ՅՈՒՆԻՍԵՖ-ը ողջունում է արտերկրյա որդեգրման մասին Հաագայի կոնվենցիայի վավերացումը Հայաստանի կողմիցԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի, 2006թ. - ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր ստորագրեց երեխաների պաշտպանության և արտերկրյա որդեգրման գործընթացներում համագործակցության մասին Հաագայի կոնվենցիան,որը վավերացվել է Ազգային Ժողովի կողմից 2006թ. Հոկտեմբերի 23-ին: Հաագայի կոնվենցիան սահմանում է միջազգայնորեն համաձայնեցված նվազագույն պայմանների և ընթացակարգերի մի շարք, որի նպատակն է կառավարել արտերկրյա որդեգրումները, երբ երեխան տեղափոխվում է մի երկրից, որը ստորագրել է վերոհիշյալ կոնվենցիան, մեկ այլ ստորագրող երկիր:"Հայաստանի կողմից այս միջազգային փաստաթղթի վավերացումը ցույց է տալիս այս երկրի պատրաստակամությունը,այն է` ապահովել Հայաստանից որդեգրվող երեխաների համար համապատասխան հիմնական երաշխիքների և ընթացակարգերի ստեղծումը",-նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ պրն. Շելդոն Յեթը: "Վավերացնելով այս կոնվենցիան` Հայաստանը միացել է շուրջ 70 երկրներին, որոնք միասին ջանում են երաշխավորել յուրաքանչյուր երեխայի հիմնական շահերը, հատկապես երբ խոսքը գնում է արտերկրյա որդեգրման մասին": Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան, որին Հայաստանը նույնպես միացել է, պարզ կերպով նշում է, որ յուրաքանչյուր երեխա իրավունք ունի խնամք ստանալու իր իսկ ծնողների կողմից: ՅՈՒՆԻՍԵՖ-ը գտնում է, որ ընտանիքները, որոնք իրենց երեխաներին խնամելու համար օգնության կարիք ունեն, պետք է ստանան այդ օգնությունը, և որ երեխայի խնամքի համար նախատեսված այլընտրանքային ձևերը պետք է հաշվի առնվեն միայն այն դեպքում, երբ երեխայի ընտանիքը բացակայում է, կամ էլ անկարող է, կամ էլ չի ցանկանում հոգ տանել նրա մասին: Երեխայի արտերկրյա որդեգրումը խնամատարության բազմաթիվ ձևերից մեկն է և կիրառվում է այն դեպքում, երբ երեխային հնարավոր չէ որդեգրել իր հայրենի երկրի ընտանիքում: Այսուամենայնիվ, յուրաքանչյուր երեխայի շահերը միշտ պետք է առաջնային տեղում լինեն: Վերջին տարիներին հարուստ երկրներից երեխա որդեգրել ցանկացող ընտանիքների թիվը զգալիորեն աճել է: Մյուս կողմից թույլ վերահսկողությունը կարող է ստեղծել մի իրավիճակ, երբ երեխայի հիմնական շահերը անտեսվեն: Կոնվենցիայի նպատակն է համագործակցություն ստեղծել երեխայի ծննդավայրի և որդեգրող երկրի միջև, որպեսզի ապահովել երեխայի հիմնական շահերի պաշտպանությունը և կանխել չարաշահումները, ինչպես օրինակ` թրաֆիքինգը: "Հայաստանը որդեգրել է երեխաների բարեկեցությանն ուղղված բարեփոխումների ուղին` ընդունելով ընտանիքի մասին նոր օրենքը, փոփոխություն կատարելով երեխաներին վերաբերող հիմնական օրենսդրության մեջ և ստեղծելով երեխայի իրավունքների պաշտպանության մարմիններ ազգային և մարզային մակարդակներում: Հայաստանի կողմից այս կոնվենցիային միանալը ևս մեկ անգամ մատնանշում է կառավարության պատրաստակամությունը` ապահով միջավայր ստեղծել Հայաստանի երեխաների համար",-նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը: "Կոնվենցիայի արդյունավետ և լիակատար իրականացման համար այժմ կարևոր է ստեղծել համապատասխան մեխանիզմներ": Հաագայի կոնվենցիան ներառում է դրույթներ, որոնց համաձայն արտերկրյա որդեգրումը հաստատվում է համապատասխան մարմինների կողմից, որը կկանխի անօրինական եկամուտների ձեռքբերումը`դրանում ներգրավված անձանց կողմից: Այս դրույթները նախ և առաջ կոչված են պաշտպանելու երեխաներին և միաժամանակ երաշխիք են հանդիսանում ապագա որդեգրող ծնողներին, որ իրենց երեխան անօրինական գործողությունների չի ենթարկվել: ՅՈՒՆԻՍԵՖ-ը հիմնավորվել է Հայաստանում 1994թ.: ՅՈՒՆԻՍԵՖ-ը լիազորված է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից նպաստել երեխաների իրավունքների պաշտպանությանը, աջակցել երեխաների հիմնական կարիքների բավարարմանը և ընդլայնել հնարավորությունները իրենց ներուժի լիարժեք զարգացման համար:
|