Կանանց իրավունքների ընդլայնումը նպաստում է երեխաների բարեկեցությանըԵրևան, 11-ը դեկտեմբերի - Գենդերային խտրականության վերացումը և կանանց իրավունքների ընդլայնումը դրական ազդեցություն կունենա երեխաների գոյատևման և բարեկեցության հարցում:"Երեխաների Իրավիճակն Աշխարհում" զեկույցը, որը ներկայացվեց այսօր ՅՈՒՆԻՍԵՖ-ի 60 ամյակի կապակցությամբ, նշում է, որ գենդերային հավասարությունը կրկնակի շահավետ է և՛ կանանց և՛ երեխաների համար և մեծ նշանակություն ունի համայնքների, ընտանիքների և ազգերի առողջության ու զարգացման համար: "Կանանց կրթված և ուժեղ լինելը, ինչպես նաև իրենց մասնակցությունը կարևոր որոշումների կայացման հարցում նպաստում է իրենց իսկ երեխաների հիմնարար կրթության ձեռքբերմանը, նրանց առողջության ու սնուցման հարցերի բարելավմանը, ընտանիքի եկամտի բարձրացմանը և քաղաքացիական հասարակության բարգավաճմանը",-նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ պրն. Շելդոն Յեթը "Երեխաների Իրավիճակն Աշխարհում 2007թ." զեկույցի շնորհանդեսի ժամանակ, որը կազմակերպվել էր Հայաստանում նոյեմբերի 25-ին մեկնարկած գենդերային բռնության դեմ քարոզարշավի շրջանակներում: Չնայած Հայաստանը մեծ առաջընթաց է ունեցել կանանց համար հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման հարցում, այսուամենայնիվ, դեռևս մնում են ոլորտներ, որտեղ համատեղ ջանքեր են անհրաժեշտ խտրականությունը և անհավասարությունը վերացնելու համար: Մասնավորապես կանանց թիվը Հայաստանի քաղաքական կառույցներում, ինչպես նաև կենտրոնական և տեղական կառավարության վերադաս պաշտոններում շարունակում է մնալ ցածր: Հայաստանի Ազգային Ժողովի 131 պատգամավորներից միայն յոթն են կանայք: Կառավարությունում 17 նախարարներից միայն մեկն է կին, և ընդհանուր թվով 56 փոխնախարարներից միայն երեքն են կին: Քաղաքականության մշակման վաղ փուլերում կանանց ներգրավումը նպաստում է նրան, որ ծրագրերը մշակվում են` հիմք ընդունելով կանանց և երեխաների կարիքները: Հայաստանի տնտեսության համարյա թե բոլոր ճյուղերում կանայք ավելի ցածր են վարձատրվում, քան տղամարդիկ, մինչդեռ գործազրկության ցուցանիշը կանանց մոտ ավելի բարձր է, քան տղամարդկանց մոտ: Կանանց եկամուտը կարող է զգալի օգուտ բերել երեխաներին և նպաստել երեխաների առողջությանը, պատշաճ սնուցմանը և զարգացմանը: Ազգային փոքրամասնություններով բնակեցված որոշ համայնքներում աղջիկների մոտ 20%-ն անգամ հիմնական կրթություն չի ստանում: "Հիմնական կրթություն չստացած աղջիկները զրկվում են իրենց կարողությունները լիարժեք զարգացնելու հնարավորությունից",-շեշտեց պրն. Շելդոն Յեթը: "Երեխաները, որոնք ծնվում են մայրերից, որոնք ընդհանրապես չեն ստացել կամ ստացել են ոչ բավարար կրթություն, ավելի քիչ հնարավորություն ունեն գոյատևելու և իրենց կարողությունները լիարժեք զարգացնելու, քան այն երեխաները, ում մայրերը կրթված են": Վերջին տարիներին կանանց հանդեպ բռնությունը մեծ մտահոգություն է առաջացրել Հայաստանում: "Դժբախտաբար կանանց դեմ բռնության, հատկապես ընտանեկան բռնության դեպքերի մեծ մասը չի գրանցվում և չկան հուսալի տվյալներ բռնության զոհ դարձած կանանց թվի վերաբերյալ",-նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը` ավելացնելով, որ "գենդերային բռնության դեմ ներկայիս քարոզարշավը ոչ միայն կոչված է ի հայտ բերելու Հայաստանում կանանց հանդեպ խտրականության դրսևորումները, այլ նաև գործնական քայլեր ձեռնարկելու կյանքի տարբեր ոլորտներում կանանց կարգավիճակը բարելավելու համար": Հազարամյակի Զարգացման 3-րդ նպատակը` գենդերային հավասարության օժանդակումը և կանանց իրավունքների ընդլայնումը, նույնպես կնպաստի մյուս բոլոր նպատակների իրականացմանը, դրանք են` աղքատության և սովի վերացումը, երեխաների մահացության նվազեցումը, մայրական առողջության բարելավումը, հիմնական կրթության համատարած ապահովումը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և այլ հիվանդությունների հաղթահարումը և շրջակա միջավայրի պահպանումը: "Անհրաժեշտ է կանանց կարգավիճակը բարելավել հետևյալ երեք հիմնական ուղղություններում`ընտանիքում, աշխատավայրում և քաղաքական դաշտում: Վերոնշյալ ասպարեզներից ցանկացած մեկում բարելավումը կազդի կանանց հավասարության վրա այլ ասպարեզներում և դրական կանդրադառնա երեխաների բարեկեցության և զարգացման վրա",-նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը: 2006թ. ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը նշում է իր 60 ամյակը` որպես աշխարհում երեխաների պաշտպանությամբ զբաղվող առաջատար կազմակերպություն, որի նպատակն է ստեղծել աշխարհ հարմար երեխաներին: ՅՈՒՆԻՍԵՖ-ը աշխատում է 156 երկրներում` աջակցելով երեխաների առողջության և պատշաճ սնուցման, բոլոր տղաների և աղջիկների համար որակյալ հիմնական կրթության ապահովման, ինչպես նաև բռնության, չարաշահման և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ երեխաների պաշտպանության հարցում: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը հիմնավորվել է Հայաստանում 1994թ.: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը լիազորված է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից նպաստել երեխաների իրավունքների պաշտպանությանը, աջակցել երեխաների հիմնական կարիքների բավարարմանը և ընդլայնել հնարավորությունները իրենց ներուժի լիարժեք զարգացման համար:
|