Ներածություն

Ընդհանուր տեղեկություններ

 

Մեր արձագանքը

© ՅՈՒՆԻՍԵՖ/Հայաստան 2007/Իգոր Դաշեվսկիյ

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ն սկսել է գործել 1994թ.ից, օժանդակելով երկրի կառավարությանն ապահովելու, որ երեխաները մեծանան առողջ, կրթված և զերծ մնան շահագործումից ու անտեսումից, թրեֆիքինգից ու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեության հիմնական ոլորտներն են առողջապահությունը և սնուցումը, կրթությունը, երեխաների իրավունքների պաշտպանությունը և պատանիների առողջության ու զարգացման խթանումը:

Առողջություն և սնուցում բոլոր երեխաների համար
Առողջապահության և սնուցման ոլորտում ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է կառավարության հետ, ապահովելու, որ երեխաները Հայաստանում օգտվեն առաջնային առողջապահական ծառայություններից, ժամանակին ստանան պատվաստումներ և պատշաճ սնվեն:

Հայաստանում հաստատվելուց ի վեր ՅՈՒՆԻՍԵՖ-ը եղել է Հայաստանին պատվաստանյութեր տրամադրող ամենախոշոր միջազգային կազմակերպությունը: Բացի դրանից, իմունացման պրակտիկան հաստատուն դարձնելու, իմունացման ազգային ծրագրի արդյունավետ իրագործումն ապահովելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը առողջապահության նախարարությանն օժանդակում է բուժաշխատողների համար պարբերական վերապատրաստումների կազմակերպմանը, միաժամանակ իրազեկման արշավներ է կազմակերպում ընտանիքների և բժշկական ծառայություններ տրամադրողների համար:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Հայաստանի կառավարությունը ձեռք-ձեռքի տված աշխատել են նաև ապահովելու, որ Հայաստանում նորածիննեըր առնվազն 6 ամիս կերակրվեն միմիայն կրծքով: 1996թ.ին իրականացվեցին ՅՈՒՆԻՍԵՖ-ի Մանկանը բարեհաճ հիվանդանոց, իսկ 2004թ.ին՝ Մանկանը բարեհաճ պոլիկլինիկա նախաձեռնությունները: Ծննդատունը կամ պոլիկլինիկան կարող են համարվել <<մանկանը բարեհաճ>>, եթե չեն ընդունում կրծքի կաթի անվճար կամ ցածր գնով փոխարինիչներ, կերակրաշշեր կամ ծծակներ և կատարել են կրծքով կերակրման հաջողությանը հասնելու համար սահմանված տասը քայլերը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը հաջողությամբ է լուծում նաև Հայաստանում յոդի պակասի խնդիրը, իրագործելով աղի համընդհանուր յոդացում: Յոդի պակասը երեխաների շրջանում կանխարգելման ենթակա մտավոր հետամնացության առաջատար պատճառն է ամբողջ աշխարհում: Յոդի պակասից առաջացող խանգարումների կանխման համար աղի յոդացումը խիստ արդյունավետ և հուսալի ձև է, քանի որ աղը լայն սպառում ունի և յոդացումն էլ ապահով է ու էժան:

Կրթություն բոլոր երեխաների համար
Կրթության ոլորտում մենք օժանդակում ենք կառավարությանն ապահովելու, որ Հայաստանում բոլոր երեխաները դպրոց հաճախեն պատրաստված և ստանան որակյալ տարրական դպրոցական կրթություն:

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցում և ակտիվորեն մասնակցում է երկրի կրթական համակարգի բարեփոխման գործընթացին, օգնում է դրանց անհրաժեշտ իրավական և վարչական նորմերի մշակմանն ու ներմուծմանը: Տասներկուամյա կրթական համակարգին անցնելու համար Հայաստանի կառավարությունը մեծապես օգտվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ընձեռած փորձագիտական հնարավորություններից:

Կյանքի հմտությունների ներմուծումը կրթության բարեփոխման այն նախաձեռնություններից է, որ Հայաստանում ձեռնարկվում են սկսած 1995թ.ից: ՅՈՒՆԻՍԵՖ-ի օժանդակած կյանքի հմտություններ առարկայի ներմուծումը նշանավորում է անցումը ուսուցչի վրա կենտրոնացած, գիտելիքներից սկսվող կրթական գործընթացից դեպի իմացության, հմտությունների և արժեքների փոխկապակցությունից ելնող և աշակերտին կարևոր կողմ համարող գործընթաց:

Նախադպրոցական տարիքի երեխաների շուրջ 80 տոկոսը չի կարողանում մանկապարտեզ կամ որևէ այլ տեսակի նախադպրոցական հաստատություն հաճախել: Պատճառները, ծնողների ասելով, բարձր վճարներն են, ուսուցողական նյութերի, ինչպես նաև նախադպրոցական կրթության որակյալ կադրերի սղությունը: Որպեսզի փոքրիկ տղաներն ու աղջիկները դպրոցական կրթությունն սկսեն համապատասխան պատրաստությամբ, տարբեր համայնքներում ՅՈՒՆԻՍԵՖ-ի օժանդակությամբ հիմնվում են կենտրոնններ ծնողների և երեխաների համար: Այստեղ ծնողները ձեռք են բերում իմացություն մանկան զարգացման, երեխայի կյանքի տարբեր փուլերում նրա կարիքների մասին, սովորում են, թե ինչպես ապահովել երեխայի կրթությունը վաղ մանկության հասակում:

Ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանում կա ավելի քան 8,000 հաշմանդամ երեխա, որոնցից շատերը հասարակությունից մեկուսացված են և հանրակրթությունից զրկված: ՅՈՒՆԻՍԵՖ-ը հանդես է գալիս հաշմանդամ երեխաներին կրթությունը լիովին մատչելի դարձնելու օգտին, խթանելով ներառական կրթության գաղափարը և երեխաներին բարեհաճ դպրոցների հիմնումը:

Երեխաների մասնակցությունը դպրոցի կառավարմանը և որոշումների ընդունմանը խրախուսելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը ՀՀ կրթության ու գիտության նախարարությանն օժանդակել է համապատասխան ուղենիշների մշակման գործում: Դրանք աշակերտական խորհուրդներին հնարավորություն են տալիս մասնակցել իրենց դպրոցների կառավարմանը: ՅՈՒՆԻՍԵՖ-ը երեխաներին բարեհաճ դպրոցների հայեցակարգային չափորոշիչները մշակել է նաև բոլոր երեխաների համար ապահով ու նպաստավոր դպրոցական միջավայր ձևավորելու համար:

Պաշտպանություն բոլոր երեխաների համար
Երեխաների պաշտպանության ոլորտում մենք աշխատում ենք կառավարության, միջազգային և ոչ-կառավարական կազմակերպությունների ու լրատվամիջոցների հետ, ապահովելու, որ բոլոր երեխաներն օգտվեն իրենց տրված բոլոր իրավունքներից:

Ծնողական խնամքից զրկված երեխաների համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը փորձում է լուծումներ գտնել, որպեսզի հնարավորություն ունենան մեծանալ ընտանեկան միջավայրում: ՅՈՒՆԻՍԵՖ-ն ակտիվ քարոզչություն է անում կարիքավոր ընտանիքներին օժանդակելու համար, որը հնարավորություն կտա մանկատներում տեղավորված երեխաներին վերադառնալ իրենց ընտանիքները և միաժամանակ կանխել երեխաների հետագա տեղավորումը հանրային խնամքի հաստատություններում: ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանում հաջողությամբ ներմուծել է խնամակալության հայեցակարգ, որով երեխաները տեղավորվում են խնամատու ծնողների հետ, եթե չունեն կամ չեն կարող վերադառնալ իրենց ընտանիքը:

Երեխաներին խնամքի հաստատություններում տեղավորելու պրակտիկան կանխելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը տեղական ՀԿ-ներին օգնում է ստեղծել խնամքի համայնքային կենտրոններ վտանգի ենթակա երեխաների, հատուկ կարիքներ ունեցող երեխաների և կարիքավոր ընտանիքների երեխաների համար:

ՅՈՒՆԻՍԵՖ-ն առաջին կազմակերպություններից մեկն էր, որ սկսեց ուսումնասիրել թրեֆիքինգի երևույթը Հայաստանում կանանց ու երեխաների նկատմամբ: 2003թ.ին ՅՈՒՆԻՍԵՖ-ը հրապարակեց երեխաների շահագործման և անտեսման վերաբերյալ մի ուսումնասիրություն, որով վեր հանվեցին համայնքներում, ընտանիքներում և հաստատություններում երեխաների դեմ ուղղված բռնության և շահագործման դեպքեր: ՅՈՒՆԻՍԵՖ-ը ջանք չի խնայել ծնողների ու երեխաների շրջանում ինֆորմացիա տարածելու և ուսուցիչներին, ոստիկանությանը, սոցիալական աշխատողներին, բուժքույրերին ու բժիշկներին վերապատրաստելու համար, որպեսզի կարողանան արձագանքել երեխաների դեմ ուղղված բռնության դեպքերին:

Անչափահասների վերաբերյալ արդարադատության համակարգի վերանայման աշխատանքներին օժանդակելով, ՅՈՒՆԻՍԵՖ-ը խթանել է դրական փոփոխություններ օրենսդրության մեջ, որի մի օրինակը փորձաշրջանի կիրառման ներմուծումն է:

Երիտասարդությունը կարող է դրական փոփոխություն առաջացնել
Աշխատանքը հանուն երիտասարդների և նրանց մասնակցության խթանումը զանազան աշխատանքների ու ծրագրերի մեր առաջնահերթություններից է: Նկատի ունենալով, որ Հայաստանը այնպիսի տարածաշրջանում է, որտեղ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը արագորեն տարածվում է, ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է կրթել երիտասարդներին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների և առողջ ապրելակերպի հարցերում: Այդ նպատակով մենք կազմակերպել ենք ամառային երիտասարդական ճամբարներ, անցկացրել ենք վերապատրաստումներ և հաղորդակցման արշավներ:

2004թ.ին ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանի կառավարությանն օգնեց մշակել Երկրի հատուկ ռազմավարական ծրագիր վտանգին առավել ենթակա դեռահասների (ՎԱԵԴ) և առանձնապես կարիքավոր երիտասարդների (ԱԿԵ) վերաբերյալ, ինչպես նաև 2007-2011թթ. վարքի փոփոխության ազգային հաղորդակցային ռազմավարություն ՎԱԵԴ-ի և ԱԿԵ-ի շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը կանխելու համար: Բոլորը ներառված են 2007թ. մարտին հաստատված ՄԻԱՎ-ի դեմ արձագանքի 2007-2011թթ. ազգային ծրագրում:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը խթանում է նաև կյանքի հմտություններ առարկայի ներմուծումը միջնակարգ դպրոցների բարձր դասարաններ, հատուկ տեղ տալով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին և առողջ ապրելակերպին: Առողջ ապրելակերպի ուսումնական ծրագիրը մշակվել և փորձարկվել է 30 դպրոցների բարձր դասարաններում, այդ դպրոցների ուսուցիչներին տրամադրելով ուղենիշներ և անցկացնելով համապատասխան վերապատրաստումներ:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը նպաստում է երիտասարդների համար բարեհաճ առողջապահական ծառայությունների ներմուծմանը առողջապահության համակարգ՝ քարոզչության, քաղաքականությունների մշակման և բուժաշխատողների ու տեղական մարմինների ներկայացուցիչների կարողությունների զարգացման վերապատրաստումների անցկացման միջոցով:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը մեծ ավանդն է բերում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման կարողությունների զարգացման ՄԱԿ-ի համատեղ ծրագրում (ՄԱԿՁԻԱՀ, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ, ՅՈՒՆԻՍԵՖ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր)՝ ուղղված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերն իրենց աշխատանքներում ներառելու տեղական մարմինների և այն ՀԿ-ների կարողությունների ուժեղացմանը, որոնք գործում են համայնքային զարգացման, երիտասարդության, մարդու իրավունքների, սեռային հավասարության և այլ ոլորներում:

Ապագա առաջնահերթությունները
ՅՈՒՆԻՍԵՖ-ը կշարունակի իրականացնել Հազարամյակի զարգացման նպատակներին և մասնավորապես նպաստավոր ու պաշտպանված միջավայրում առողջ ու բավարար սնուցմամբ մեծանալու երեխաների իրավունքներին ուղղված ծրագրեր։ ՄԱԿ-ի ընտանիքի այլ անդամների, կառավարության, ՀԿ-ների, դոնորների հետ համագործակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ի 2005-2009թթ. ծրագիրը կշարունակի մեծ ուշադրություն դարձնել արդեն ձեռք բերված առաջընթացի պահպանմանը:

 

 
Search:

 Email this article

unite for children