UNICEF-ը ողջունում է Երեխայի վաճառքի, երեխայի մարմնավաճառքի և երեխայի պոռնոգրաֆիայի մասին կամընտիր արձանագրության վավերացումըԵՐԵՎԱՆ, 21 մարտի 2005 թ. – Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2005 թ. մարտի 19-ին ստորագրել է Երեխայի իրավունքների կոնվենցիային կից Երեխայի վաճառքի, երեխայի մարմնավաճառքի և երեխայի պոռնոգրաֆիայի մասին կամընտիր արձանագրությունը, որը վավերացվել է ՀՀ Ազային Ժողովի կողմից 2005թ. փետրվարի 28-ին:"Երեխայի սեռական շահագործումը հանդիսանում է սարսափելի հանցագործություն և երեխաների իրավունքների անհանդուրժելի ոտնահարում: Այս արձանագրության վավերացումը կարևոր քայլ է հանդիսանում այս երկրում սեռական շահագործումից և բռնությունից երեխայի պաշտպանության հարցում", հայտարարեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար պրն. Շելդոն Յեթը: "Վավերացնելով սույն արձանագրությունը Հայաստանը միանում է միջազգային համագործակցությանը այս գլոբալ հանցագործությունը կանխարգելելու նպատակով:" Վերոհիշյալ արձանագրությունը վերաբերում է մինչև 18 տարեկան երեխաներին և պարտավորեցնում է վավերացնող պետություններին քայլեր ձեռնարկել երեխաների սեռական շահագործումը և վաճառքը կանխարգելելու, հետազոտելու և պատժելու ուղությամբ, ինչպես նաև ապահովել այդ հանցագործությունների զոհերին համապատասխան խորհրդատվությամբ և ընձեռել վերականգնման հնարավորություն: "ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գնահատմամբ ամեն տարի աշխարհում ավելի քան մեկ միլիոն երեխա Է ներգրավվում բազմա-միլիարդ դոլարանոց սեռական արևտրում, չնայած դժվար է ներկայացնել ճշգրիտ վիճակագրություն, քանի որ այս ոլորտը գաղտնի բնույթ է կրում: Պարզ է, որ դա համընդհանուր աղետ է, որը իր բացասական ազդեցություն ունի աշխարհի բոլոր երկրների, այդ թվում Հայաստանի, վրա", - նշեց պրն. Յեթը: Սեռական շահագործման ենթարկված երեխաները ավելի խոցելի են դառնում բռնության, թմրանյութերի չարաշահման, հիվանդությունների, այդ թվում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հանդեպ: Վնասը իր հետք է թողնում երկար ժամանակ բռնությունից հետո: Այդ երեխաները տառապում են և ֆիզիկապես, և հոգեպեես և այդ տառապանքը կարող է շարունակվել ամբողջ կյանքի ընթացքում: ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան ընդունել է Երեխայի վաճառքի, երեխայի մարմնավաճառքի և երեխայի պոռնոգրաֆիայի մասին արձանագրությունը 2000 թ., մայիսի 25-ին: Առ այսօր սույն արձանագրությունը վավերացրել են 88 երկրներ, այդ թվում Հայաստանը: "Մենք շարունակելու ենք աջակցել երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված ՀՀ Կառավարության ջանքերին, ինչպես նաև այն միջոցներին, որոնք նպաստում են այս արձանագրության դրույթների իրականացմանը: Ներկայումս ՀՀ Ազգային Ժողովը քննարկում է Երեխայի իրավունքների կոնվենցիային կից զինված հակամարտություններում երեխաների ներգրավման մասին Երկրորդ կամընտիր արձանագրությունը: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը կոչ է անում Հայաստանի իշխանություններին հնարավորինս արագ վավերացնել վերը նշված արձանագրությունը", - շեշտեց պրն Յեթը: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը հիմնավորվել է Հայաստանում 1994թ.: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը լիազորված է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից նպաստել երեխաների իրավունքների պաշտպանությանը, աջակցել երեխաների հիմնական կարիքների բավարարմանը և ընդլայնել հնարավորությունները իրենց ներուժի լիարժեք զարգացման համար:
|