Տեղեկատվական կենտրոն

Մամլո հաղորդագրություններ

Պաշտոնական հայտարարություններ

 

Առավել խոցելի դեռահասների և երիտասարդների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումը՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում են

Երևան, 30 հունվարի 2007թ. - Համաձայն այսօր հրապարակված հետազոտության ար¬դյունք¬ների, Հայաստանի 10-24 տարեկան առավել խոցելի դեռահասները և երիտասարդները չունեն բավարար գիտելիք¬ներ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից պաշտպանվելու համար:
ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ բազմաոլորտային կազմ ունեցող խմբի կողմից կատարված այս հետազոտությունն արժեքավոր տվյալներ է ներկայացնում առավել խոցելի դեռահասների և երի¬տասարդների, այդ թվում՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների, հակասոցիալական վարք դրսևորած երեխաների, ներարկային թմրամիջոցներ օգտագործողների, թմրամիջոցներ օգտագործողների, մարմնավաճառների և հոմոսեքսուալ տղամարդկանց շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ իրազեկության մակարդակի, խոցելիության և նրանց կարիքների վերաբերյալ:
"Այս հետազոտությունը կարևոր է, քանզի փաստեր է տրամադրում այն մասին, որ վարակվելու առավել բարձր վտանգի ենթարկվողները՝ խիստ անբավարար գիտելիքներ ունեն իրենց իսկ խոցելիության վերաբերյալ և այն քայլերի մասին, որոնք պետք է ձեռնարկել՝ սպառնացող վտանգը նվազեցնելու համար: Հետազոտությունը հստակ նշում է, որ ռիսկային խմբերին հասցեագրված տեղեկատվական քարոզարշավներն ու այլ միջոցառումները՝ չափազանց կարևոր են Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածումը հսկելու համար" նշեց իր բացման խոսքում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Շելդոն Յեթը:
"Առավել խոցելի դեռահասների և երիտասարդների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի արագ գնահատման և համաճարակի դեմ հակազդեցության ձևավորման" արդյունքներով ՄԻԱՎ-ի փոխանցման և կանխարգելման վերաբերյալ գիտելիքներ ունեն երիտասարդ (15-24 տարեկան) մարմնավաճառների միայն 30%-ը, ներարկային թմրամիջոցներ օգտագործողների 40%-ը և հոմոսեքսուալ տղամարդկանց 48,5%-ը:
Հետազոտությունից պարզ է նաև, որ խնամքի պետական հաստատություններում բնակվող 10-24 տարեկան երեխաների և երիտասարդների միայն 12%-ը բավարար գիտելիքներ ունի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման միջոցների մասին: Նմանատիպ տվյալներ են գրանցվել նաև հակասոցիալական վարք դրսևորած երեխաների շրջանում:
Հետազոտության արդյունքների ու առաջարկությունների հիման վրա մշակված ՀՀ-ում առավել խոցելի և առավել վտանգի ենթարկված դեռահասների ու երիտասարդների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման վերաբերյալ 2007-2011թթ. երկրի առանձնահատկություններին բնորոշ ռազմավարական պլանը հավանության է արժանացել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի (ՄՀՀ-ի) կողմից և ներառվել ՀՀ-ում 2007-2011թթ. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրում, որը ներկայացված է ՀՀ կառավարություն` վերջնական հաստատման համար:
    Հետազոտության առաջարկվող առանձին միջոցառումներից են.
  • Երիտասարդների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացումը` թե՛ տեղեկացնելու և թե՛ երիտասարդներին տեղեկատվական քարոզարշավներում և հավասարը՝ հավասարին մեթոդով ուսուցման միջոցառումներում ներգրավելու միջոցով:
  • Դպրոցներում, և հատկապես կյանքի հմտությունների դասավանդման շրջանակներում, ՄԻԱՎ-ի վերաբերյալ հարցերի առավել բաց քննարկման ապահովում:
  • Առավել խոցելիներին ուղղված և հստակ գենդերային շեշտադրում ունեցող քաղաքականության իրականացում:
  • Երիտասարդների համար հասանելի և բարյացակամ առողջապահական և խորհրդատվական ծառայությունների ստեղծում:
  • Վարակակիրների և վարակվելու վտանգին ենթարկվողների մոտեցումների որդեգրում:
"Այլ երկրների փորձից քաղված դասերը վկայում են, որ ռիսկի խմբերում հիվանդության տարածման դեմ առավել արագ և արդյունավետ միջոցառումների իրականացման ձախողումը բերում է վարակի անկառավարելի տարածմանը՝ բնակչության լայն շրջանում", նշեց Շելդոն Յեթը: "Եկել է գործելու ժամանակը":

 

 
Search:

 Email this article

For every child
Health, Education, Equality, Protection 
ADVANCE HUMANITY