Առողջապահություն

Առողջապահություն

 

Առողջապահություն

© ՅՈՒՆԻՍԵՖ/Հայաստան 2007/Իգոր Դաշեվսկիյ

Խնդիրը

Չնայած Հայաստանում երեխաներին ու մայրերին տրամադրվող առողջապահական ծառայությունների բարելավման վերջին տարիների առաջընթացին, դրանց որակն ու մատչելիությունը, հատկապես գյուղական շրջաններում, դեռևս անբավարար է:

Հայաստանի կառավարությունը ջանքեր է գործադրում հանրային ծախսերը առողջապահության ոլորտում ավելացնելու համար: Վերջին տարիներին որոշակի բարելավումներ եղել են, սակայն պետական բյուջեից առողջապահական ոլորտին ուղղորդվող հանրային ծախսերը որպես ՀՆԱ-ի մաս դեռևս բավարար չեն: 2006թ.ին առողջապահության համար կատարված հանրային ծախսերը կազմում են ՀՆԱ-ի 1.64%-ը (աղբյուրը՝ Հայաստանի միջնաժամկետ ծախսային ծրագիր, 2007-2009թթ.):

Վերջին տարիներին մանկական մահացության գրանցված միտումները բավական չեն Հազարամյակի զարգացման նպատակ 4-ին հասնելու համար: Այս ուղղությամբ գործադրվող ջանքերը հարկավոր է ավելացնել: Ըստ պաշտոնական վիճակագրության, մանկական մահացությունը 2004-2006թթ. ընթացքում 1,000 ծնունդի հաշվով 11.6-ից դարձել է 13.8:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՀՀ առողջապահության նախարարության կողմից 2006թ.ին համատեղ անցկացված պատվաստումների ծածկույթի վերաբերյալ հետազոտության համաձայն, բոլոր պատվաստումներն ստացած երեխաների թիվը նվազել է՝ հասնելով 42%-ի:

2005թ.ին գրանցված մանկական մահացության բոլոր դեպքերը տեղի էին ունեցել շնչական ուղիների սուր վարակների և փորլուծության պատճառով, կազմելով համապատասխանաբար 12.4% և 7.3%, իսկ պերիտանալ մահերը՝ ավելի քան 45%:

Ըստ 2005թ.ի Ժողովրդագրական ու առողջական հետազոտության, մինև 5 տարեկան երեխաների 13%-ը տառապում է քրոնիկ թերսնումից, երեխաների 5%-ը տարիքի համեմատ նիհար է, իսկ 4%-ի քաշը տարիքի համեմատ ցածր է (2000թ.ին անցկացված նույն հետազոտության տվյալները համապատասխանաբար կազմում էին 13%, 2% և 2.6%):

Միաժամանակ 2005թ.ի Ժողովրդագրական ու առողջական հետազոտությունը ցույց է տալիս, որ 6-59 ամսական երեխաների 36.5%-ը (2000թ.ի նույն հետազոտությամբ՝ 23.9%-ը) և կանանց 24.6%-ը (2000թ.ի նույն հետազոտությամբ՝ 12.4%-ը) տառապում են սակավարյունությունից:
Աղքատությունը, հատկապես գյուղական վայրերում, ազդում է նաև մայրերի առողջապահական ծառայությունների որակի և մատչելիության վրա: Եղել են նաև մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման դեպքեր:

Հայաստանի կառավարությունը քայլեր է ձեռնարկել մոր և մանկան առողջապահության ոլորտում դրությունը բարելավելու համար: 2003թ.ին հաստատվեց Մոր և մանկան առողջապահության տասը տարվա ռազմավարություն, և սկսած 2004թ.ից կառավարությունը տարեց տարի ավելացնում է պատվաստանյութերի և ներարկման անվտանգությունն ապահովող նյութերի գնման համար հատկացվող դրամական միջոցները:

Գործողությունը

Մենք Հայաստանի կառավարության հետ համատեղ աշխատում ենք բարելավել առաջնային առողջապահական ծառայությունները, որպեսզի երեխաներն ու կանայք կարողանան ստանալ ժամանակին ու որակյալ բուժում և խնամք:

Մասնավորապես՝

  • ՅՈՒՆԻՍԵՖ-ը պատվաստանյութեր է բերում Հայաստան, ապահովելու, որ երեխաները պաշտպանված լինեն և չհիվանդանան այն հիվանդություններով, որոնք հնարավոր է կանխել պատվաստումներով: Այսօր ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանի երեխաներին պատվաստանյութեր տրամադրող ամենախոշոր միջազգային կազմակերպությունն է: Միաժամանակ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցում է քաղաքականությունների մշակմանը, միաժամանակ իմունացման ու սոցիալական մոբիլիզացման վերաբերյալ վերապատրաստումներ է անցկացնում բուժաշխատողների համար, որը նպաստում է ծածկույթի ավելացմանը:
  • Հայաստանի առողջապահության նախարարության հետ համատեղ ՅՈՒՆԻՍԵՖ-ը մշակում է մոր և մանկան առողջապահության քաղաքականություններ, ռազմավարություններ և ստանդարտներ, բժիշկներին ու բուժքույրերին զինում է տարածված մանկական հիվանդությունների կանխման ու կառավարման, երեխայի աճի ու զարգացման մոնիտորինգի, մոր և մանկան առողջապահության նոր սկզբունքների ներմուծման համար անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով:
  • ՅՈՒՆԻՍԵՖ-ը խթանում է կրծքով կերակրումը՝ որպես մանուկների առողջության և աճի հիմնական նախապայման և այդ ու երեխայի խնամքի մասին ուրիշ կարևոր հարցերի մասին ինֆորմացիա է տարածում ընտանիքների, համայնքների և այլ խմբերի շրջանում:
  • ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է նաև ապահովել, որ Հայաստանի բնակչությունն օգտագործի միայն յոդացված աղ:
  • Բուժաշխատողների համար անցկացվում են մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը կանխելու վերապատրաստումներ:
  • ՅՈՒՆԻՍԵՖ-ն օժանդակում է ծնողական կրթության կենտրոնների հիմնմանը և դրանց գործունեության ծավալմանը առաջնային առողջապահական հիմնարկներում:


Նշանականությունը

  • 2002թ. Հայաստանը հռչակվեց որպես պոլիոմիելիտից զերծ երկիր:
  • Իմունացման ազգային ժամանակացույցում ներմուծվեցին նոր դեղամիջոցներ:
  • Հայաստանն ընդունեց կարմրուկի վերացման ռազմավարություն, որի վերջնական նպատակը մինչև 2010թ. կարմրուկի վիրուսի շրջանառության վերացումն է: Նախատեսված է 2007թ. հոկտեմբերին հասցեագիր 6-27 տարեկան բնակչության շրջանում անցկացնել կարմրուկի և կարմրախտի դեմ զանգվածային արշավ:
  • Մինչև 5 տարեկան երեխաների մահացությունը նվազել է՝ 1,000 ծնունդի հաշվով 1990թ.ի 60-ից հասնելով 35-ի 2002թ.ին, և 29-ի 2005թ.ին:
  • Մինչև 6 ամսականների բացառապես կրծքով կերակրումը 1993թ.ի 1%-ից ցածր ցուցանիշը 2000թ.ին աճել է 30%, իսկ 2005թ.ին՝ 33%:
  • Մայրական մահացությունը յուրաքանչյուր 100,000-ի հաշվով նվազել է, 1999-2001թթ.ին արձանագրված 36-ից հասնելով 25-ի 2002-2004թթ.ին:
  • 2006թ.ին Հայաստանը հռչակվեց որպես պետություն, որտեղ յոդացված աղի համընդհանուր (շուրջ 97%) օգտագործման շնորհիվ յոդի պակասից առաջացող խանգարումները վերացել են:
  • 2003թ.ին կառավարությունը հաստատեց Մոր և մանկան առողջապահության տասը տարվա ռազմավարություն, որն ուղղություն է ցույց տալիս և քայլեր առաջարկում մայրական ու մանկան մահացության նվազեցման, մայրերի ու երեխաների առողջության բարելավման համար՝ համապատասխան առողջապահական ծառայությունների որակն ու մատչելիությունը ապահովելու միջոցով:
  • Հայաստանում ներկայումս գործում է մանկանը բարեհաճ 18 ծննդատուն (որոնց բաժին է ընկնում երկրի բոլոր ծննդատներում ընդունվող տարեկան ծնունդների 45%-ը) և մանկանը բարեհաճ 8 պոլիկլինիկա:
  •  

     
    Search:

     Email this article

    For every child
Health, Education, Equality, Protection 
ADVANCE HUMANITY