Տեղեկատվական կենտրոն

Մամլո հաղորդագրություններ

Պաշտոնական հայտարարություններ

 

ՎիվաՍելը ձեռք է մեկնում ՅՈՒՆԻՍԵՖ-ին` աջակցելու հաշմանդամ երեխաներին

Երևան, 2-ը հուլիսի, 2007թ. - Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր ՎիվաՍել ընկերությունը միացավ ՅՈՒՆԻՍԵՖ-ին և ՀՀ Կրթության և Գիտության նախարարությանը` հաշմանդամ երեխաների` հանրակրթության մեջ ներառմանը աջակցելու նպատակով: ՎիվաՍելը ՅՈՒՆԻՍԵՖ-ին տրամադրում է 36,773,760 ՀՀ դրամ /շուրջ 105,000 ԱՄՆ դոլար/, որը կնպաստի հաշմանդամ երեխաների որակյալ կրթություն ստանալուն:
"ՎիվաՍելի մեծահոգի նվիրատվությունը կապահովի այն երեխաների մուտքը դպրոց, որոնք այլ կերպ կդժվարանային հաճախել",- նշեց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ պրն. Շելդոն Յեթը: "ՎիվաՍելը, հանդիսանալով ՄԱԿ-ի Գլոբալ Կոմպակտ նախաձեռնության անդամ, դրական օրինակ է հանդիսանում, ցույց տալով, թե ինչպես մասնավոր սեկտորի միջոցները կարող են օգտագործվել երեխաների բարօրության համար: Հուսով ենք, որ Հայաստանի մյուս ընկերությունները կհետևեն այս օրինակին և կցուցաբերեն նվիրվածություն` երկրում երեխաների և ընտանիքների կյանքը բարելավելու համար": Գլոբալ Կոմպակտը ՄԱԿ-ի նախաձեռնություն է, որի նպատակն է խրախուսել մասնավոր սեկտորի կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը:
"Մենք հավատում ենք Հայաստանի ապագային: Եվ այդ ապագան երեխաներն են: Մասնավոր սեկտորը պատասխանատվություն է կրում այն երկրի հանդեպ, որտեղ գործունեություն է ծավալում` հնարավորինս նվազեցնել սոցիալական անհավասարության հետևանքները մարդկանց և հատկապես երեխաների միջև: Մասնավոր սեկտորը պետք է հոգ տանի, որպեսզի Հայաստանի բոլոր երեխաները` անկախ իրենց սոցիալական դրությունից կամ առողջական կարգավիճակից, ունենան հավասար հնարավորություններ` ստանալու որակյալ կրթություն և դառնալու սոցիալական կյանքի լիարժեք մասնակիցը: Սա է պատճառը, որ ՎիվաՍելը հետաքրքրվեց ներառական կրթության ծրագրով: ՎիվաՍելը աշխատանքի է վերցնում հաշմանդամների և կոչ է անում Հայաստանի մյուս ձեռնարկություններին` հետևելու իր օրինակին",- նշեց ՎիվաՍելի Գլխավոր Տնօրեն պրն. Ռալֆ Յիրիկյանը:
Այս համատեղ ծրագիրը կաջակցի մայրաքաղաք Երևանի և Տավուշի մարզի 8 ներառական դպրոցներում ներկայումս սովորող երեխաներին: ՎիվաՍելի տրամադրած գումարը զգալիորեն կհեշտացնի այդ դպրոցների մատչելիությունը երեխաների համար` շնորհիվ թեքահարթակների կառուցման և 3 հատուկ հարմարեցված միկրոավտոբուսների տրամադրման, ինչը թույլ կտա ապահովել տեղաշարժվելու դժվարություն ունեցող երեխաների փոխադրումը դպրոց և դպրոցից` տուն: Ավելին, ծրագիրը նախատեսում է ուսուցիչների վերապատրաստում` ինտերակտիվ, երեխայակենտրոն դասավանդման մեթոդներով, ինչպես նաև որոշ դպրոցներում ռեսուրսային դասասենյակների ստեղծում:
Համաձայն ՀՀ Աշխատանքի և Սոցիալական Հարցերի նախարարության` Հայաստանում ապրում են ավելի քան 8,500 հաշմանդամ երեխաներ: Չնայած երկրում կան 13 ներառական դպրոցներ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ հիմնված 5 համայնքային կենտրոններ, որոնք հոգում են 1,500 հաշմանդամ երեխաների կարիքները, այնուամենայնիվ այդ երեխաներից շատերը դեռևս մնում են հասարակությունից մեկուսացված և ներառված չեն հանրակրթություն:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը հիմնավորվել է Հայաստանում 1994թ.: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը լիազորված է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից նպաստել երեխաների իրավունքների պաշտպանությանը, աջակցել երեխաների հիմնական կարիքների բավարարմանը և ընդլայնել հնարավորությունները իրենց ներուժի լիարժեք զարգացման համար:

ՎիվաՍելի մասին`
ՎիվաՍելը Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր է, որը տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի: Իր հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, կարճ ժամանակամիջոցում ՎիվաՍելը կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների զգալի բազա: ՎիվաՍելը Հայաստանի շարժական հեռահաղորդակցության շուկայում նորարարական տեսականու և ծառայությունների զարգացման ու առաջարկի առաջատարն է:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակ
(374 10) 523-546, 566-497, 580-174
E-mail: esahakyan@unicef.org

 

 
Search:

 Email this article

unite for children