Տեղեկատվական կենտրոն

Մամլո հաղորդագրություններ

Պաշտոնական հայտարարություններ

 

Կրթական բարեփոխումներ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱԿ-Ի ՄԱՆԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՊՐՆ. ՇԵԼԴՈՆ ՅԵԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ "ԿՐԹԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՓՈՐՁԸ. ՀԱՅԱՍՏԱՆԻ, ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ, ԼԱՏՎԻԱՅԻ ԵՎ ՍԵՐԲԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԸ" ՍԵՄԻՆԱՐՈՒՄ



4-ը ապրիլի, Երևան

Նախարար Երիցյան, դեսպան Պրյախին, տիկնայք և պարոնայք,

Ինձ համար պատիվ է այսօր լինել այստեղ` վայելելով այս հարգարժան մարդկանց ընկերակցությունը: Կցանկանայի շնորհակալություն հայտնել մասնավորապես Լարիսային և Բաց հասարակության ինստիտուտի այլ գործընկերներին՝ կրթական բարեփոխումներին նվիրված այս կարևոր խորհրդաժողովի կազմակերպման գործը նախաձեռնելու համար:

Կրթությունը միայն գիտելիք ձեռքբերելը չէ: Այն մարդկանց կյանք է փրկում, սկսած պատանիներից ու աղջիկներից, որոնց այն պաշտպանում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից մինչև մանկահասակ տարիքի երեխաներ, որոնց փրկում է իրենց մայրերի իմացությունը առողջության ու սնուցման մասին: Այն փոխում է մարդկանց կյանքը սկսած դեռահասներից, որոնց հնարավորություն է տալիս դուրս գալ աղքատությունից մինչև աղջիկները, որոնց տալիս է արժանապատվության և հասարակության մեջ կարգավիճակ ձեռք բերելու հնարավորություն: Այն հարստացում է մարդկանց կյանքը՝ սկսած ամենօրյա դասերի մասնակցող 12 տարեկան այն փախստական աղջիկ երեխայից, որը երազում է մի օր դառնալ Հայաստանի նախագահը:

Հուսով եմ, որ օրվա ընթացքում մենք ոչ միայն հնարավորություն կունենանք փորձի փոխանակություն կատարել կրթական բարեփոխումների վերաբերյալ, այլև անկեղծորեն քննարկել այն աշխատանքները, որ արդյունք են տալիս և այն աշխատանքները, որ անպտուղ են մնում, հարցեր բարձրացնել այն մասին, թե ինչ է անհրաժեշտ իմանալ առաջ շարժվելու համար:

Բոլորիս հայտնի է, որ 1990-ականների սկզբին ու կեսերին երկրում կատարված տնտեսական, սոցիալական ու քաղաքական մեծ փոփոխություններն իրենց անջնջելի հետքն են թողել կրթական համակարգի վրա: Հանրային ծախսումների կտրուկ անկման հետևանքով խիստ տուժել է կրթական ենթակառուցվածքը, ուսուցիչները զանգվածաբար թողել են դպրոցը և կրթության համապատասխանության մասին առաջադրվել են նոր հարցեր: Այս խնդիրները բոլովին էլ միայն Հայաստանին չեն բնորոշ, դրանց առջև կանգնած են Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ու ԱՊՀ այլ պետություններ:

Սակայն խոսելով բարեփոխման մասին, պետք է ընդունենք, որ այլ պետությունները կարող են սովորել Հայաստանից: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ու ԱՊՀ երկրներում ծնողների մասնակցությունը դպրոցներում շարունակում է բարձր լինել: Առավել հավանական է այստեղ, քան Եվրամիության շատ երկրներում, որ ծնողները երեխաներին օգնեն կատարել տնային հանձնարարությունները:

Ծնողների այսպիսի օժանդակությունը հիմք է ստեղծում կրթության համակարգերում հնում եղած լավը՝ մասնավորապես համընդհանուր ուսումը պահպանելու, ինչպես նաև կրթությունը արագորեն փոփոխվող աշխարհի պահանջներին հարմարեցնելու նպատակով անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու համար:

Ինչպես ամրագրված է Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայում, որը ստորագրվել է նաև Հայաստանի կողմից, կրթությունը բոլոր երեխաների իրավունքն է՝ աղջիկների ու տղաների, թե՛ հարուստ և թե՛ աղքատ: Կրթությանն ուղղված ներդրումները մեր լավագույն հույսն են միջազգային համայնքի կողմից հանձն առված Հազարամյակի զարգացման նպատակներին հասնելու առաջընթացն արագացնելու համար:

Հազարամյակի զարգացման 2-րդ նպատակը համընդհանուր տարրական կրթության ապահովումն է այն հաշվով, որ մինչև 2015թ. բոլոր երեխաներն ավարտեն տարրական կրթության լիարժեք դասընթաց:

Գնահատելով այս նպատակին հասնելու համար կատարված առաջընթացը, շատ կարևոր է նկատի առնել ավելին, քան պարզապես դպրոց ընդունված կամ ավարտած երեխաների թիվը: Համընդհանուր տարրական կրթությունը պահանջում է, որ բոլոր երեխաները դպրոց սկսեն գնալ համապատասխան տարիքում և դասարանից դասարան փոխադրվեն նվազագույն կամ առանց դպրոցական տարին կրկնելու: Դրա համար անհրաժեշտ է բարելավել կրթության որակը, ընդլայնել ու բարելավել վաղ հասակի երեխաների խնամքը և դաստիարակությունը՝ տնից դպրոց նրանց հարթ անցումը նախապատրաստելու համար: Կրթության այս ասպեկտները առավել դժվար է չափել, հետևաբար հետագայում պետք է առաջնային խնդիր դառնա գործին օգնող առավել բարդ տվյալների հավաքագրումն ու վերլուծությունը:

2003թ. ընդունելով Երեխաների իրավունքների պաշտպանության Գործողությունների ազգային պլանը, Հայաստանը վճռական քայլ կատարեց երեխաների իրավունքների իրականացումն ապահովելու համար: Տասը տարվա վաղեմություն ունեցող այս փաստաթղթով կրթությունը համարվում է առաջնահերթ գերակայություն և կայուն հիմք է ստեղծում ՀԶՆ 2-ին հասնելու համար: Առաջընթացը Հազարամյակի զարգացման այս նպատակին հասնելու համար պայմանավորված է ոչ միայն համակարգի այնպիսի փոփոխությամբ, որը ապահովի կրթության համապատասխան որակ, այլև այնպիսի խոչընդոտների լուծմամբ, որոնք խանգարում են որոշ երեխաների դպրոց ընդունվել կամ ավարտել այն: Աղքատությունը, անշուշտ, շարունակում է լինել մեծագույն խոչընդոտը:

Ամբողջ աշխարհում կատարված տնային տնտեսությունների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ամենաաղքատ 20%-ին պատկանող երեխաների՝ տարրական դպրոցից դուրս մնալու հավանականությունը 3.2 անգամ ավելի մեծ է ամենահարուստ տնային տնտեսությունների 20%-ին պատկանող երեխաների համեմատությամբ: Այս տվյալները սքողում են այն հսկայական տարբերությունները, որ առկա են տարբեր տարածաշրջանների և առանձին երկրների միջև: Օրինակ, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ու ԱՊՀ երկրների ամենաաղքատ երեխաների դեպքում, տարրական դպրոցից դուրս մնալու հավանականությունը 1.5 անգամ ավելի է: Այդուհանդերձ, նույնիսկ մեկ տարածաշրջանի սահմաններում տարբերությունները խիստ զգալի են: Մոլդովայում և Ղազախստանում ամենաաղքատ տնային տնտեսությունների երեխաների՝ տարրական դպրոցից դուրս մնալու հավանականությունը առնվազն հինգ անգամ ավելի մեծ է:

Երեխայի դպրոց հաճախելու հավանականության համար մեկ այլ վճռորոշ հանգամանք է այն, թե արդյոք ինքը մայրն ստացել է որևէ տեսակի կրթություն: Այն երեխաների դեպքում, որոնց մայրերը կրթություն չեն ստացել, ավելի քան երկու անգամ ավելի է մեծ է դպրոցից դուրս մնալու հավանականությունը, քան որևէ տեսակի կրթություն ստացած մայրերի երեխաների դեպքում: Այս հանգամանքը վկայում է հնարավորինս շատ և հնարավորինս շուտ աղջիկների և ապագա մայրերի դպրոց գնալու կարևորության մասին, ընդ որում քաջալերելով ուսումը դպրոցում շարունակելը մինչև ավարտելը:

Դպրոց գնալու երեխաների հնարավորությունը մասամբ պայմանավորված է նրանով, թե որտեղ են նրանք ապրում: Զարգացող երկրների գյուղական վայրերի երեխաների ամբողջ 30%-ը դպրոց չի գնում, իսկ քաղաքային վայրերի՝ 18%-ը: Գյուղական վայրերում ամենատարբեր պատճառներից մեկը կարող է լինել ամենամոտ դպրոցը հասնելու համար շատ երկար ճանապարհ անցնելու անհրաժեշտությունը, մեկ այլ պատճառ է ծնողների անգրագետ լինելը, մի երրորդ պատճառ էլ կարող է լինել այն, որ լավ ուսուցիչները հաճախ գյուղական վայրեր չեն գնում աշխատելու: Արդյունավետ կրթական բարեփոխում կատարելու համար հարկավոր է լավ իմանալ տվյալ երկրի ներսում եղած տարբերությունները, ընդ որում այդ դեպքում իմացությունը տարբեր երկրների միջև եղած զանազանությունների մասին քիչ է օգնում:

Չնայած վերջին տարիներին Հայաստանը ցուցաբերել է տնտեսական կայուն աճ, որի շնորհիվ ֆինանսական ավելի մեծ հատկացումներ են ուղղվում սոցիալական ոլորտին, ներդրումների ծավալը այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպիսիք են առողջապահությունն ու կրթությունը, դեռևս փոքր է մնում: 2004թ.ին կրթության համար հանրային ծախսումները ներկայացնում էին ՀՆԱ-ի ընդամենը 2.5%-ը: Տոկոսային այս հարաբերությունը զգալիորեն ավելի ցածր է համեմատած տարածաշրջանի բազմաթիվ այլ երկրների հետ, իսկ որպես ՀՆԱ-ի մաս՝ ավելի ցածր է, քան 1990-ականների կեսերին: Գնահատելի է, որ 2005-2006թթ. պետական բյուջեում նկատելիորեն ավելացել է ֆինանսավորումը կրթության ոլորտի համար, մասնավորապես ուսուցիչների աշխատավարձերի մասով, որը հուսով ենք կունենա իր շարունակությունը:

Հարգելի բարեկամներ

Հայաստանում երեխաների կրթության իրավունքի իրականացման համար անհրաժեշտ է չորս քայլ կատարել:

Առաջինը՝ ապահովել, որ բոլոր երեխաները պատրաստ լինեն դպրոց գնալու համար: Դրա համար հարկավոր է, որ նրանց մուտքը կյանք լինի նպաստավոր, այսինքն ստանան անհրաժեշտ պատվաստումներ, պատշաճ սնուցում և մեծանան հոգատար ու պաշտպանված միջավայրում: Անհավանական է, որ հիվանդ ու թերսնված երեխան, որը քիչ կամ ոչ մի մտավոր կամ զգացմունքային խթան չի ստացել, դպրոցում լավ զարգանա:

Ահա թե ինչու, ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանում խրախուսում և օժանդակում է երեխաների առողջապահական, սնուցման ու զարգացման ծրագրեր: 1989թ.ի համեմատությամբ, նախադպրոցական հաստատություններ ընդունված երեխաների թիվը նվազել է գրեթե երկու անգամ: Կոպիտ հաշվարկով, Խորհրդային Միության փլուզումից հետո երկու անգամ էլ պակասել են նախադպրոցական ծառայությունները: Մենք պետք է փորձենք վերադարձնել այս տենդենցը: Փորձը ցույց է տալիս, որ նախադպրոցական հաստատություն հաճախած երեխան ավելի լավ է սովորում տարրական դպրոցում, ավելի քիչ հավանական է, որ դուրս կմնա դպրոցից և առավել հավանական է, որ դասերին կհաճախի կանոնավոր կերպով:

Երկրորդ՝ մենք պետք է զբաղվենք ներառման հարցերով: Անհրաժեշտ է ապահովել, որ ոչ միայն բոլոր երեխաներն ընդունվեն դպրոց, այլև շարունակեն մնալ դպրոցում մինչև այն ավարտելը կամ գոնե հիմնական կրթությունն ավարտելը: Չնայած տարրական դպրոց ընդունված թե՜ աղջիկների և թե՜ տղաների բացարձակ թիվը Հայաստանում շարունակում է բարձր լինել, երկրում կան համայնքներ, որտեղ դպրոց ընդունվածների, հատկապես աղջիկների, թիվը հետ է մնում: Այստեղ կարող են օգնել հասարակական մոբիլիզացման քարոզարշավները և ծնողների ուսուցման ծրագրերը, իսկ ՅՈՒՆԻՍԵՖ-ն օժանդակում է բազմաթիվ այդպիսի նախաձեռնություններին: Սակայն ակտիվ նախաձեռնողները պետք է լինեն հենց դպրոցներն ու համայնքները, որ հայտնաբերելով դպրոց չհաճախող երեխաներին և ստուգելով այն խոչընդոտները, որոնք այդ երեխաներին հեռու են պահում դպրոցից, վերացնեն դրանք, որպեսզի երեխաները վերադառնան դասարան:

Երրորդ՝ հարկավոր է հետևողականորեն շարունակել կրթությունն այսօր երեխաների կարիքներին առավել համապատասխան դարձնելու գործընթացը: Երեխայակենտրոն մոտեցման սկզբունք ունեցող մեթոդաբանությունը պետք է խորապես արմատավորվի ուսումնական ծրագրերում: Ուսուցիչներն արժանի են պատշաճ կերպով վարձատրվելու իրենց կատարած անչափ կարևոր աշխատանքի համար, դպրոցների շենքերը պետք է լավ պահպանվեն, և ավելի շատ միջոցներ պետք է հատկացվեն այնպիսի հիմնական պարագաների համար, ինչպիսիք` դասագրքերն են:

Չորրորդ քայլը պահանջում է երկար, ծանր հայացք հենց դպրոցների պայմանների վրա,այն բանի, թե որքանով են համապատասխան բնակչության կարիքներին և ինչ չափի բնակչության են դրանք սպասարկում: Ճիշտ այնպես, ինչպես երեխաները պետք է պատրաստ լինեն դպրոցի համար, դպրոցներն էլ պետք է պատրաստ լինեն երեխաների համար:

Հուսով ենք ձեր համագործակցությունը այս կարևոր հարցերի լուծման գործում շարունակական կլինի:

Շնորհակալություն:

 

 
Search:

 Email this article

unite for children