|
|
Հայտարարություն Երեխաների իրավունքների պաշտպանության գործողությունների ազգային պլանի իրականացման առաջին վերանայման վերաբերյալ
Նախարարներ, դեսպաններ, մարզպետներ, հարգարժան հյուրեր
Ինձ համար պատիվ է այսօր գտնվել այստեղ՝ այսպիսի երևելի ընկերակցությամբ:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը պատիվ ունի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ հյուրընկալել այս կարևոր հանդիպումը՝ Երեխաների իրավունքների պաշտպանության գործողությունների ազգային ծրագրի իրականացման քայլերը վերանայելու համար, որը հայտնի է ԳԱԾ անունով:
ԳԱԾ-ի ընդունումը 2003թ.ին հիմնական ուղենիշը դարձավ Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանությանն ու կարիքների բավարարմանն ուղղված կառավարության ինտեգրացված երկարաժամկետ ծրագրի համար:
Ձեր հիշողությունը թարմացնելու համար նշեմ, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ 2002թ. կայացած երեխաներին նվիրված հատուկ նստաշրջանում Հայաստանի կառավարությունը այլ պետությունների կառավարությունների հետ մեկտեղ խոստացավ ստեղծել ազգային գործողությունների ծրագիր, որպեսզի հատուկ նստաշրջանում հնչած հզոր բառերն ու մտադրությունները վերածվեն կոնկրետ գործողությունների: Դրան հաջորդած տարում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անմիջական ղեկավարությամբ կառավարությունը մշակեց 10-ամյա ծրագիր, որն ամփոփում էր 2004-2015թթ.համար նախատեսված բոլոր գործողությունները: Ես համոզված եմ, որ ծրագիրն ամուր հիմք է հանդիսանում երեխաների իրավունքների իրականացմանը համահունչ Հազարամյակի զարգացման նպատակներին հասնելու համար:
Կապված լինելով Հայաստանի աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի հետ, Երեխաներին ուղղված գործողությունների ազգային ծրագիրը մանկական աղքատության հաղթահարման լավագույն միջոց է հանդիսանում: Աղքատության ամենավատ դրսևորումների վերացումը միայն բարոյական հրամայական չէ: Դա նաև գործնական ու շատ միջոցներ չպահանջող հնարավորություն է և սկսվում է երեխաներին ուղղված ներդրումների իրականացմամբ:
ԱՀՌԾ-ն, մասնավորապես, կոչ է անում հանրային ավելի մեծ ծախսումներ կատարել առաջնային առողջապահական ծառայությունների, երեխաների պաշտպանության համակարգերի ուժեղացման համար, դրանց համապատասխան մարմիններ հիմնելով ազգային ու տեղական մակարդակներում, ավելի շատ ծախսումներ անել բոլորին հավասարապես մատչելի բարձր մակարդակի հանրակրթական համակարգ ստեղծելու համար: Այս բոլորը Երեխաներին ուղղված գործողությունների ազգային ծրագրի անբաժան մասն են:
Անցած տասնամյակում հսկայական քայլեր են արվել մեր երկրում երեխաների կյանքի բարելավման համար։ Մասնավորապես՝
- Մինչև հինգ տարեկան և նորածնային մահացությունը նվազել է գրեթե կրկնակի չափով.
- Կանխարգելիչ պատվաստումներն այժմ հասնում են 90 տոկոսի, և Հայաստանը հայտարարվել է պոլիոմիելիտից ազատ երկիր.
- Արդյունավետ պայքար է մղվում սննդարար նյութերի պակասությունների դեմ, յոդացված աղի միջոցով ներառյալ, որն այժմ սպառվում է Հայաստանի տնային տնտեսությունների 80 տոկոսի կողմից.
- Տարրական դպրոց ընդունվող երեխաների թիվը պահպանվել է հետևողականորեն բարձր մակարդակում, թեև ավելի շատ աշխատանք է պետք տանել նախադպրոցական ծառայությունների վերականգնումն ապահովելու համար, դեռևս շատ են անելիքները միջնակարգ դպրոցից դուրս մնացող երեխաների հարցը կարգավորելու համար.
- Վերջապես, զգալի աշխատանք է կատարվել տեղական օրենսդրությունը Երեխայի իրավունքների կոնվենցիային և այլ միջազգային համաձայնագրերին ու չափորոշիչներին համապատասխանեցնելու ուղղությամբ` սոցիալական բարեկեցության բարեփոխումների, ընտանեկան, աշխատանքային և քրեական օրենսգրքերում փոփոխություններ ու լրացումներ կատարելու միջոցով:
Ավելին, մեզ համար ՅՈՒՆԻՍԵՖ-ում ուրախալի է տեսնել վերջին տարիներին իրականացվող բյուջետային հատկացումները բազմաթիվ սոցիալական ծրագրերի համար, որը հուսով ենք նշանակում է, որ ավելի շատ երեխաներ ու կանայք կօգտվեն ավելի որակյալ առողջապահական ծառայություններից, ավելի շատ երեխաներ կստանան ավելի որակյալ տարրական կրթություն և ավելի շատ երեխաներ կկարողանան օգտվել Երեխաների իրավունքների կոնվենցիայով երաշխավորված իրենց իրավունքներից: Սակայն չնայած այս բոլոր խրախուսիչ զարգացումներին, դեռևս մնում են մի շարք չլուծված խնդիրներ:
Դժբախտաբար, երեխաների տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքների համար այսօր հատկացվող միջոցները բավարար չեն և չեն համապատասխանում միջազգային չափորոշիչներին: Այսպես, 2002թ. հանրային ծախսումները կրթության համար կազմում էին ՀՆԱ-ի ընդամենը 1.9%, իսկ առողջապահության ոլորտի համար նույնիսկ ավելի վատ՝ ՀՆԱ-ի 1.1%-ը: Այս տոկոսները շատ ավելի ցածր են համեմատած տարածաշրջանի բազմաթիվ այլ երկրների հետ, իսկ որպես ՀՆԱ-ի մաս, ավելի ցածր են, քան 1990-ականների կեսերին:
Հայտնի է, որ երեխաների համար կատարված ներդրումները բավականին արդյունավետ են, սակայն պետք է նկատի ունենալ, որ այդ ներդրումներից օգուտներ են ստացվում միայն այն դեպքում, երբ նախաձեռնությունները համապատասխանում են միջոցներին և քաղաքական կամքին և պահպանվում են երկար ժամանակ:
Երեխաներին ուղղված գործողությունների ազգային ծրագրում ամրագրված հայտարարագրերի իրագործման համար անհրաժեշտ են սոցիալական ծրագրերին հատկացվող իրատեսական բյուջեներ: Երեխաների բարեկեցության, այս երկրի ապագայի ապահովումը պետք է դիտարկվի բյուջետային գործընթացի կենտրոնական մասում և պարբերական գնահատումներ պետք է անցկացվեն բյուջետային հատկացումների ազդեցության վերաբերյալ:
Չնայած Հայաստանը զգալի առաջընթաց է կատարել իր օրենսդրության բարելավման և երեխաների համար ապահով միջավայրի ստեղծման գործում, դեռևս ճեղքվածք կա ներկայիս պաշտոնական հայտարարագրերի, փորձի և ընթացակարգերի միջև: Ավելի շատ աշխատանք է հարկավոր կատարել բոլոր ոլորտներում, ապահովելու, որպեսզի ընդունված օրենքներն ուղեկցվեն դրանց իրականացման գործնական ուղեցույցներով և ֆինանսական ու մարդկային ռեսուրսների հատկացումով:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը և այլ գործընկերներ, օրինակ, աշխատել են նախարարությունների հետ մշակելու այնպիսի ծրագրեր, օրինակ համայնքային արտագնա ծառայություններ ռիսկի ենթակա երեխաների ու ընտանիքների համար, որոնք կարող են կասեցնել կարիքավոր երեխաներին հաստատություններում տեղավորելը: Սակայն այդօրինակ նախաձեռնությունների կայունության համար, դրանք ի վերջո պետք է իրականացվեն պետական բյուջեի միջոցների հաշվին:
Հարգելի բարեկամներ,
Եթե մենք իսկապես ցանկանում ենք, որ իրավիճակը երեխաների համար փոխվի և Հազարամյակի զարգացման նպատակները իրականություն դառնան, հզոր գործընկերությունները իսկապես էական նշանակություն ունեն: ՅՈՒՆԻՍԵՖ-ը կշարունակի աշխատանքը Հայաստանի կառավարության, Եվրոմիության, Համաշխարհային Բանկի, ՄԱԿ-ի գործակալությունների, երկկողմ դոնորների և ՀԿ-ների հետ Երեխաների իրավունքների պաշտպանության գործողությունների ազգային ծրագրի լիարժեք ու արդյունավետ իրականացումն ապահովելու համար:
Որոշ կառավարություններ արդյունավետ են համարում Գործողությունների ազգային ծրագրի իրականացմանը հետևող բարձր պաշտոնյաներից կազմված միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծումը, որին մասնակցում է նաև համայնքի ներկայացուցիչ: Սա մոդել է, որը գուցե ցանկանաք քննարկել այստեղ:
Քաղաքացիական հասարակությունը նույնպես էական դեր է խաղում երեխաների հարցը առաջ տանելու գործում: Մեր ջանքերից պտուղ քաղելու համար մենք պետք է թակենք ամեն մի տան դուռը, որպեսզի ընտանիքներին ու համայնքներին դարձնենք մեր ամենահանձնառու դաշնակիցները: Եվ այստեղ է, որ ՀԿ-ների իմացությունն ու հմտությունները անհրաժեշտություն են դառնում:
Ամփոփելով իմ կողմից հիշատակած մի քանի կարևոր հարցերը, կկամենայի նշել առաջնահերթ նշանակության կոնկրետ գործողությունները, որոնցից են մասնավորապես՝
- Բյուջեի հատկացումների ավելացումը սոցիալական ծրագրերին, որը հնարավորություն կտա ապահովել Գործողությունների ազգային ծրագրի միջոցառումների արդյունավետ իրականացումը.
- Այնպիսի մեխանիզմների հաստատումը, որոնք հնարավորություն կտան ընդունված օրենքները ծառայեցնել երեխաների համար երկարաժամկետ արդյունքների ձեռքբերմանը.
- Այնպիսի մարմնի ստեղծումը, որը կոորդինացնի, մոնիտորինգի ենթարկի և գնահատի Գործողությունների ազգային ծրագրի իրականացումը.
- Քաղաքացիական հասարակության գործընկերների ուժեղացումը, որպեսզի կարողանան շարունակել քարոզչությունը հանուն երեխաների իրավունքների և բարձրացնեն հասարակության իրազեկությունը այդ իրավունքների վերաբերյալ:
Ես միանգամայն համոզված եմ, որ մեր երեխաների կյանքը բարելավելու ընդհանուր գաղափարի շուրջ միավորված, այսօրվա հավաքում մենք ոչ միայն կվերահաստատենք այս երկրում երեխաների իրավունքները պաշտպանելու մեր հանձնառությունը, այլև կքննարկենք կոնկրետ աշխատանքներ, որոնք կօգնեն ապահովելու Երեխաների իրավունքների պաշտպանության Գործողությունների ազգային ծրագրի համապարփակ իրականացումը:
Շնորհակալություն:
|