սնունդ և գիշերելու հնարավորություն, ընդգրկված է 10,000 երեխա, որոնց կեսից ավելին կարիքավոր ընտանիքներից են:

Այս հաստատությունների բազմաթիվ շրջանավարտների համար առկա է թրեֆիքինգի ենթարկվելու սպառնալիք:

Երկրում անցկացված վերջին ուսումնասիրությունները վեր են հանել երեխաների դեմ ընտանեկան և ինստիտուցիոնալ բռնության (հիմնականում հոգեբանական և ֆիզիկական) խնդիր: Երեխաներին ծառայություններ և խնամք տրամադրողների մեծամասնությունը չունի կամ չի օգտվում մասնագիտական ուղենիշներից և վարքի կանոնագրքերից:

Սոցիալապես ամենակարիքավոր համայնքներում ծնողները հաճախ չեն կարողանում գրանցել իրենց երեխաների ծնունդը և շարունակում են հիմնվել հանրային խնամքի հաստատությունների վրա՝ որպես սոցիալական ապահովության առաջնային ցանց:

Մանկապարտեզների և դպրոցների մեծ մասը դեռևս չի կարողանում ծառայություններ տրամադրել երկրի ավելի քան 8,000 գրանցված հաշմանդամ երեխաներին: Նրանց մեծ մասը շարունակում է դուրս մնալ հիմնական ու մասնագիտական կրթությունից: Հաշմանդամ շատ երեխաներ ուշ են հայտնաբերվում, իսկ համայնքային մակարդակում վաղ միջամտության ծառայությունները բացակայում են:

Մարզային մակարդակում գործող երեխաների պաշտպանության նորաստեղծ բաժինների կարողությունները սահմանափակ են, իսկ նրանց տվյալների հավաքման, մոնիտորինգի ու պլանավորման հմտությունները՝ անբավարար:

Կան տեղական ՀԿ-ների արժանահավատ զեկույցներ այն մասին, որ Հայաստանում կան աշխատող երեխաներ: 2007թ.ին ՅՈՒՆԻՍԵՖ-ը ծրագրում է իրականացնել հանգամանալի հետազոտութուն երեխաների աշխատանքի մասին, որպեսզի ինֆորմացիա ստանա խնդրի խորության, երեխաների աշխատանքի ձևերի ու պատճառների մասին:

Գործողությունը

  • ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցում է Հայաստանի կառավարությանը 2003թ.ին որդեգրված երեխաների ազգային գործողությունների ծրագրի և երեխաների սոցիալական օժանդակությանն ուղղված բարեփոխումների իրականացման գործում:
  • Միաժամանակ մենք հանդես ենք գալիս այն քաղաքականությունների և ռազմավարությունների քարոզչությամբ, որոնց նպատակը երեխաների շահագործման և անտեսման փաստերի վերհանումն է, ինչպես նաև հաշմանդամ երեխաների վաղ հայտնաբերումը և պատասխան քայլերի ձեռնարկումը:
  • ՅՈՒՆԻՍԵՖ-ը խթանում է համայնքային կենտրոնների հիմնումը, որոնք միջոց են հաշմանդամ, վտանգի ենթակա և օրինազանց երեխաներին հասարակության մեջ վերստին ինտեգրելու համար: Այս կենտրոնները համարվում են խնամքի հաստատություններում երեխաներին տեղավորելու արդյունավետ այլընտրանք և ստեղծվում են ամբողջ երկրում:
  • Մենք ինֆորմացիա ենք տարածում ծնողների ու երեխաների շրջանում, վերապատրաստումներ անցկացնում ուսուցիչների, ոստիկանության և սոցիալական աշխատողների, բուժքույրերի և բժիշկների համար, որպեսզի կարողանան կանխել և արձագանքել երեխաների դեմ բռնության դեպքերին:
  • Այլ գործընկերների հետ միասին մենք ստեղծում ենք երեխաների պաշտպանության մարմինների կարողություններ ազգային, մարզային և համայնքային մակարդակներում:
  • ՅՈՒՆԻՍԵՖ-ը գործուն կերպով աջակցում է անչափահասների նկատմամբ կիրառվող արդարադատությանը, հանդես գալով ազատազրկման այնպիսի համայնքային այլընտրանքների օգտին, ինչպիսիք են փորձաշրջանը և համանքային արդարադատությունը:
  • ՅՈՒՆԻՍԵՖ-ը փորձում է օգնել ծնունդների գրանցմանը, կոորդինացնելով կառավարական բոլոր համապատասխան կառույցների աշխատանքները, միաժամանակ վերապատրաստում է քաղաքացիական ակտերի գրանցման մարմինների աշխատակիցներին:


Նշանականությունը

  • Հայաստանի կառավարությունն ընդունեց Երեխաների իրավունքների պաշտպանության գործողությունների ազգային ծրագիր, որը դարձավ Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի անբաժան մասը:
  • ՅՈՒՆԻՍԵՖ-ի քարոզչական ջանքերի շնորհիվ Հայաստանը ստորագրեց Երեխաների իրավունքների կոնվենցիայի կամընտիր արձանագրությունները Երեխաների վաճառքի մասին, Երեխաների մարմնավաճառության և երեխաների պոռնոգրաֆիայի մասին, Զինված ընդհարումներում երեխաների ներգրավման մասին, Հաագայի կոնվենցիան: Դրանցից բացի, Հայաստանը միացավ երեխաների աշխատանքի մասին Աշխատանքի միջազգային կազմակերպության 182-րդ կոնվենցիային:
  • Հայաստանի Քրեական օրենսգիրքը ենթարկվեց փոփոխության, իր մեջ ներառելով դրույթներ երեխաների թրեֆիքինգի, նրանց դեմ բռնության և անտեսման, ինչպես նաև անչափահասների արդարադատության վերաբերյալ:
  • ՅՈՒՆԻՍԵՖ-ի օժանդակությամբ Հայաստանի մարզերում հիմնվեցին 8 համայնքային կենտրոններ, որոնք նպաստում են հասարակության մեջ հաշմանդամ, վտանգի ենթակա և օրինազանց երեխաների վերաինտեգրմանը: Հայաստանի կառավարությունն արդեն նախատեսել է 2008թ.ի բյուջեում միջոցներ հատկացնել վեց համայնքային կենտրոնների, իսկ մինչև 2010թ.ը երկրի բոլոր մարզերում այդպիսի կենտրոնների հիմնան համար:
  • ՅՈՒՆԻՍԵՖ-ն օժանդակեց Կառավարությանը խնամակալության վերաբերյալ դրույթներ ամրագրել նոր Ընտանեկան օրենսգրքում և խնամակալությունը հաստատել որպես հաստատություններում տրամադրվող դաստիարակության այլընտրանք: Սկսած 2008թ.ից Հայաստանի կառավարությունը ստանձնելու է խնամակալության ֆինանսավորման և ընդլայնման պարտավորություն:
  • Ոստիկանության և դատաիրավական մարմինների ավելի քան 500 աշխատակիցներ, ինչպես նաև ՀԿ-ներ և մանկական խնամքի հաստատությունների ներկայացուցիչներ ընդլայնեցին իրենց գիտելիքները երեխաների իրավունքների և իրենց պարտականությունների վերաբերյալ:
  • Մշակվեց երեխաների հաշմանդամության վաղ կանխման ու հայտնաբերման պետական ռազմավարություն, և դրա համար ուղենիշներն արդեն օգտագործվում են երկրի երկու մարզերի առողջապահական հաստատություններում:
  • "Դուրս չի մնա ոչ մի երեխա" արշավի 2-րդ փուլի անցկացման արդյունքում հիմնվեց հանրային ֆորում՝ ներկայացված 50 որոշում ընդունող կառույցների և ՀԿ-ների կողմից և երեխաների իրավունքների գծով որակյալ վերապատրաստողների ցանց:
  •  

     
    Search:

     Email this article

    For every child
Health, Education, Equality, Protection 
ADVANCE HUMANITY