Տեղեկատվական կենտրոն

Մամլո հաղորդագրություններ

Պաշտոնական հայտարարություններ

 

Հանրաճանաչ Հայ Երգչուհին Նշանակվեց ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի Բարի Կամքի Դեսպան

Երևան, 18-ը ապրիլի 2007թ. - Հայաստանի ճանաչված երգչուհի Ալլա Լևոնյանը այսօր միացավ աշխարհի շուրջ 200 հանրահայտ մարդկանց ցուցակին, որոնք համագործակցում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ` քարոզելով երեխաների իրավունքների պաշտպանությունը:
"Մենք ընտրել ենք Ալլա Լևոնյանին` որպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի Բարի Կամքի Դեսպան, ոչ միայն իր տաղանդի և հանրաճանաչության համար, այլ նաև իր կողմից ցուցաբերած պատրաստակամության` աջակցելու Հայաստանի երեխաների իրավիճակի բարելավմանը, որը նա իրականացրել է` մասնակցելով տարբեր բարեգործական միջոցառումներին և ծրագրերին` ուղղված խոցելի խմբի երեխաների պաշտպանությանը", - նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ պրն. Շելդոն Յեթը այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:
"Հայաստանի տարբեր տարիքի մարդիկ սիրում են Ալլա Լևոնյանի երաժշտությունը: Մենք ՅՈՒՆԻՍԵՖ-ում հուսով ենք, որ Ալլա Լևոնյանի ձայնը կօգնի մեզ` հասարակության ուշադրությունը բևեռելու Հայաստանի երեխաների ամենակարևոր խնդիրների վրա":
Շնորհավորելով Ալլա Լևոնյանին պաշտոնական նշանակման կապակցությամբ` պրն. Շելդոն Յեթը հանձնեց նորանշանակ Բարի Կամքի Դեսպանին ՅՈՒՆԻՍԵՖ-ի վերնաշապիկը և գլխարկը, որոնք խորհրդանշում են նրա մասնակցությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի առաքելությանը, այն է` ապահովել, որ յուրաքանչյուր երեխա լինի առողջ, կրթված և պաշտպանված:
"Ես իսկապես զգացված եմ այս նոր և պատասխանատու դերը ստանձնելու համար: Մինչ օրս ես պատասխանատու էի միայն իմ երկու երեխաների համար, այժմ, արդեն, ես պատասխանատվություն եմ զգում Հայաստանի բոլոր երեխաների համար: Ես անհամբերությամբ սպասում եմ, որ սկսեմ իրականացնել այն, ինչ կարող եմ, որպեսզի երեխաների հիմնախնդիրները միշտ մնան հասարակության ուշադրության կենտրոնում",- նշեց Ալլա Լևոնյանը:
Ալլա Լևոնյանը ճանաչված և հարգված երգչուհիներից է Հայաստանում, որի յուրահատուկ ձայնը և տաղանդը գերում են ոչ միայն հայ ունկնդրին: Նա մեծ նվիրաբերություն է կատարել Հայաստանում հատուկ կարիքներով անձանց համար` նրանց տրամադրելով իր համերգներից և ձայներիզների վաճառքից ստացված հասույթը:
"Մենք համոզված ենք, որ Ալլա Լևոնյանը մեծապես հարգված և արդյունավետ Բարի Կամքի Դեսպան կլինի ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի համար, որը կկարողանա օգտագործել իր տաղանդը և հանրաճանաչությունը` հանուն Հայաստանի երեխաների բարօրության",-նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը:


ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը հիմնավորվել է Հայաստանում 1994թ.: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը լիազորված է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից նպաստել երեխաների իրավունքների պաշտպանությանը, աջակցել երեխաների հիմնական կարիքների բավարարմանը և ընդլայնել հնարավորությունները իրենց ներուժի լիարժեք զարգացման համար:

 

 
Search:

 Email this article

unite for children