Ընդհանուր տեղեկություններ
 |
|
© ՅՈՒՆԻՍԵՖ/Հայաստան 2007/Իգոր Դաշեվսկիյ |
Հայաստանը զգալի առաջընթաց է կատարել երեխաների կյանքի բարելավման ուղղությամբ, ընդունելով համապատասխան օրենսդրություն և օրենսդրական փոփոխություններ, միաժամանակ բարելավելով առողջապահությունը, կրթությունը և երեխաներին ցուցաբերվող սոցիալական օժանդակությունը:
Հայաստանը Երեխաների իրավունքների կոնվենցիային (ԵԻԿ) անդամակակցեց 1992թ.ին, իսկ 1996թ.ին ընդունեց Օրենք երեխաների մասին, որով ամրապնդվեցին ԵԻԿ-ի հռչակած դրույթները: Անցած երկու տարիների ընթացքում Հայաստանը վավերացրել է այլ կարևոր միջազգային փաստաթղթեր, որոնց թվում ԵԻԿ-ի երկու կամընտիր արձանագրությունները երեխաների վաճառքի, մանկական մարմնավաճառության և երեխաների պոռնոգրաֆիայի մասին և Զինված բախման մեջ երեխաների մասնակցության մասին (2005թ.), Աշխատանքի միջազգային կազմակերպության 182-րդ կոնվենցիան երեխաների աշխատանքի մասին (2005թ.), Հաագայի կոնվենցիան միջազգային որդեգրման մասին (2005թ.), ինչպես նաև փոփոխություններ է կատարել երկրի այնպիսի կարևոր օրենքներում, ինչպիսիք են Ընտանեկան օրենսդրությունը, Աշխատանքային և Քրեական օրենսգրքերը, նպատակ ունենալով ապահովել երեխաների առավել լավ պաշտպանությունը շահագործումից և թրեֆիքինգից:
Այդ ամենի հետ մեկտեղ Հայաստանի կառավարությունը, հավատարիմ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երեխաներին նվիրված 2002թ.ի նստաշրջանում տված խոստմանը, 2003թ.ին մշակեց և հաստատեց Երեխաների իրավունքների պաշտպանության 2004-2015թթ.ի գործողությունների ազգային ծրագիր (ԳԱԾ): Այն ուղենիշ հանդիսացավ Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանությանն ու երեխաների կարիքների բավարարմանն ուղղված կառավարության ինտեգրացված հեռանկարային ծրագրի մշակման համար: Սերտորեն առնչվելով Հայաստանի Աղքատության հաղթահարման ռազմավարությանը, ԳԱԾ-ն ամուր հիմք է ստեղծում Հազարամյակի զարգացման նպատակներին (ՀԶՆ) հասնելու համար, որոնք համահունչ են երեխաների իրավունքներին:
Չնայած այս զարգացումներին և քաղաքական կամքի առկայությանը, օրենքների իրականացումը դեռևս դժվար խնդիր է, քանի որ օրենքները գործի դնող ստեղծված մեխանիզմները թերի են, իսկ հատկացված մարդկային ու ֆինանսական միջոցները չեն բավականացնում օրենքներում ամրագրված դրույթները երեխաների շահերին ծառայող արդյունքների վերածելու համար:
Թեև անցած 5 տարիներին առողջապահության, կրթության ու սոցիալական ոլորտներում կատարվող ծախսերն ավելացել են, դրանք դեռևս անբավարար են բոլոր երեխաների իրավունքներն ապահովելու համար: Իրոք, 2006թ.ի հանրային ծախսերը հանրակրթության ոլորտում կազմում էին ՀՆԱ-ի 2.75%-ը, իսկ առողջապահության ոլորտում էլ ավելի քիչ՝ 1.64% (աղբյուրը՝ Հայաստանի միջնաժամկետ ծախսային ծրագիր, 2007-2009թթ.):
Աղքատությունը, հատկապես գյուղական վայրերում, շարունակում է սոցիալական ծառայություններից երեխաներին բացառելու հիմնական պատճառը լինել: Չնայած Հայաստանում աղքատության կրճատման նկատելի առաջընթացին, մինչև 5 տարեկան երեխաների 41.9%-ը համարվում է աղքատ, իսկ 8%-ը՝ ծայրահեղ աղքատ:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանի կառավարությանն ակտիվորեն օժանդակում է աղքատության առաջադրած մարտահրավերները դիմագրավելու և այնպիսի քաղաքականություններ ու ռազմավարություններ մշակելու համար, որոնք երեխաների համար կստեղծեն արդյունք և կնպաստեն Հազարամյակի զարգացման նպատակներին հասնելուն: Երեխաների առողջության, կրթության և սոցիալական օժանդակության ոլորտներում բարեփոխումների իրականացման մեր ներդրումները, ինչպես նաև Հայաստանի կառավարության ջանքերը տվել են զգալի արդյունք: