Երկրաշարժերից Պաշտպանված Դպրոցները Փրկում են Մարդկային Կյանքեր
Մարտի 13-14-ը ՅՈՒՆԻՍԵՖ-ը ՄԱԿ-ի Աղետների Հետևանքների Նվազեցման Միջազգային Քարտուղարության և Կենտրոնական Ասիայի Եկրաշարժերի դեմ Պաշտպանվածության Նախաձեռնության հետ համատեղ, կազմակերպել էր "Երկրաշարժերից պաշտպանված դպրոցներ" երկօրյա քննարկումը: Ներկա էին ՀՀ Կրթության և Գիտության նախարարության, Կրթության Ազգային Ինստիտուտի, Ճգնաժամային Կառավարման Ակադեմիայի, Հայկական Կարմիր Խաչի ներկայացուցիչներ, ինչպես նաև դպրոցի տնօրեններ և ուսուցիչներ: Մասնակիցները քննարկեցին այն հարցը, թե ինչպես կարող են դպրոցներն ու համայնքները ավելի լավ պատրաստված լինել երկրաշարժերի ժամանակ: Այս քննարկումը ֆինանսավորվել էր Եվրոպական Համայնքի Հումանիտար Գրասենյակի կողմից: "Աղետները, այդ թվում երկրաշարժերը, կարող են տեղի ունենալ ցանկացած պահին և ցանկացած վայրում: Քաջ գիտակցելով դրանց հետևանքները երեխաների, ընտանիքների և համայնքների վրա` մենք պարտավոր ենք նախապես պատրաստվել դրանց դիմակայելու և ոչ թե արձագանքելու այն ժամանակ, երբ դրանք պատահում են",-նշեց պրն. Շելդոն Յեթը` ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը Հայաստանում: Կրթական հաստատությունները և համապատասխան վերապատրաստում անցած դպրոցի տնօրենները, ուսուցիչները և երեխաները կարևոր դեր պետք է ունենան երկրաշարժերի դեմ պատրաստվածության և դրանցից առաջացած հնարավոր հետևանքները մեղմացնելու գործում: "Մենք լավ գիտենք, որ այն համայնքները, որոնց սպառնում է երկրաշարժը, պետք է ունենան ամուր դպրոցներ` որպեսզի փրկեն երեխաների կյանքը: Այսուամենայնիվ, համայնքների մասնակցությունը և կրթությունը հավասարապես կարևոր են երկրաշարժերի հնարավոր հետևանքները մեղմացնելու և արդյունավետ պաշտպանվածության ծրագրեր մշակելու համար: Ավելին, տեղական իշխանությունների, արտակարգ իրավիճակների մասնագետների և կրթական համայնքի հետ արդյունավետ հաղորդակցությունը և համագործակցությունը կարևորագույն գործոններից մեկն է հանդիսանում այս հարցում",-նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը: Երեխաները նույնպես փոխանցում են դպրոցում ստացված գիտելիքները իրենց համայնքի մյուս անդամներին: ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ ՀՀ Կրթության և Գիտության նախարարությունը ներկայացրել է "Կյանքի Հմտությունները" հանրակրթական պետական ծրագրում: Կյանքի հմտությունների վրա հիմնված կրթությունը զինում է երեխաներին ճիշտ կողմնորոշվելու, ճիշտ որոշումներ կայացնելու, արդյունավետ հաղորդակցվելու, ինչպես նաև խնդիրների լուծման և ինքնակառավարման հմտություններով: "Կյանքի Հմտությունները" նաև պարունակում է աղետների դեմ պատրաստվածության դասեր: Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաև այլ կարևոր հարցեր, այդ թվում դպրոցի տնօրենների, ինչպես նաև ուսուցիչների և այլ համայնքային ներկայացուցիչների դերը աղետների դեմ պատրաստվածության պլաններ մշակելու և շտապ գործնական քայլեր ձեռնարկելու գործում` նախքան փրկարար ծառայության ժամանելը: "Անհրաժեշտ է, որպեսզի Կրթության և Գիտության նախարարությունը և Կրթության Ազգային Ինստիտուտը սերտորեն համագործակցեն Ճգնաժամային Կառավարման Ակադեմիայի հետ` աղետների դեմ պատրաստվածության և վաղ արձագանքման գործում դպրոցի տնօրենների և ուսուցիչների գիտելիքները և հմտությունները ամրապնդելու և զարգացնելու համար",- նշեց Կրթության Ազգային Ինստիտուտի փոխտնօրեն` պրն. Վարդան Ղանդիլյանը` ավելացնելով, որ արդեն առկա են բազմաթիվ ռեսուրսներ աղետների դեմ պատրաստվածության և վաղ արձագանքման վերաբերյալ: "Միջազգային փորձը և Հայաստանում 1988թ. տեղի ունեցած աղետալի երկրաշարժը ցույց տվեցին, որ հաճախ երկրաշարժերի ժամանակ ամենից շատ տուժում են դպրոցի երեխաները", ասաց պրն. Շելդոն Յեթը: ՅՈՒՆԻՍԵՖ-ը հիմնավորվել է Հայաստանում 1994թ.: ՅՈՒՆԻՍԵՖ-ը լիազորված է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից` նպաստել երեխաների իրավունքների պաշտպանությանը, աջակցել երեխաների հիմնական կարիքների բավարարմանը և ընդլայնել հնարավորությունները իրենց ներուժի լիարժեք զարգացման համար:
|