Կրթություն
.jpg) |
|
© ՅՈՒՆԻՍԵՖ/Հայաստան 2007/Իգոր Դաշեվսկիյ |
Խնդիրը
Հայաստանում այլ հանրային ծառայությունների հետ միասին տուժել է կրթությունը: Թեև հանրակրթությանն արվող բյուջեի հատկացումները որպես ՀՆԱ-ի մաս 2002թ.ի 1.2%-ի համեմատ ավելացել են, 2006թ. կազմելով 2.75% (աղբյուրը՝ Հայաստան. միջնաժամկետ ծախսային ծրագիր 2007-2009թթ.), դրանք հիմնականում օգտագործվել են ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման համար:
Կրթության ոլորտին տրամադրվող սահմանափակ հանրային հատկացումները և իրենց սուղ բյուջեներով դպրոցները պահելու համայնքների անկարողությունը հանգեցրել է դպրոցական շենքերի վիճակի վատթարացմանը, որից տուժել է պաշտոնական կրթության որակը ամբողջ երկրի մակարդակով: Դպրոցներում ու հատկապես գյուղական ու սահմանային վայրերի հնարավորություններից զուրկ համայնքների դպրոցներում զգացվում է ուսուցողական և դասավանդման նյութերի պակաս:
Թեև ուսումը տարրական և միջնակարգ դպրոցում անվճար է, միևնույնն է թանկ է կարիքավոր ընտանիքների համար: Այն, որ դպրոցական նյութերի և լրացուցիչ պարապմունքների համար անհրաժեշտ է վճարել, անհավասար պայմաններ է ստեղծում տարրական կրթության և առաջարկվող որակի մատչելիության առումով:
Նախադպրոցական տարիքի երեխաների մոտ 80 տոկոսը նախադպրոցական հաստատություն չի հաճախում աղքատության կամ նախադպրոցական հաստատությունների բացակայության պատճառով: Շատ մանկապարտեզներ փակվեցին այն բանից հետո, երբ կառավարությունը որոշում ընդունեց դրանք տեղական համայնքների պատկանելությանը հանձնելու մասին, իսկ վերջիններս չկարողացան իրենց սուղ բյուջեներով շահագործել դրանք:
Ճիշտ է, որ համարյա բոլոր երեխաները դպրոց են գնում, բայց փախստականաբնակ և ազգային փոքրամասնությունների համայնքներում աշակերտների բացակայությունները, նույն դասարանում մնալը և դպրոցից դուրս մնալը երկու անգամ գերազանցում են ազային միջին ցուցանիշը:
Դպրոց ընդունվողների շուրջ 25 տոկոսը չի հասնում բարձր դասարաններ, իսկ հաշմանդամ երեխաների մեծամասնության համար հիմնական կրթության մատչելիությունը սահմանափակ է:
Հայաստանը հանձն է առել բարեփոխել կրթության համակարգը, այն համապատասխանեցնելով միջազգային չափանիշների: Երկրում այժմ ընթանում է անցումը 12-ամյա կրթության: Չնայած կրթության բարեփոխումների իրականացման որոշակի առաջընթացին, հասարակությունը դեռևս լավ չի ընդունում դրանք: Պատճառը ծնողների, ուսուցիչների, դպրոցների տնօրենների, երեխաների և ընդհանրապես լայն հասարակայնության անբավարար տեղեկացվածությունն է երկրում իրականացվող կրթության բարեփոխումների վերաբերյալ: Սա, իր հերթին, հանգեցնում է բարեփոխման ընդհանուր գաղափարի թերըմբռնմանն ու թյուր մեկնաբանությունների և դանդաղեցնում է գործընթացը:
Գործողությունը
Կրթության ծրագրի շրջանակներում մենք աշխատում ենք ապահովել, որ Հայաստանի բոլոր երեխաները դպրոց գնան պատշաճ պատրաստությամբ և որակյալ կրթություն ստանան:
Մասնավորապես՝
- ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցում ու գործուն կերպով մասնակցում է երկրում իրականացվող կրթության համակարգի բարեփոխման գործընթացին և օժանդակում է վարչա-իրավական ծրագրերի մշակմանն ու ներմուծմանը, ինչպես նաև բարեփոխումների անցկացմանը նպաստող իրազեկման ծրագրերի:
- ՅՈՒՆԻՍԵՖ-ը խթանում է դասավանդման ինտերակտիվ մեթոդների ներմուծումը, որոնք կենտրոնական տեղում դնում են երեխային և դասավանդման նոր մեթոդներ է սովորեցնում վերապատրաստողների և ուսուցիչների:
- ՅՈՒՆԻՍԵՖ-ն օժանդակում է դպրոցական ուսումնական ծրագրի բովանդակության բարելավմանը, ներառելով կյանքի հմտությունների վրա հիմնված ուսուցման մեթոդաբանություն:
- Մենք տրամադրում ենք սարքավորում, կահույք և դասագրքեր հնարավորություններից առավել զուրկ դպրոցներին ու մանկապարտեզներին, ինչպես նաև խրախուսում ենք դպրոցականների մասնակցությունը դպրոցի կառավարման և որոշումների ընդունման գործընթացին:
- ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցում է համայնքներում ծնողների և երեխաների համար կենտրոնների ստեղծմանը, որտեղ ծնողները գիտելիքներ են ձեռք բերում երեխաների զարգացման և կյանքի տարբեր փուլերում նրանց կարիքների մասին, տեղեկանում են երեխաների ուսուցումը վաղ հասակում ապահովելու անհրաժեշտության մասին:
- ՅՈՒՆԻՍԵՖ-ը քարոզում է հաշմանդամ երեխաներին լիարժեքորեն ներառել կրթության մեջ և դրա համար խթանում է ներառական և երեխաներին բարեհաճ դպրոցների գործունեությունը, միաժամանակ այդ դպրոցներին տրամադրում է անհրաժեշտ սարքավորումներ և ուսուցողական նյութեր:
Նշանականությունը
Կյանքի հմտությունների վրա հիմնված կրթությունն այժմ գործում է ավելի քան 400 միջնակարգ դպրոցներում, իսկ հայեցակարգը ներառված է ազգային ուսումնական ծրագրում: 2006թ.ին կյանքի հմտությունների վրա հիմնված կրթության շրջանակներում տարրական դպրոց ներմուծվեց "Ես և շրջակա աշխարհը" առարկան:
Ավելի քան 2,000 խնամողներ վերապատրաստվել են նախադպրոցական ուսուցման և խնամքի պրակտիկայի գծով:
ՅՈՒՆԻՍԵՖ-ն օգնել է մշակել և տպագրել ուսուցիչների համար նոր ձեռնարկներ և ուղենիշներ: Դրանցից են "Ուղենիշներ թռչնագրիպի կանխման վերաբերյալ ուսուցիչների համար", "Ուղենիշներ ականների ռիսկի վերաբերյալ ուսուցիչների համար", "Ուղենիշներ երեխաների դաստիարակության և վաղ ուսուցման վերաբերյալ ծնողների համար", "Ուղենիշներ ուսուցիչների համար կյանքի հմտությունները դպրոցի հիմնական առարկաներում ներառելու վերաբերյալ":
Ներկայումս 11 մարզերում և Երևանում գործում են 16 ծնողական ռեսուրս կենտրոններ, որոնք ծնողներին գիտելիքներ և հմտություններ են սովորեցնում մանկան վաղ զարգացման մասին:
Արարատի շրջանի 5 մանկապարտեզներում հաջողությամբ մեկնարկեցին ցածր գներով գործող այլընտրանքային մանկապարտեզներ: Արդյունքում մանկապարտեզ սկսել է հաճախել նախկինում մանկապարտեզ չհաճախող 180 երեխա: Այժմ կառավարությունը մտադիր է ընդլայնել այս պրակտիկան՝ նախադպրոցական ծառայությունները բարելավելով գոյություն ունեցող հաստատություններում և նոր վայրերում, ինչպես օրինակ միջնակարգ դպրոցներում այլընտրանքային ծառայություններ հիմնելով:
Մանկապարտեզներին ցուցաբերվող օժանդակությունը նպաստել է ոչ միայն ընդունվող երեխաների թվի ավելացմանը, այլև առաջարկվող կրթության որակի բարելավմանը: Այդ օժանդակության շրջանակներում նախադպրոցական հաստատությունների աշխատողները վերապատրաստվել են վաղ մանկության զարգացման պրակտիկ աշխատանքերում:
Հատուկ կարիքներ ունեցող ավելի քան 450 երեխաներ հաջողությամբ ընդունվել են երկրի 13 ներառական դպրոց։
Նոր կանոնակարգով գործող աշակերտական խորհուրդները հաստատվել են երկրի բոլոր դպրոցներում, ապահովելով դպրոցականների մասնակցությունը որոշումների ընդունման գործընթացներին: