Վաղ տարիները
 |
|
© ՅՈՒՆԻՍԵՖ/Հայաստան 2007/Իգոր Դաշեվսկիյ |
Սոցիալական հատվածին բյուջեից հատկացվող միջոցների սահմանափակությունը երկրում առաջնային առողջապահական ծառայությունների որակի վրա բացասաբար անդրադարձող կարորագույն գործոններից է: Երեխաները և կանայք ամենից շատ են տուժում առողջապահական համակարգի վատթարացումից:
2005թ.ին Հայաստանում անցկացված Ժողովրդագրական և առողջապահական հետազոտության համաձայն, մինչև 5 տարեկան երեխաների 13%-ը տառապում է քրոնիկ թերսնումից, որը կարելի է վերագրել թե երեխաների նվազագույն սննդակարգն ապահովելու ծնողների անկարողությանը և թե սնուցման ու խնամքի գործելակերպում ծնողների հմտությունների պակասին: Ավելին, ըստ նույն հետազոտության, թերսնման մակարդակը գյուղական վայրերում երկու անգամ գերազանցում է քաղաքային շրջաններում գրանցված մակարդակը: Ընդհանուր հաշվով, 6-59 ամսական երեխաների ավելի քան մեկ երրորդը՝ շրջանների միջև առկա փոքր տարբերություններով տառապում է սակավարյունությունից (Ժողովրդագրական և առողջապահական հետազոտություն, 2005թ.):
Սակայն անցած 5 տարիների ընթացքում Հայաստանում գրանցվել է կանանց ու երեխաներին տրամադրվող առաջնային առողջապահական ծառայությունների բարելավման որոշակի առաջընթաց: Հինգ տարին չլրացած երեխաների մահացության դեպքերը 1991-1995թթ.ի յուրաքանչյուր 1,000 երեխայի հաշվով 60-ից նվազել է 35-ի 2000թ.ին և 30-ի՝ 2005թ.ին:
Ժողովրդագրական և առողջապահական վերջին հետազոտության տվյալներով, տանն ընդունված ծնունդները 2000թ.ի 9%-ից 2005թ.ին հասել են 2%-ի: Բուժաշխատողի օգնությունը ծնունդի ժամանակ Հայաստանում գրեթե համընդհանուր բնույթ ունի (98%):
Սակայն որոշ խիստ կարիքավոր համայնքերում ծնողները երբեմն չեն կարողանում իրենց երեխաների ծնունդը ժամանակին գրանցել վարչական արգելքների և տրանսպորտային մեծ ծախսերի պատճառով:
Հայաստանը իմունացման բարձր մակարդակները կարողացել է պահպանել հիմնականում ՅՈՒՆԻՍԵՖ-ից ստացած օժանդակության շնորհիվ: Երկրում գրանցվել է պատվաստումներով կանխելի հիվանդություններից մահացության կրճատման նշանակալի առաջընթաց, իսկ 2002թ. Հայաստանը հռչակվեց որպես պոլիոմիելիտից զերծ երկիր:
2007թ.ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կսկսի 6-27 տարեկան 1.7 միլիոն բնակչության ուղղված կարմրուկի և կարմրախտի վերացման զանգվածային արշավ:
Հիմնական վիճակագրական տվյալներ (հղիչ)