Տեղեկատվական կենտրոն

Մամլո հաղորդագրություններ

Պաշտոնական հայտարարություններ

 

Թռչնի գրիպի դեմ պաշտպանության լավագույն միջոցը ընտանիքների իրազեկումն է

ՆՅՈՒ ՅՈՐՔ/ԺՆԵՎ/ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի, 2006թ. - Այսօր ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) հայտարարեց, որ թռչնի գրիպի տարածման կանխումը ուղղակիորեն կախված է այդ հիվանդության մասին ընտանիքների և երեխաների իրազեկության աստիճանից:
"Չնայած այն փաստին, որ մարդկանց վարակման դեպքերը հազվադեպ են, ընտանիքն առաջինն է, ում պետք է պաշտպանել հնարավոր համաճարակից" ասաց ՅՈՒՆԻՍԵՖ-ի Գործադիր Տնօրեն տկն. Անն Մ. Վենեմանը, նշելով, որ երեխաները շատ են տուժել թռչնի գրիպից:
Մարդկանց մոտ թռչնի գրիպի դեպքերը հաստատած յոթ երկրներից վեցի տվյալներով երեխաները կազմել են ընդհանուր վարակվածների մոտ կեսը - 45% (Վիետնամում վարակված երեխաների վերաբերյալ տվյալները բացակայում են: Ընդհանուր առմամբ այդ երկրում գրանցվել է 93 դեպք):
Երեխաների ռիսկային իրավիճակում գտնվելու պատճառներից մեկը կայանում է նրանում, որ նրանք, հատկապես աղջիկները, խնամում են ընտանի թռչուններին, կերակրում դրանց, մաքրում հավաբները և հավաքում ձվերը: Երեխաները կարող են նաև շատ մոտ շփում ունենալ թռչունների հետ, քանի որ վերջիններս դիտվում են երեխաների կողմից որպես ընտանի կենդանիներ ինչպես շունը կամ կատուն: "Ընտանիքները պարտադիր կերպով պետք է ստանան մատչելի տեղեկություն հիգիենայի և թռչունների հետ վարվելու վերաբերյալ" ասաց Վենեմանը:
Ընտանիքներին հարկավոր է իմանալ հետևյալ կարևոր գործոնները.
  • տեղական իշխանություններին հաղորդել հիվանդ կամ սատկած թռչունների մասին
  • թռչուններին պահել երեխաներից և բնակության վայրից հեռու
  • վիրուսը վերացնելու համար հաճախակի օճառով լվանալ ձեռքերը
  • ուտել միայն լավ եփած թռչունների միս

Վենեմանն ասաց, որ չնայած նրան, որ ներկայումս թռչնի գրիպի ամենամեծ վտանգը սպառնում է գյուղատնտեսությանը, երեխաները նույնպես տարբեր ճանապարհներով տուժում են այդ վիրուսից:
"Թռչնի գրիպի բռնկումն ընտանի թռչունների մեջ նշանակում է, որ ընտանիքները կորցնում են սննդի և եկամուտի մի շատ կարևոր աղբյուր" ասաց Վենեմանը: "Սա կարող է բացասական ազդեցություն ունենալ նրանց առողջության և կրթության մատչելիության վրա: Եկամուտի կտրուկ անկման պատճառով, ընտանիքները երբեմն չեն կարողանում դպրոց ուղարկել իրենց երեխաներին կամ վճարել անհրաժեշտ բժշկական ծառայությունների համար":
Թռչնի գրիպի հարցերով ՄԱԿ-ի համակարգող Դեյվիդ Նաբարոն ասաց, որ թռչնի գրիպի տարածումը կանխելու համար անհրաժեշտ է, որ ռիսկային իրավիճակում գտնվող ընտանիքներն ունենան անհրաժեշտ տեղեկություն, ինչպես նաև համապատասխան ֆինանսական աջակցություն:
"Համաճարակը կանխելու և տնտեսական կորուստները նվազեցնելու համար անհրաժեշտ է միջազգային կազմակերպությունների, կառավարությունների, մասնավոր սեկտորի, լրատվամիջոցների և տեղական համայնքների համագործակցությունը և պատասխանատու մոտեցումը" ասաց Նաբարոն: "Ռիսկային իրավիճակում գտնվող ընտանիքներն իրավունք ունեն օգնություն ակնկալել մեզանից":
ՄԱԿ-ի առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տեխնիկական ղեկավարության ներքո ՅՈՒՆԻՍԵՖ-ը սերտորեն համագործակցում է կառավարությունների հետ ընտանիքների գիտելիքները և կարողություններն ամրապնդելու գործում, որպեսզի նրանք կարողանան պաշտպանել իրենց և ընտանի թռչուններին թռչնի գրիպից:
ՅՈՒՆԻՍԵՖ-ն օգտագործում է իր բոլոր միջոցներն կարևոր ուղերձները հաղորդելու համար:
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ը սերտորեն համագործակցում է ՀՀ թռչնի գրիպի դեմ պայքարի օպերատիվ շտաբի, ՄԱԿ-ի այլ կազմակերպությունների և հասարակական կազմակերպությունների հետ թռչնի գրիպից պաշտպանվելու և վերջինիս տարածումը կանխելու վերաբերյալ ընտանիքների գիտելիքներն ամրապնդելու գործում:
Մինչդեռ Հայաստանում չի գրանցվել H5N1 թռչնի գրիպի վիրուսի ոչ մի դեպք, տարածաշրջանի այլ երկրներից պարբերաբար ստացվում են տեղեկություններ H5N1 վիրուսի հայտնաբերման նոր դեպքերի մասին, որի պատճառով Հայաստանը դիտվում է որպես ռիսկային իրավիճակում գտնվող երկիր: ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Շելդոն Յեթն ասաց, որ ունենալով ակտիվ հայտնաբերման համակարգ և ծավալելով տեղեկատվական արշավ մասնավորապես ամենախոցելի և հեռավոր համայնքներում, հնարավոր կլինի նվազեցնել համաճարակի վտանգը և դրա հետևանքները տնտեսության վրա: "Մենք չենք կարող սպասել մինչև առաջին դեպքը կարձանագրվի այստեղ" ավելացրեց Յեթը:
ՀՀ թռչնի գրիպի դեմ պայքարի օպերատիվ շտաբի հետ համատեղ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պատրաստեց տեաս և ռադիոհոլովակներ ավելի քան 300,000 թռուցիկներ բնակչության համար, 4000 պաստառներ դպրոցների համար, ուղեցույց, որը կօգնի ուսուցիչներին ներկայացնել առկա խնդիրը աշակերտներին, ինչպես նաև մշակեց ուղեցույց թռչնի գրիպի վերաբերյալ համայնքային աշխատողների համար:
ՀՀ թռչնի գրիպի դեմ պայքարի օպերատիվ շտաբը բացել է նաև "թեժ գիծ" (010) 45 74 21 որով բնակչությունը կարող է հաղորդել հիվանդ կամ սատկած թռչունների մասին:
2003 թվականից ի վեր H5N1 թռչնի գրիպի վիրուսը տարածվեց Ասիայից Եվրոպա, Միջին Արևելքից Աֆրիկա վնաս հասցնելով մոտ 30 երկրներին: Ավելի քան 140 միլիոն տնային թռչուններ ոչնչացվեցին, որը գումարային առումով կազմեց ավելի քան 10 միլիարդ ԱՄՆ դոլար:


ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը հիմնավորվել է Հայաստանում 1994թ.: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը լիազորված է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից նպաստել երեխաների իրավունքների պաշտպանությանը, աջակցել երեխաների հիմնական կարիքների բավարարմանը և ընդլայնել հնարավորությունները իրենց ներուժի լիարժեք զարգացման համար:

 

 
Search:

 Email this article

unite for children