Տեղեկատվական կենտրոն

Մամլո հաղորդագրություններ

Պաշտոնական հայտարարություններ

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՀՀ Կառավարությունը Կարևորում և Խրախուսում են Ազգային Փոքրամասնությունների Կրթությունը

ԵՐԵՎԱՆ, սեպտեմբերի 1 - ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը համախմբեցին իրենց ջանքերը` սեպտեմբերի 1-ին կազմակերպելով միջոցառում, որի նպատակն էր կարևորել և խրախուսել Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների կրթությունը: "Որակյալ և հիմնարար կրթություն ստանալու իրավունքը յուրաքանչյուր համայնքի երեխայի հիմնական իրավունքներից մեկն է",- նշեց ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ պրն. Շելդոն Յեթը նոր ուսումնական տարվա բացման արարողության ժամանակ, որը տեղի ունեցավ քրդերով բնակեցված Ալագյազ գյուղում: Լավագույն ներդրումը, որ երկիրը կարող է անել, դա ներդրումն է իր քաղաքացիների կրթությանը: Կրթությունը միջոց է, որի շնորհիվ երեխաները կարող են հաղթահարել աղքատությունը և լիովին մասնակցել իրենց համայնքի կյանքին:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը նշեց, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը խրախուսում է ազգային փաքրամասնությունների կրթությունը` տրամադրելով նրանց մայրենի լեզվով դասագրքեր և վերապատրաստելով դպրոցների ուսուցիչներին:
ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ կազմակերպված միջոցառումը հանդիսանում է "Ողջու՜յն Դպրոց" ծրագրի մի մասը, որի ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ը տրամադրեց գրենական պիտույքներ և ուսումնական ու սպորտային պարագաներ եզդիական և քրդական համայնքների դպրոցներին:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացրած` Հայաստանում ազգային փոքրամասնությունների կրթության վերաբերյալ հետազոտությունը ցույց տվեց, որ խոցելի համայնքների երեխաները կրթության հետ կապված լուրջ խնդիրներ ունեն: Այս երեխաների հաճախումների ցուցանիշը բավականին ցածր է համահանրապետական միջին ցուցանիշից: Ավելին, 8-րդ դասարանից հետո դպրոցը թողնող այս երեխաների թիվը բավականին մեծ է:
"Շատ դեպքերում այս իրավիճակը արդյունք է այդ համայնքներում գերակշռող վերաբերմունքների և կարծիքների", - ասաց պրն. Յեթը` ավելացնելով, որ, "ծնողները երբեմն նախընտրում են, որ երեխան գնա աշխատանքի և վաստակի գումար, քան թե թույլ տան երեխային նստել դասերին":
Ստեղծված իրավիճակում հատկապես տուժում են աղջիկները: Հետազոտությունը բացահայտել է, որ 8-րդ դասարանից հետո ուսումը չշարունակող երեխաների մեծ մասը կազմում են աղջիկները:
Ազգային փոքրամասնությունների կրթության հանդեպ ունեցած ավանդական վերաբերմունքը, այսուամենայնիվ, միակ խոչընդոտը չէ: ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՀՀ Կառավարությունը հասկանում են, որ այն ծնողների համար, որոնք պատրաստ են իրենց երեխաներին դպրոց ուղարկել, վերջինս պետք է ունենա պատշաճ պայմաններ և վերապատրաստում անցած մասնագետների հմուտ անձնակազմ, շեշտեց պրն. Յեթը: "Ցավոք, այսօր շատ դպրոցներ հիմնական պարագաների և սարքավորումների, ինչպես նաև հմուտ մասնագետների պակաս ունեն: Շատ երեխաներ, հատկապես նրանք, ովքեր ապրում են գյուղական վայրերում, ստիպված են մի քանի հոգով օգտվել մի դասագրքից, որը շատ հաճախ հնամաշ և հնացած է լինում":
ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը նաև նշեց, որ, "Այսօր բոլոր երեխաներին դպրոց ներգրավելն ու համապատասխան որակյալ կրթությամբ ապահովելը զգալի դիվիդենդներ կերաշխավորի վաղվա սերունդների համար":
ՀՀ Կառավարության հետ համատեղ ՅՈՒՆԻՍԵՖ-ը փորձում է լուծել այս խնդիրները` խոցելի համայնքներում գտնվող դպրոցներին ուսումնական պարագաներ տրամադրելու, ուսուցիչներին վերապատրաստելու, դպրոցներում ինտերակտիվ ուսուցման մեթոդները խրախուսելու և կրթության ու երեխաների բարեկեցության բարեփոխումներին ակտիվորեն մասնակցելու միջոցով:
"ՀՀ Կառավարությունը միշտ հատուկ ուշադրություն է ցուցաբերել ազգային փոքրամասնությունների կարիքներին: Միջազգային կազմակերպությունների, մասնավորապես ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը փորձել է լուծումներ գտնել ազգային փոքրամասնությունների կրթական խնդիրներին: Մենք կարողացել ենք հասնել մեր առջև դրված նպատակներին արդեն այս տարի` ֆինանսավորելով 3 ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքների դպրոցների վերանորոգումը", նշեց ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Բագրատ Եսայանը` ավելացնելով, որ "ազգային փոքրամասնությունների համայնքներին ցուցաբերվող աջակցությունը կշարունակվի":
Կարևորելով կրթությունը և խրախուսելով բոլոր երեխաներին դպրոց հաճախել` ՅՈՒՆԻՍԵՖ-ը փորձում է արագացնել Հազարամյակի Զարգացման Նպատակներին հասնելու գործընթացը, որը Հայաստանը միջազգային հանրության հետ միասին պարտավորվել է իրականացնել մինչև 2015թ.:


ՅՈՒՆԻՍԵՖ-ը հիմնավորվել է Հայաստանում 1994թ.: ՅՈՒՆԻՍԵՖ-ը լիազորված է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից նպաստել երեխաների իրավունքների պաշտպանությանը, աջակցել երեխաների հիմնական կարիքների բավարարմանը և ընդլայնել հնարավորությունները իրենց ներուժի լիարժեք զարգացման համար:

 

 
Search:

 Email this article

For every child
Health, Education, Equality, Protection 
ADVANCE HUMANITY