Տեղեկատվական կենտրոն

Մամլո հաղորդագրություններ

Պաշտոնական հայտարարություններ

 

ՄԱԿ-Ի մանկական հիմնադրամը ողջունում է Հայաստանի ձեռքբերումները երեխաների համար պաշտպանող միջավայր ստեղծելու գործում

Երևան, 14 ապրիլի 2005թ. - ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամը (UNICEF) ողջունում է Հայաստանի կողմից երեխայի իրավունքների կոնվենցիային կից զինված հակամարտություններում երեխաների ներգրավվման մասին կամընտիր արձանագրության և երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի վերաբերյալ Աշխատանքի Միջազգային Կազմակերպության (ILO) 182-րդ կոնվենցիայի վավերացումը: Այս երկու փաստաթղթերը, որոնք վավերացվել են ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2005 թ. մարտի 21-ին, ստորագրվել են ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը կողմից ապրիլի 13-ին:
"Այս երկու միջազգային փաստաթղթերի վավերացումը ուղի է հարթում երեխաների իրավունքների պաշտպանության ազգային տասնամյա ծրագրի իրագործման համար: Սա մի կարևոր քայլ է Հայաստանի երեխաների համար "պաշտպանող միջավայր" ապահովելու գործում",- ասաց ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն` Շելդոն Յեթը:
Զինված հակամարտություններում երեխաների ներգրավման մասին կամընտիր արձանագրությունը պատերազմական գործողություններում երեխաների ներգրավվման նվազագույն տարիքը երեխայի իրավունքների մասին կոնվենցիայում նշված 15 տարեկանից բարձրացնում է մինչև 18 տարեկան: Այն նաև բարձրացնում է զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցնող երեխաների տարիքը 15-ից մինչև 18 տարեկան և սահմանում 15 տարեկանը որպես նվազագույն տարիք կամավոր զինվորական ծառայություն անցնելու համար:
"Հարյուր հազարավոր երեխաներ ներգրավվում են աշխարհի տարբեր մասերում տեղի ունեցող հակամարտությունների մեջ", ասաց պարոն Յեթը: "Վավերացնելով վերոհիշյալ արձանագրությունը, Հայաստանը երաշխավորում է, որ այս երկրի երեխաները երբեք չեն ներգրավվի պատերազմական գործողություններում և հետևաբար չեն անցկացնի իրենց կյանքի մնացած մասը` շարունակաբար տառապելով հակամարտությունների հետևանքներից":
Զինված հակամարտություններում երեխաների ներգրավվման մասին կամընտիր արձանագրությունը վավերացրել են 89 երկրներ, այդ թվում` Հայաստանը:
Աշխատանքի Միջազգային Կազմակերպության 182-րդ կոնվենցիան կոչ է անում մասնակից երկրներին ձեռնարկել անհետաձգելի միջոցառումներ` 18 տարեկանից ցածր բոլոր երեխաներին դուրս բերելու այնպիսի աշխատանքներից, որոնք վնասակար են նրանց առողջության և արժանապատվության համար:
ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի տվյալներով ամբողջ աշխարհում 250 միլիոն երեխաներ ընդգրկված են ծանր աշխատանքներում: Նրանցից շատերն աշխատում են սարսափելի պայմաններում, հանքավայրերում կամ գործ ունեն վտանգավոր քիմիական նյութերի և սարքերի հետ:
"Նրանք ամենուր են, սակայն` անտեսանելի, ասում է պարոն Յեթը: Նրանք ստրուկի նման աշխատում են տներում, քրտնաջան աշխատում են արհեստանոցների պատերի ետևում և ցեխի մեջ խրված` հողն են մշակում":
"Աշխատող երեխաները էլ ավելի են ամրացնում զրկանքների դաժան շղթան: Նրանք համատարած աղքատության վառ ցուցանիշն են հանդիսանում: Աշխատող երեխաները դպրոց չեն հաճախում, վատառողջ են և առավել ենթակա են հոգեբանական և ֆիզիկական բռնությանը, ինչը հետևաբար զրկում է ապագա սերունդներին իրենց կարողությունների լիարժեք իրականացման հնարավորությունից":
Տարեսկզբին ընդունված Հայաստանի նոր աշխատանքային օրենսգիրքը հիմնականում համապատասխանում է Աշխատանքի Միջազգային Կազմակերպության 182-րդ կոնվենցիային և երեխաների աշխատանքը կարգավորող այլ միջազգային փաստաթղթերին:
"ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը համագործակցում է ՀՀ կառավարության հետ երախաների համար որակյալ ուսում ապահովելու գործում",- շեշտեց պարոն Յեթը:
Սակայն անհրաժեշտ է նաև սերտորեն համագործակցել համայնքների հետ, որպեսզի երեխաներն ու ծնողները տեսնեն որ դպրոցի տարբերակը, անշուշտ, ավելի նախընտրելի է քան աշխատելու հեռանկարը: Հայաստանը 154-րդ երկիրն է, որը վավերացրել է Աշխատանքի Միջազգային Կազմակերպության 182-րդ կոնվենցիան:
2005 թ. մարտի 19-ին Հայստանի Հանրապետությունը վավերացրել է նաև երեխայի իրավունքների կոնվենցիային կից երեխաների վաճառքի, մարմնավաճառության և պորնոգրաֆիայի մասին կամընտիր արձանագրությունը:


ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը հիմնավորվել է Հայաստանում 1994թ.: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը լիազորված է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից նպաստել երեխաների իրավունքների պաշտպանությանը, աջակցել երեխաների հիմնական կարիքների բավարարմանը և ընդլայնել հնարավորությունները իրենց ներուժի լիարժեք զարգացման համար:

 

 
Search:

 Email this article

unite for children