ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՀՀ կառավարությունը կնքում են Լռռվա մարզում երեխայի պաշտպանության համակարգի բարեփոխումների վերաբերյալ համաձայնագիրԵրևան, սեպտեմբերի 23 - ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ), ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և Լոռվա մարզի մարզպետարանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը հիմք կդնի մարզում երեխայի պաշտպանության համակարգի համապարփակ բարեփոխումներին: "Երեխայի պաշտպանության գոյություն ունեցող համակարգը մեծապես հենվում է հաստատությունների համակարգի վրա, որը երեխաներին խնամելու ու պաշտպանելու ընտանիքների կարողությունները ամրապնդելու փոխարեն երեխաներին տանում է դեպի խնամքի հաստատություններ, որտեղ նրանք ապրում են ընտանեկան ու սոցիալական ընդհանուր ցանցից մեկուսացած, այն ցանցից, որն անհրաժեշտ է նրանց առողջ աճի և զարգացման համար" շեշտել է Շելդոն Յեթը` ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչը Հայաստանում:Փոխըմբռնման հուշագիրը վկայում է Լոռվա մարզի իշխանությունների հանձնառության մասին` որդեգրելու ավելի համապարփակ մոտեցում այն ծառայությունների հանդեպ, որոնք ստեղծված են երեխայի բարօրությունը աապահովելու համար: "Երեխայի պաշտպանության ներկա համակարգը չի կարողանում սիստեմատիկ կերպով վեր հանել, հաշվետու լինել և ուղղորդել երեխաների չարաշահման, անտեսման ու շահագործման դեպքերը առողջապահության, կրթության, արդարադատության և ոստիկանության ոլորտում աշխատող համապատասխան մարմիններին: Հետևաբար երեխաների իրավունքների այս խախտումները մնում են անհայտ և երեխաները հետևողականորեն չեն ուղղորդվում դեպի համապատասխան ծառայություններ," ասել է պարոն Յեթը: Հայաստանում երեխայի պաշտպանության համակարգի բարեփոխումները 2003թ. կառավարության կողմից ընդունված Երեխաների պաշտպանության ազգային գործողությունների տասնամյա ծրագրի ամենառազմավարական հենասյուներից են և սերտորեն կապված են Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի հետ: "Սա երկարաժամկետ գործընթաց է, որը շեշտադրում է հետևալ ուղղությունը. օգնել ծառայություններին աջակցելու ընտանիքներին` երեխաների խնամքի ու պաշտպանության իրենց կարևորագույն դերի իրականացման գործում: Այն ներառում է մոնիտորինգային համակարգերի ամրապնդում և կապեր ազգային ու տեղական մակարդակում աշխատող հաստատությունների միջև," նշեց ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչը` ավելացնելով "նման բարեփոխումները հավանական է, որ մի քանի տարի տևեն:" Լոռվա մարզի երեխայի պաշտպանության համակարգի բարեփոխումները սկսվել են 2004թ.` "Ծրագրավորման նկատմամբ մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցման (ՄԻՀԾ)" ներմուծմամբ, մի մոտեցում, որը ներկայացնում է ոչ թե պարզապես կարիքների վերհանում, այլ մարդկանց հմտությունների ամրապնդում, այն մարդկանց, որոնց իրավունքները չեն ապահովվում առողջապահական, կրթական, սոցիալական, կամ տնտեսական ոլորտներում` նպատակ ունենալով նրանց հնարավորություն տալու` պահանջելու իրենց իրավունքների իրականացումը: Մոտեցումը օգնում է գնահատելու և վեր հանելու առկա բացերը և գերակայությունները և մշակելու ռազմավարություններ` դրանց ուղղությամբ: ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը անցկացրել է ազգային, մարզային և համայնքային մակարդակում աշխատող քսան փորձագետների ուսուցում` ՄԻՀԾ գործիքների գործնական կիրառման նպատակով: ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի աջակցությամբ այս փորձագետները անցկացրել են Լոռվա մարզում երեխաների իրավիճակի վերլուծություն: Հիմնվելով այս վերլուծության արդյունքների վրա` մշակվել է փոփոխությունների վերաբերյալ առաջարկ, որը անդրադառնում է երեխաների պաշտպանության համակարգի բացերին: Փոփոխությունների վերաբերյալ առաջարկի իրականացումը երեխաներին ուղղված ծառայությունները կդարձնի ավելի համապարփակ, հետևողական ու նպատակաուղղված, ինչպես նաև կօգնի այնպիսի մեխանիզմների մշակմանը, որոնք կկանխարգելեն, վեր կհանեն ու կարձագանքեն երեխաների իրավունքների ոտնահարման դեպքերին` բոլոր մակարդակներում: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը հիմնավորվել է Հայաստանում 1994թ.: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը լիազորված է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից նպաստել երեխաների իրավունքների պաշտպանությանը, աջակցել երեխաների հիմնական կարիքների բավարարմանը և ընդլայնել հնարավորությունները իրենց ներուժի լիարժեք զարգացման համար:
|